Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախագահի առաջարկությամբ Հ.Առաքելյանը մանդատների ստուգող կոմիտեի կողմից զեկուցում է տալիս մանդատների մասին, որից երևում է, որ տրված է ընդամենը 221 մանդատ: Սրանցից չեն եկել 11 մարդ: Բացակա է նույնպես դրամատիկական ընկերության ներկայացուցիչը: Այդ 221 մանդատից վեճ տարածվեց միայն 9 մանդատի մասին, և կոմիսիան պրեզիդիումի հետ խորհրդակցություն ունենալով, այդ 9 մանդանտների էլ ընդունելի համարեց: Առանձին կարծիքի մնաց պր. Գյուլումյանը, որի կարծիքը լսելուց հետո ժողովը, չնչին Փոքրամասնության դեմ, որոշեց բոլոր մանդատները օրինավոր ճանաչել:

Դրվում է առաջարկություն համախորհրդի իրավասության մասին, որի վերաբերմամբ Կարճիկյանը դաշնակց. ֆրակցիայի կողմից ներկայացնում է մի բանաձև, առաջարկելով, որ մյուս ֆրակցիաներն էլ ներկայացնեն իրենց բանաձևերը, որոնք քննելուց հետո ժողովը քվեարկությամբ ընտրություն անի:

Այս հարցի առիթով ծագում են երկար վիճաբանություններ, որոնց մասնակցում են Ամիրյանը, Սուրխաթյանը, Խոնդկարյանը, Լեոն, Ղազարյանը, Հ. Հարությունյանը, Ս. Իսախանյանը, Մալխասյանը, Ղազարյան-Լազոն, Մեսրոպ եպիսկոպոսը, Անտոն Ահարոնյանը: Ա. Ղազարյանը, Սողոմոնյանը: Վիճաբանությունից պարզվում է, որ օրակարգի մեջ այդ հարցը դրված չլինելով, ֆրակցիաները պատրաստված չեն եղել պատասխանելու: Դարձյալ [առաջարկեց] համախորհրդի և նրանից ընտրվելիք գործադիր մարմնի իրավասության հարցը, որը շոշափում և կուսակցությունների ծրագրային սկզբունքներ, շատ պատասխանատու հարց է: Ուստի խոսողները գալիս են այն Եզրակացության, թե պետք է այդ հարցը հանել այսօրվա օրակարգից և առաջիկա նիստերից մեկում դնել, նախապես հայտարարելով: Կարճիկյանը դաշնակցության կողմից լիովին համաձայնվում է այս մտքին և հետ է վերցնում յուր առաջարկած բանաձևը:

Նախագահը հայտարարում է, որ համախորհրդի իրավասության հարցը այսօրվա օրակարգից վերացվում է: Ապա հայտնում է, որ կլինի մի փոքր ընդմիջում, որից հետո կկարդացվի միջկուսակցական խորհրդակցության բանաձևը մոմենտի մասին:

Ընդմիջումից հետո Մ.Պապաջանյանը միջկուսակցական խմբագրական հանձնաժողովի կողմից խոսելով, այն միտքն է արծարծում, թե մեր ժողովուրդը կանգնած է վտանգի առաջ: Այդպիսի րոպեում մենք պետք է գտնենք գործունյա մի ճանապարհ: Մասնաժողովին հաջողվեց եղած բանաձևերից կազմել մի ընդհանուր բանաձև, որը կկարդա քարտուղար [Հակոբ] Մանանդյանը:

Մանանդյանը կարդում է հետևյալ ընդհանուր բանաձևը.

«Նկատի ունենալով, որ ժամանակավոր նոր կառավարությունը այժմ ավելի քան երբևէ կարիք ունի Ռուսաստանի բոլոր ժողովուրդների անվերապահ աջակցության և որ հեղափոխական 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս թե անհնար է ստեղծել երկրի մեջ ուժեղ պետական իշխանություն, առանց այդպիսի աջակցության, նաև նկատի ունենալով, որ նոր կառավարության սեպտեմբերի 25-ին հրատարակած դեկլարացիան իր բովանդակությամբ համապատասխանում է ստեղծված իրական պայմաններին, ընդգրկում է իր մեջ ներկա քաղաքական պայմանի հրամայական պահանջները և իր հայտարարած սկզբունքներով գոհացուցիչ պատասխան է տալիս նաև հայ ժողովրդի մինչև Սահմանադիր ժողովն ունենալիք պահանջներին, ռուսահայ ազգային համախորհուրդը, ռուսական մեծ Հեղափոխության հետևանքով առաջին անգամ գումարված ազատ պայմաններում, հայտնում է իր բացարձակ վստահությունը ժամանակավոր նոր կառավարության և խոստանում է իր կատարյալ աջակցությունը բոլոր տրամադրելի միջոցներով»:

ժողովը ծափահարությամբ ընդունում է այս բանածը, ձեռնպահությամբ սոց. դեմոկրատ, ֆրակցիայի: