Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլորի հետ միասին նա մերկ է, անօթի, անզեն: Հաց չկա, պարեն չկա: Արդեն ձմեռը գալու վրա է, սակայն զորքի համար անհրաժեշտ պատրաստություններ չեն տեսնված»:

Ահա մոտավորապես դրությունը, որ հանգամանորեն նկարագրեց զեկուցանողը: Հետևաբար, վտանգի մեջ է ոչ միայն հեղափոխությունը, այլև բովանդակ պետությունը:

Ի՞նչ ելք գտնել, եթե ոչ չարիքն իսպառ վերացնելու, գոնե դրությունը քիչ-քիչ մեղմելու համար: Երկու միջոցի վրա կանգ առավ ընկ. Վրացյանը: «Առաջին Երկրռւմ ստեղծել մի զորեղ իշխանություն: Իշխանությունը պետք է լինի կոալիցիոն: Հեղափոխության հարած բոլոր տարրերը պետք է ձեռք-ձեռքի տված կազմեն մի կուռ իշխանություն ոչ միայն կենտրոններում, այլև ամենահետին գյուղերում: Դեմոկրատիան պետք է լինի այդ իշխանությանը դաս տվողը, նրա նեցուկն ու գլխավոր հիմքը: Երկրորդ պիտի աշխատել լիկվիդացիայի ենթարկել պատերազմը, որ էապես հանդիսանում է այդ բոլորի աղբյուր: Ներկա պայմաններում, երբ երկրի բոլոր ուժերը քայքայման վերջին ծայրն են հասել, կրկին պնդել այն նշանաբանի վրա, թե պատերազմը պիտի շարունակել մինչև հաղթական վախճանը, այլևս չի կարելի: Պիտի ձգտել պատերազմը վերջացնել, բայց ինչպե՞ս - ահա դժվար հարցը: Անջատ հաշտության մասին խոսք լինել չի կարող, որովհետև ամենից առաջ դա միայն Ռուսաստանից չի կախված: Այսօր Ռուսաստանը կազմում է համաեվրոպական շղթայի միայն մի օղակը, հետևաբար նա միայնակ անկարող է նման մի պատասխանատու քայլ անել առանց իր դաշնակիցների թույլտվության: Նա կարող է անջատ հաշտության մասին մտածել կամ դաշնակիցների հետ միասին և կամ գոնե նրանց համաձայնությամբ: Բացի դրանից, անջատ հաշտությունը կարող է մի նոր պատերազմի պատճառ դառնալ, բայց այս անգամ ուրիշ ռազմաբեմում:

Այո, Ռուսաստանը պիտի ձգտի հաշտության, որովհետև եթե դրությունն այսպես շարունակվի, անկումն անխուսափելի է, բայց դեմոկրատիայի միջոցով, աշխատելով ռուսական դեմոկրատիայի հետ միասին եվրոպական դեմոկրատիան ևս ոտքի հանել հօգուտ հաշտության:

Իսկ մինչ այդ անհրաժեշտ է, Ռուսաստանը վարի ոչ թե հարձակողական, այլև պաշտպանողական պատերազմ ամուր պահելով իր դիրքերը, որովհետև թշնամու առաջխաղացումը ոչ միայն իր գերեզմանն է այլև ազատության գերեզմանը:

Այս խնդիրը կրկնակի նշանակություն ունի մասնավորապես մեզ հայերիս համար - ընդհանուր պետական և մասնավոր ազգային: Հասկանալի է, թե ինչ կլինի մեր վիճակը, երբ ֆրոնտը պարտվի և թշնամու առաջ բաց լինի ճանապարհը: Հետևաբար, մենք, ավելի քան ուրիշները, պետք է ուժ տանք ֆրոնտի ամրացումիս, կռվենք դասալքության դեմ և չխնայենք հնարավոր բոլոր միջոցները թե ֆրոնտի կայունության և թե զորքի ֆիզիկականն ու բարոյականը բարձրացնելու նպատակով»:

Նույնը նաև երկրռւմ զորեղ իշխանություն հաստատելու վերաբերմամբ: Ընկերը գտնում է, որ այդ խնդրում հայերս ևս շահագրգռված ենք, եթե ոչ ուրիշներից ավելի, գոնե և ոչ պակաս: «Հայերս պետք է ողջունենք այս բոլոր քայլերը, որ ժամ[այնակավոր] կառավարությունն անում է այդ ուղղությամբ և աշխատենք ամեն կերպ նպաստել անիշխանության վերացմանը մեր երկրում: Թե մեկ և թե մյուս տեսակետով անհրաժեշտ է, որ նախ մեր մեջ եղած տարբեր հոսանքներն ըմբռնեն պետության ու մեր ազգային շահերը և գործեն ըստ այնմ համերաշխ ձեռք-ձեռքի տված, երկրորդ, որ հայ, թուրք, վրացի հարևանները, իրանց աշխատավոր զանգվածները նույնպես տոգորված լինեն այդ գիտակցությամբ և համերաշխ գործունեության ըմբռնողությամբ»:

Զեկուցումից հետո խոսում են հոսանքների ներկայացուցիչները: Նրանք համաձայն են զեկուցողի հիմնական սկզբունքներին և նրանցից յուրաքանչյուրն