Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չտարբերակված հատկանիշներ, այսինքն՝ այդ հատկանիշը տարբերակված, որոշակի չէ. օրինակ՝ այսպիսի մարդ բառակապակցության այսպիսի-ն թե լավ է, թե վատ, թե համեստ, թե անհամեստ և այլն, և այլն՝ չունենալով համեմատության աստիճաններ (հմմտ. այսպիսի մարդ, և ջանասեր, ավելի ջանասեր, ամենաջանասեր մարդ), մինչդեռ որակական ածականները հիմնականում ունեն այդ աստիճանները: Այնուհետև. անորոշ դերբայի սեռականը, հարակատարն ու ենթակայական դերբայները ևս «որոշչային» կամ «ածականական» դերբայներ են, օրինակ՝ խմելու ջուր, ուտելու միրգ, հագնելու շոր, ծռմռված կոշիկներ, հասած խնձոր, փտած կարտոֆիլ, վազող ջուր, հոսող ժամանակ, պարող թիթեռնիկ և շատ ուրիշ կապակցություններում այդ բառերը շարահյուսական մակարդակում որոշիչներ են՝ առարկաների հատկանիշ ցույց տվող բառեր, սակայն ածական չեն համարվոում, որովհետև ունեն բային հատուկ քերականական կարգեր: Նախ՝ դրանք ցույց են են տալիս ընթացքային գործողության գաղափար, ունեն սեռի քերականական կարգ, որ հատուկ է միայն բայ խոսքի մասին: Որքան էլ մոտենան ածականներին (տանջված, ամենատանջված, ճնշված, ավելի ճնշված, հարգված, ամենահարգված...), այնուամենայնիվ, դրանք բառիմաստից կախված հատկանիշներ են և ոչ բայից (բայ խոսքի մասին) բխող հատկություններ: Խոսքի մասերի հակադրությունը ամենից առաջ կատարվում է քերականական կարգերով (ունենալ-չունենալու հիմունքով): Այլ բան է, երբ առարկայի հատկանիշն այնքան շեշտված է լինում, որ շարահյուսական հիմունքով (բառագործածման հաճախականության հետևանքով) տեղի է ունենում բառի իմաստային (խոսքիմասային) երկփեղկում: Օրինակ՝ սուր, թթու, մութ, լույս, համալսարանական, հիվանդ, կանաչ, ծեր, պառավ, երիտասարդ և այլ բառեր գրեթե հավասարապես և գոյական են, և ածական (սուր միտք, բայց՝ «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան», թթու խոսք, բայց՝ կաղամբի թթու, պառավ մարդ, բայց՝ Պառավի հավը կորել էր..): Սրանց տարբերակումը, պարզ է, երևան է գալիս որոշակի խոսքում, նախադասության մեջ:

Այնուհետև. մեր լեզվում կան, ասենք, քար սիրտ, հերոս մարդ, պողպատ բռունցք, աղվես մարդ, խոզ բնավորություն և այլն: Դժվար չե նկատել, որ այս կապակցությունների նշված