Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղացին կարող է նույնքան պետական լինել, որքան ռուսը: Հայտարարում են, որ հայերը պետք է կռվեն չորս ֆրոնտի վրա: Իրենք են ստեղծում այդ դրությունը և կղզիացնում հայերին և իրանց ետևից քաշում հայ դեմոկրատիան: Դրանք նացիոնալիստական գաղափարներ են: Հայտարարում են, որ հայերը թույլ են և իշխելու ունակությունը կորցրել են, բայց միևնույն ժամանակ կռիվ հայտարարեցին Թուրքիայի դեմ մի բուռը կամավորներով: Նրանք խոսում են վտանգի մասին, բայց ու՞ր է այղ վտանգը, դա վախկոտ քաղաքացու հոգեբանություն է և ոչ քաղաքական կուսակցության: Գողը բղավում է. «Բռնեցեք գողին»: Դա բանդիտների հոգեբանությունն է... (սաստիկ աղմուկ, բողոք, զանգահարություն, բացականչություններ «դուրս», ծափահարություն):

Նախագահը հռետորին զրկում է խոսքից անթույլատրելի համարելով «բանդիտ» բառի գործածությունը մի քաղաքական կազմակերպության նկատմամբ, որի պատմությունը սրբագործված է նահատակություններով:

ժողովականներից ոմանք առաջարկեցին ընդմիջում անել, բայց նախագահը չհամաձայնեց և պրեզիդիումի հետ խորհրդակցելով ժողովի համաձայնությամբ թույլ տվեց Ա. Երզնկյանին օգտագործել նախորդ հռետորին տրված ժամանակի մնացորդը կուսակցության հայացքը պարզելու համար օրակարգի հարցի մասին, այն պայմանով միայն, որ նախապես պարզե սոց.դեմոկրատ, ֆրակցիայի վերաբերմունքը դեպի հռետորի գործածած խոսքը:

Երզնկյանը ասում է, թե ֆրակցիան իրենց հանձնարարեց հայտարարել, որ Փիրումյանի գործածած դարձվածքը միանգամայն անհաջող է, և որ ֆրակցիան չի ընդունում այդ կվալիֆիկացիան Դաշնակցության վերաբերմամբ: (Դաշնակցականները հայտարարում են, որ բավարարված են):

Դառնալով օրակարգի հարցին, ասաց, որ կովկասյան իշխանությունը միատարր պետական կազմ չէր ներկայացնում, այլ զանազան ազգերի ներկայացուցիչներ, որոնք վարում էին ազգայնական շովինիստ քաղաքականություն: Ներկայացուցիչների սենյակները դավադրության սենյակներ էին միմյանց գործունեությունը ոչնչացնելու, չեզոքացնելու համար: Այդպիսի իշխանությունը կտանի դեպի անարխիա, ազգերի փոխադարձ անվստահությունն ու զինումը: Բոլորը համաձայն են, որ կովկասյան իշխանության թուլության պատճառը ազգային հողի վրա հիմնված լինելն է: Պետք է ուրեմն ստեղծել իշխանություն ազատ ազգային յերկայացուցչությունից: Պետք է կազմվի միատարր իշխանություն միջազգային տարրերից, սոց. դեմոկրատներից և սոց. հեղափոխականներից, որպիսին միայն կանգնած կլինի ընդհանուր պետական տեսակետի վրա: Զեկուցողներից մեկը հայտնեց, թե մենք կռվելու ենք չորս ճակատի վրա: Եթե այդպես է, պետք է ուրեմն ճակատը փոքրացնել և թիկունքը ամրացնել: Այս տեսակետից ինքը վտանգավոր է համարում դաշնակցության և մասամբ Հայ.ժող. կուսակցության վարած քաղաքականությունը, որ մեկուսացնում է հայ ժողովուրդը: Դառնալով այն մեղադրանքներին, թե սոց. դեմոկրատները իրանք մեկուսացնում են հայերին, հայտարարեց, որ այդ մեղադրանքները անհիմն են և անճիշտ և բերեց բազմաթիվ օրինակներ ու լիազորներ նշանակված են դաշնակցականներից: Ընդհակառակը, դաշնակցությունն է եղել, որ աշխատել է հայերին մեկուսացնել և ագրեսիվ քաղաքականություն վարել մյուս ազգերի նկատմամբ, օրինակ, սահմանաբաժանման, գրավված վայրերի կառավարության և նպաստների բաշխման խնդիրներում, որոնք թեպետ և, նույնիսկ դաշնակցականների համաձայնությամբ, պետք է մշակվեին և լուծվեին այստեղ, Կովկասյան կոմիտեին կից միջկուսակցական խորհրդակցության մեջ, սակայն դաշնակցականները առանձին պատգամավորների միջոցով լուծել տվեցին Պետրոգրադում: Դարձյալ անհիմն է այն մեղադրանքը, թե շնորհիվ սոց. դեմոկրատների հայերն անմասն են մնացել այն բարիքներից, որ ստացել են վացիք և թուրքերը: Այսպես ասողները չեն կարող ցույց տալ ոչ մի փաստ, որ