Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շահխաթունյանը գտնում է, որ տեղական իշխանության կազմության մեջ մաս պետք է ունենա Ռուսաստանի դեմոկրատիան: Զուտ ազգային իշխանություն կարող է կազմել Սահմանադիր ժողովից հետո, երբ նորմալ պայմաններ ստեղծվեն: Խոսելով վրաց սոց. դեմոկրատների մասին, որ նրանք ազգերի մեջ խտրություն չեն դնում, հռետորը բերում է փաստեր հակառակը հաստատող, օրինակ, որ հայ սոց. դեմոկրատ ներկայացուցիչներ ազգային ժողովների մեջ ընտրվում են ոչ թե այն անձերը, որոնց հայ աշխատավոր մասսան է ընտրում, այլ վրաց սոց. դեմոկրատները: Հայերը սոց. դեմոկրատների կողմից ճնշված են. կամ պետք է նրանց առհասարակ զրկել իրավունքից իբրև հակահեղափոխական տարրի, կամ ձայն տալ հայերի ուժեղ կուսակցության ներկայացուցչին: Մինչև որ սոց. դեմոկրատները չհաշտվեն այս սկզբունքի հետ, ոչ մի կառավարություն չէ կարող յուր տեղում լինել:

Ա.Երզնկյանը (սեփական հերթում խոսելով), առարկելով այն կարծիքին, թե պետք չէ ռուսներ հրավիրել կովկասյան իշխանության մեջ, որովհետև մեր հակառակորդ ազգերը իրանց ազդեցության կենթարկեն նրանց, հիշեցրեց մի հակառակ երևույթ, երբ ռուս իշխանավորի մոտ Ելումուտ էին անում հայերը, ուրեմն ամեն ազգ կարող է ազդել եկվորների վրա: Ուրեմն չպետք է գան այնպիսի անձեր, որոնք կարող են ենթարկվել այս կամ այն ազգի ազդեցության: Իշխանությունը պետք է պատկանի սոցիալիստական կուսակցություններին: Հռետորը պաշտպանում է սոց. դեմոկրատներին այն մեղադրանքի դեմ, թե նրանք վարել են ազգային քաղաքականություն Անդրկոկասյան [հատուկ] կոմիտեի մեջ: Հայերը սխալ են գործում, որ չեն գնում դեմոկրատիայի հետևից և կղզիացած են մնում: Սրանից օգտվում են թուրքերը դեմոկրատիայի դիմակի տակ: Եթե կղզիացման քաղաքականությունից ձեռք չքաշենք, կպատահենք այնպիսի անակնկալների, որ Թուրքահայաստանում տեղի ունեցան:

Բժ. Ղազարյանը (դաշնակցական) խոսելով սոց. դեմոկրատիայի մասին, բերեց Ալեքսանդրապոլում գումարված զինվորական խորհրդի միջադեպը, երբ սոց. դեմոկրատ Փիրումյանը ճնշումներ գործադրեց դաշնակցության վրա և նրան տեռորի ենթարկեց, հեռագրելով, թե Դաշնակցությունը չենթարկվեց դեմոկրատիային: Հայերի մեկուսանալու գլխավոր պատճառը գտնում էր այն հանգամանքը, որ հայ սոց. դեմոկրատների հայ ժողովրդի մեջ իրենց հետևից ուժ չունենալով, վրացիների մեջ այնպես են ներկայանում, իբր թե հայ մասսա ունեն իրենց հետևից: Մինչև նրանք չհրաժարվեն այդ ոչ պատշաճ դերից, հայերը կմնան կղզիացած:

Նիստի վերջում նախագահը կարդաց Վանից ստացված հեռագիրը հայոց հարվածող գնդի խորհրդի նախագահ Մելքումյանի ստորագրությամբ, որով ողջունում էր Ազգային խորհրդի բացումը և ցանկանում էր հաջողություն ազգային կյանքի շինարարության գործում:

ժողովը ծափահարությամբ ընդունեց հեռագիրն ու հանձնարարեց պրեզիդիումիս շնորհակալություն հայտնել:

Նիստը փակվեց ժամը 3-ին:

Գ. 21, թ. 10-13 հակ.:

N 7

Նիստ Զ

4 հոկտեմբերի 1917թ.

Նիստը բացվեց Արտիստական ընկերության դահլիճում, ցերեկվա 12 ժամին, նախագահությամբ ԳՏեր-Ղազարյանի և ներկայությամբ 146 անդամի:

ժողովը, գտնելով, որ վիճաբանությունները շատ ձգձգվում են, որոշեց ֆրակցիաների ներկայացուցիչներին տալ տասական րոպե և զեկուցողներին կես ժամ, և ֆրակցիաներից խոսի մի-մի մարդ: