Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոալիցի իբրև եղբայրներ Ռուսաստանի: Մենք պետք է ձեռք մեկնենք մեր հարևան վրացիներին և թուրքերին, ոչ թե որովհետև Երկյուղ ենք կրում, այլ որովհետև այլ կերպ վարվելով, բոլորն էլ կկորչեն: Այստեղ զոհաբերության հարց չի դրվում, այլ փոխադարձ զիջողության: Սրա մեջ է մեր փրկությունը:

Նիստը փակվում է 3 ժամին:

Նույն գործը, թ. 7-12:

N 4

Նիստ Գ

1 հոկտեմբերի 1917թ.

Հերթական նախագահ բժ.Այվազյան:

Նախագահ - Ընկերներ և քաղաքացիներ, այսօրվա նիստը շարունակությունն է երեկոյան նիստի: Մի շարք ճառախոսներ գրվել են: Եթե կամենում եք, ցուցակը կարդանք:

Կարդացվում է 28 հոգուց բաղկացած մի ցուցակ:

Նախ[ագահ] - Ամեն մեկ կուսակցություն պետք է յուր բանաձևը տա:

Այվազյան Ներսես - Ըստ օրակարգի ամեն մեկը ձայն է խնդրում: Նկատի ունենալով մի քանի հանգամանքներ և շատ կարևոր հարցեր, մեր պարապմունքները 10 օր կտևեն, եթե այսպես շարունակենք: Առաջարկում Եմ, որ այդ ցուցակում գրված ֆրակցիաներից 2-2 հոգի հայտնեն ֆրակցիաների կարծիքը:

Նախ[ագահ] - Առաջարկում է, որ 1-1 հոգի թեր և դեմ խոսեն:

Մ. Ղարաբեգյան - Երեկ ս.դ. մի մասն արտահայտվեց: Թույլ տալ մյուս մասին ևս խոսել:

Բժ. Տ. Իսախանյան - Ցարդ ոչ միայն ֆրակցիաներ, այլև անհատներ դեռ ոչինչ չեն ասել:

Նախ[ագահ] - Ով որ ուզում է ցանկը փակել, թող ձեռք բարձրացնի:

Ստվար մեծամասնությունը ցանկանում է շարունակել:

Նախագահ - Քվեարկության եմ դնում Ավագյանի առաջարկությունը թույլ տալ ամեն մի ֆրակցիայից 2 հոգի խոսել, ապա փակել:

Սույն առաջարկը մեծամասնությամբ ընդունվում է: Կարդացվում է ցանկը: Ապա 5 րոպե ժամանակ է տրվում ճառախոսներ ներկայացնելու: Ընդմիջումից հետո նիստը վերաբացվում է:

Նախագահ - ժողովը բացված է: Կա 4 ֆրակցիա: Կան նաև անկուսակցականներ: Կցանկանայինք անկուսակցականներից մեկին ձայն տալ: Որոշվում է տալ:

Մեսրոպ եպ[իսկոպոս] - Թեև իմ անունը այսօր «Աշակ»-ում տպված է Հ.Ժ. կուսակցության ցանկի մեջ, բայց ես անկուսակցական եմ և միայն համակրող եմ այդ կուսակցության: Կխնդրեի ինձ ձայն տալ իբրև անկուսակցականի:

Որոշվում է տալ:

Նախագահ - Տաճկահայերից կա մի խումբ, ուզում ենք, որ մեկը նրանցից խոսի:

Ոչ ոք լիազորված չի լինում խոսելու:

Կարճիկյան - Առաջարկում եմ խոսել նախկին ցուցակի կարգով:

Խ.Ամիրյան - Քանի որ ընդունեցինք կուսակցություններին ձայն տալ, առաջարկում Եմ մեջընդմեջ խոսել:

Դարբինյան - Ամեն մեկը թող տա յուր ընկերների ցուցակը:

Բժ. Օհանջանյան - Մենք դեմ ենք, որ պրոֆ. Հակոբյանը իբրև անհատ խոսի: