Jump to content

Էջ:Կոտրած հայելիին ընդմէջէն, Թորոս Թորանեան.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդը թաշկինակով ծծել փորձեց արցունքները ու երբ անկարելի եղավ այդ, կուլ տուաւ իր ցաւին ծուէնները, խածաւ շրթները ու սկսաւ հեծկլտալով.

—Եկել ենք ձեր մօր եղբօրս խնդրով: Դուք լինելու էք մեր ցաւերի բալասանը, ամոքիչը...

Ոչինչ կը հասկնայի:

— Հիմի, հիմի, ներեցէք, համբերէք մի քիչ, մենք ձեզ ամէն ինչ կը պատմենք, ամէ'ն ինչ, դուք կը հասկանաք եւ մեզ կ`օգնէք. ասացէք խնդրեմ, կ`օգնէք չէ՞:

—Բայց անպայման, եթէ կարող եմ:

—Մեզ ասացին թէ դուք Բէյրութում շատ բարեկամներ ունէք:

Ահա իմ եղբայրն էլ Բէյրութում է գտնվում: Նրան տեսել են Բէյրութում:

Բժշկուհին, որ մինչեւ այդ վայրկեանը լուռ էր, փղձկեցաւ.

—Այսքան տարի համբերել եմ, երեխաներս մեծացրել եմ, մարդու չեմ գնացել, Աստծուն է յայտնի թէ ո'նց եմ մեծացրել երեխաներիս, իմ ամուսնու կորստեան ցաւն իմ սրտում ապրել եմ ու ապրեցրել ու տակավին բուժել եմ մեր քաղաքացիներին: Համբերել եմ մինչեւ այսօր, բայց ահա քանի շաբաթ է էլ չեմ կարողանում համբերել. չեմ կարողանում այն օրուանից երբ լսեցի թէ իմ երեխաների հայրը Բէյրութում է, ողջ է, ապրում է, աշխատում...

⁂

Հարս ու տալ, Էմմա ու Վարդ կ՚արտասուեն ու կը պատմեն.

—Էդ գնալն էր, 1941 թուին էր: Գնաց ու չվերադարձաւ:

Սկիզբը նամակներ էինք ստանում իրենից:

«Իրենից»ը մէկուն ամուսինն էր, երկրորդին` եղբայրը: —Մէկ-մէկ բացիկներ էինք ստանում գործող բանակից, դրանք էլ մէկ-մէկ պակասում էին, քանի հեռանում էր ճակատը: Թիկունքում ապրելը դժուարանում էր, լռութիւնը աւելի էր դժուարացնում մեր կեանքը:

Քոյր ու տալ իրարու բերնէ խլելով կը շարունակեն նախադասությունները:

—Երբ պատերազմը փոխադրուեց մեր հողից դուրս, մի քիչ շունչ առանք:

Ապա, փոխնիփոխ, հարս ու տալ տուին վերջին «զեկոյց»ները.

—Մի բացիկ ստացանք Չեխիայից: