Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեզի դպրոց տվավ, մամուլ տվավ, ռատիոկայան տվավ, քրտական գրականություն ստեղծելու պայմաններ տվավ, այսպե՞ս պետք Է վիճիս մեզի հետ։

Այսօր Վանը ոչ քուրտին կպատկանի, ոչ ալ հայուն, բայց հայը չի կրնար դադրիլ մտածելե, թե Վանը իրը եղած Է ու իրը պիտի ըլլա պատմության մեկ բախտորոշ շրջանին։ Հասո, լավ կըլլա, որ քու զավակներդ իմ զավակներուս դեմ գալոց այդ օրին զենք չվերցնեն։ Մենք չենք ուզեր հին տետրակներ բանալ ամեն րոպե ու հայ մարդը գրգռել այսինչ կամ այնինչ ժողովուրդին դեմ, բայց, Հասո, դուն ալ գիտես ու բազմահազար քուրտեր այսօր գիտեն, որ թուրքը ձեզ լավագույնս կրցավ օգտագործել մեզի դեմ. ու հետո, կարգը քուրտին եկավ. թուրքը ձեզ ալ ջարդեց պարբերաբար, հայեն «վեջնականապես» ազատելեն հետո։

Այցի կերթամ Սիլվա Կապուտիկյանին մորը, բանաստեղծուհին բացակա Է. բայց մայր Կապուտիկյանը հակառակ իր հառաջացած տարիքին ամուր Է, աշխույժ Է. աչքերը լայն բացած կորսա խոսքերս ու ինչպես ամեն վանեցի ախ մը քաշելե հետո կկրկնե ալ ինծի համար այդ օրերուն սովորական, դարձած ասացվածք մը.— Էն աշխարհում՝ դրախտ, Էս աշխարհում՝ Վան։

Մենք Երևանի մեջ վանեցի հարևան մը ունեինք։ Անոր մայրը շուրջ իննսունամյա կին, ալ չէր կրնար դուրս ելլել տունեն, դարձած էր կորաքամակ ու հակած էր դեպի հողը. խնդրած էր, որ երթամ զինք տեսնեմ։ Գացի։ Իմ պատմածներս լսելե ետք, վանեցի կինը ինծի համար շատ զարմանալի այնպիսի հուզումով երգեց Տլլե յամանը, այնպիսի անուշ ձայնով, որ աչքերս լեցուց արցունքներով. Վանա ծովի ջուրի նման աղի արցունքով։ Տատիկին լեզուն ու ձայնը բացվեցավ. երգերու, Վանի երգերու օղակները շղթա կապեցին այդ գիշեր։ Տատիկ մը, վանեցի իննսունամյա տատիկ մը երիտասարդացավ այդ գիշեր ու երեկոն փակվեցավ, շարունակվելու համար այս տողերով, ցանկությամբը տատիկին. ինչ լավ կըլլար երթայի, մեռնեի մեր Վանա քաղաքին մեջ...

Ճարտարապետ, գրող, նկարիչ, բանվոր, ուսուցիչ, դասախոս,