Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դպրոցների փակման, կալվածքների գրավման, թուրքահայերի ապստամբության և այլ դեպքեր: Գալով կոմիտեի ապագա կազմին, գտնում է, որ նա պետք է ազգային լինի, ներկա օրերում ամոթալի կլինի խոստովանել մեր ապիկարությունը ինքնավարության գործում: Չխենկելին Պետրոգրադում հանդես եկավ ոչ իբրև սոց-դեմոկրատների ներկայացուցիչ, այլ վրաց ազգի: Պետք է նշանակված լինի մի գեներալ-կոմիսար. որ կարող է ունենալ օգնականներ ազգություններից և անպատճառ խորհուրդներ, որոնք կազմված կլինեն ազգությունների մեջ տիրող կուսակցությունների ներկայացուցիչներից: Բայց ինչ էլ որ լինի կոմիտեի ապագա կազմը, եթե նա նեցուկ չունենա ժողովրդի մեջ, ոչինչ չի կարող անել:

Ամիրյանը, առարկելով Ա. Երզնկյանին, ասում է, թե դաշնակցությունը հայ բնազդի արտահայտությունն է, և նրա սխալները հայ ազգի բնազդի սխալներն են: Իրոք հայ ազգը կարիք ունի կռվելու չորս ֆրոնտի վրա: Զեմստվայի խորհրդակցության ժամանակ մենք ագրեսիվ չէինք և հետևանքը տեսանք: Մեր թուլության պատճառը մեր ազգամիջյան հարաբերությունն է: Դաշնակցությունը յուր դեմ հակառակություն է ստեղծել օտարների մեջ նույնիսկ հայ սոցիալիստների մեջ: Մեր մեջ կառավարող տարրը բուրժուազիան է, և դաշնակցությունն ընդունել է ագրարային սոցիալիզմի տիպը, որպեսզի բուրժուազիայի հետ ընդհարում չունենա: Քաղաքներում նա օգտվել բուրժուազիայի ոչ միայն ձայներով, այլև դրամական աջակցությամբ: Իսկ վրաց մեջ կառավարող տարրը հողատեր ազնվականությունն է, ուստի վրացիք ընդունել են բանվորական սոցիալիստական տիպը, որպեսզի չկապվի գյուղացիության հետ: Հռետորը սխալ է համարում Դաշնակցության ագրարային ծրագիրը: Լսեցինք, որ էսեռները պահանջում են, որ իրենց ագրարային ծրագիրը գործադրվի մաքսիմալ չափով: Բայց դուք տեսաք գյուղացիական ժողովում, որ վրացիներն ու թուրքերը հակառակ են այդ ծրագրին, որովհետև հողի սեփականության կողմնակից են նրանք: Պետք է չափավոր ագրարային ծրագիր ունենալ, չգրգռել մեր դեմ վրացի ազնվականներին և թուրք թեզերին: Թող այդ ագրարային ծրագիրը ուրիշ կուսակցություններ տանեն, բայց ոչ Դաշնակցությունը: Նա եղել է ազգային կուսակցություն, թող այդպես էլ գործի: Մեր ագրարային քաղաքականությունը պետք է լինի բուրժուական. պետք է հողային բանկ ստեղծել հայ ժողովրդին հող մատակարարելու համար:

Բաբայանը (սոց. դեմ. հնչ[ակյան]) գտնում է, որ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն թույլ էր, ազգայնական սկզբունքով կազմված լինելու պատճառով: Սովորել էին սև մուտքից ելումուտ անել և մեկը մյուսի գործողությունները դիտել: Եթե ապա գա կազմի մեջ դարձյալ ազգային սկզբունք պահպանվի, դարձյալ խաղաղություն չի լինի: Իսկ եթե դաշնակցականները մտնեն այնտեղ, կոտորածների վտանգը կավելանա: Պետք է կառավարությունը այստեղ կազմված լինի չեզոք էսեռական և էսդեկական տարրերից:

Ա. Չիլինգարյանը (դաշնակցական), քննելով Անդրկովկասյան հատուկ կոմիտեի թուլության պատճառները, գտնում է, որ նրա անդամները չէին պատկանում այն կուսակցություններին, որոնց ձեռքին է ռեալ ուժը: Կադետների մինիստրության ժամանակ հասկանալի էր այդ կազմը, բայց երբ կադետներն ընկան, այստեղ կազմը պետք է փոխվի: Երկրորդ պատճառն այն է, որ հայ ներկայացուցիչը չի պատկանում այն կուսակցության, որ յուր հետևից ունի հայ ժողովուրդը: Ինքը կողմնակից է կոալիցիոն կառավարության, ինչպես ընդունվեց և Ռուսաստանում: Կազմը պետք է ունենա ազգային տարրեր տիրող կուսակցությունների ներկայացուցիչներից, և պետական չեզոք տարր, որ հաշտեցնող դեր կատարե: Դաշնակցությունը, որ մեկուկես միլիոն հետևող ունի, չի կարող առանց ներկայացուցչի մնալ: Դաշնակցությունը կանգնած է նույն ազգային հիմքի վրա, ինչպես և շատ ուրիշ սոցիալիստական կուսակցություններ: