Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դասակարգային շահերից: Հարցը ոչ թե նրա մեջ է, որ հեղափոխությունը պահպանվի, այլ հարկավոր է ստեղծել կառավարություն, որը մեծամասնության համակրությունը գրավի: Անհնարին է մի այնպիսի իշխանություն ստեղծել, որ բոլորի պահանջներին բավարարություն տա: Կառավարության առաջարկած ծրագիրը մեր և բուրժուազիայի համար ընդունելի պիտի լինի, մանավանդ ծայրագ վառների համար: Կոչ եմ անում բոլոր համախոհներին և անկախ քննադատներին: Հայ ժողովրդի մեջ այնպիսի հարցեր են առաջ եկել, որոնք տարաձայնություններ չեն կարող առաջ բերել: Քննադատություն և հակադրություն տարբեր բաներ են: Դաշնակցությունը կարող է քննադատվել, բայց չի կարող հակադրության առաջ գալ: Դաշնակցության դրած հարցերին այնպես են նայում, որ նախաձեռնությունը նրան չի պատկանում, ինչ որ էլ անեն, ինչ հարցերին մոտենան հայ ժողովրդի շահերի տեսակետից:

Ք. Վերմիշյան (հայ ժող. կուսակ. ֆրակցիայի կողմից) նկատում է, որ նախորդ ճառախոսի մեղադրանքներին առիթ չի տրվեւ համագումարում, որ բոլորն եկել են այստեղ համերաշխ գործելու, հաշտության, համագործակցության նպատակով: Քննելով Ռուսաստանի ապրած մոմենտը զինվորական արդյունաբերական, ագրարային տեսակետներից, հռետորը գտնում է, որ այդ ընդհանուր քայքյման մեջ ամենևին մեղք չունի կադետական կուսակցությունը, որ սկզբից ևեթ նախատեսում էր սոցիալիստական, դասակարգային կռվի և հայտարարված լոզունգների այսպիսի հետևանքը: Ագրարային հարցը պետք է լուծվի օրենքով, այլապես նա կդառնա ավազակություն և կսպանի ամբողջ կուլտուրան: Մենք ևս կողմնակից ենք կոալիցիոն կառավարության, բայց դա պետք է լինի անկեղծ ու արտահայտվի գործով: Պետք է ճանաչվի բոլոր քաղաքացիների իրավունքը և ոչ թե առանձին դասակարգերի: Մենք պահանջում ենք զորեղ և միակ իշխանություն և ոչ թե բազմիշխանություն, որ տանում է դեպի անիշխանություն: Ուստի պետք է մերժել «այնքան-որքան» սկզբունքը: Հռետորներից ոմանք կասկածում են բուրժուազիայի անկեղծության և միևնույն ժամանակ հրավիրում են նրան գործակցել կառավարության մեջ: Ինչպե՞ս կարող է ուժեղ լինել այդպիսի կառավարությունը, երբ անդամները կասկածով են նայում մեկը մյուսին: Պետք է անկեղծ վերաբերմունք, պետք են փոխադարձ զիջումներ, համաձայնության ճանապարհ կա: Համերաշխ գործակցության կարիքը այժմ զգացվում է ամենուրեք:

Արարատյանը (դաշնակցական), առարկելով Վերմիշյանի, Ամիրյանի ինչ-ինչ տեսակետներին, գտնում է, որ իրենք ունեն գործ աշխատավորության (բանվորության և գյուղացիության) մեջ: Բայց կան խնդիրներ, որ վերաբերում Են բուրժուազիային, թող նա էլ այդ գործերն ստանծնի: Ընդունում է կոալիցիայի սկզբունքը, որը հիմնված պետք է լինի ռեալ ուժերի գործակցության վրա, որը պետք է Ռուսաստանը դուրս բերի ներկա դրությունը: Գիտակից դեմոկրատիան հայրենասիրական է և պետական: Միակ կազմակերպված ուժը դեմոկրատիան է, ուստի չնայելով նրա բազմաթիվ սխալներին ու թերություններին, պետք է նրա հետ ներդաշնակ գործել, զիջումներ անելով: Դեմոկրատիային հակառկ գնացող տարրերը քայքայում են ռուսական պետականության հիմքը: Գալով հայ ժողովրդի վիճակին հռետորը գտնում է, որ թուրքերի և հայերի համերաշխության միակ պլատֆորմն է հանդիսանում հողային խնդիրը, որ պետք է լուծվի լայն ծրագրով:

ժողովը որոշում է հաջորդ հռետորներին լսել մյուս նիստին, որովհետև պրոֆ. Աղաջանյանը մեկնելու էր Թիֆլիզից, նրան տրվում է հերթից դուրս խոսք:

Աղաջանյանը հայտնում է, որ այստեղ լսում է այն տեսակ մտքեր ու դատողություններ, որ լսվում են բոլոր Ռուսաստանում, բայց չի լսում ազգային խոսք: Մեր ժողովուրդը բնաջինջ է լինում, պետք է նրան փրկել: Բուրժուազիան, սոցիալիզմը չեն, որ մեզ պետք է փրկեն: Ոչ միայն հասարակական այսպիսի վիճելի հարցերում, այլ նույնիսկ գիտական հարցերում լինում են սխալներ: Մենք պետք է ձեռք վերցնենք մեր պատժական անմիաբանությունից, պետք է գործենք միաբան, կազմենք ազգային