Jump to content

Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՓ ՄԸ ԵՐԿԻՆՔ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

Քեզմե հեռու, քեզ երգելու
«Մեղքը» երբ որ ես գործեցի,
Ձեռքեըուս իմ դրին շղթա
Ու անարև զիս նետեցին
Նկուղներու մեջ բանտերու։
Ու ես զարկով ոստիկանի
(Անողոք է լեզուն զարկի),
Ինկա թափով նկուղին մեջ
Ուղեղիս մեջ հազար կայծակ,
Դեմքըս ըրի ատելության
Անձեռակերտ խորունկ քանդակ,
Երբ աչքերուս ինկավ հանկարծ
Առաստաղին սևակալած
Փոքրիկ, փոքրիկ պատուհանեն
Ափ մը լազուր, ափ մը երկինք։
Ափ մը երկինք, բանակ մը աչք,
Բանակ մը աչք ընկերներու,
Որոնք այնքան, այնքան ջերմին
Զիս դիտեցին անհագ սիրով…
Ափ մը երկինք, ափ մը լազուր…
Կարծես կապույտն արարատյան
Դարձած աչքը ժողովուրդիս
Պարուրեց զիս սիրագորով…