Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամեցել է ասել, որ Օզակոմի որոշ անդամներ իրար չէին հավատում և աշխատում էին միմյանց չեզոքացնել, վճռում էին զուտ ազգայնական հարցեր, և այսպիսի քաղաքականությունը թույլատրելի չէ. Յուր միտքը միայն այս կերպ պետք է ընդունել:

Բժիշկ Ղազարյանը հայտնեց, որ ինքը երկու կաբինետները երբեք դավադրական չէ համարել, այլ ասել է, որ Եթե սոցիալիստները նրանց դավադրական էին համարում, ապա Չխենկելին պետք է բողոքեր ու հեռանար:

Զեկուցանող Հ.Առաքելյւսնը պատասխանելով առարկություններին, ասաց. - Եթե Օզակոմի հայ ներկայացուցիչը դաշնակցական լիներ, գուցե ավելի վատ կլիներ, անտագոնիզմ հարուցանելով վրացիների և թուրքերի մեջ: Եթե կար մի ներկայացուցիչ, որ վարում էր պես-ական քաղաքականություն, հարթում էր սուր հարաբերությունները և կարգ էր պահպանում կուսակցությունների մեջ, դա Պապաջանյանն էր:

Զեկուցանող Աղբալյանը պատասխանելով առարկություններին, նկատեց, որ Օզակոմի շուրջը եղած վիճաբանությունները դաշնակցության գործունեության քննադատության բնույթ ստացան, և սա բնական էր, քանի որ դաշնակցությունը եղել է հայ կյանքի քաղաքական ղեկավարը, մի անպաշտոն մինիստրություն, որ պիտի հարուցաներ քննադատություն: Հենված մեր հին և նոր գործիչների վրա մենք բաց ճակատով կանգնած ենք հայ ժողովրդի ներկայացուցիչների առաջ, թե մեր սխալներով ու շեղումներով և թե մեր անձնվիրությամբ, աշխատանքով և ուժով: Առարկելով ընդդիմախոսներին ասաց, թե ինքն առաջարկում էր ոչ թե անձերի, այլ ուժերի կոմբինացիա: Գտնում էր, որ նրանք, որոնք հերքում են չորս ճակատից մեզ սպառնացող վտանգը, անտեղյակ են մեր աշխարհագրական և տեղագրական պայմաններին, մեր տենչերին ու գաղտնիքներին: Իբրև ապացույց, որ ազգերի հակամարտությունը Անդրկովկասում գոյություն ուներ նաև Օզակոմից առաջ, հիշեց տեխնոլոգիական ինստիտուտի և գեմստվոյի շուրջը հարուցված աղմուկները, երբ մեր հարևան սոցիալիստները գնում էին ազնվականների հետ (Երզնկյանը տեղից «կատարելապես սուտ է», բողոք, աղմուկ, նախագահի կողմից նկատողություն): Ես լսեցի ձեր նկատողությունը, թե սուտ է: Մեգ մեղադրում են, որ մենք կամենում ենք հրավիրել վարյագներ (Օզակոմի նոր կազմի մեջ ռուս անդամներ): Եթե մենք համոզված լինեինք, որ կարելի է հայերի գոյությունը պահպանել, չէինք հրավիրի: Հավասարակշռությունը պահպանելու համար պետք է ոչ թե կուսակցական, այլ պետական տարր մտցնել Կովկասում, ուստի հարկավոր է ռուսներ կանչել: Հայերի մեջ ազնվականության անհետանալը ինքը մեջ բերեց իբրև պատմական երևույթ և ոչ թե իբրև ցանկություն ազնվականության վերականգնման, որ Կովկասի չարիքն է, և որպիսի ցանկությունը միանգամայն հակառակ կլիներ յուր դեմոկրատական հայացքներին: Պատասխանելով այն հռետորներին, որոնք ասում էին, թե միջազգային հողի վրա կարելի է ստեղծել Կովկասում խաղաղ համակեցություն և Դաշնակցությունը յուր ագրեսիվ քայլերով խանգարել է այդպիսի համակեցությունը, հռետորը նկատեց, թե այդպես ասողները միշտ աշխատել են Դաշնակցության ամեն մի գործի մեջ տեսնել ազգային կամ ազգայնական հակումներ: Բոլոր ճնշողների համար ստրուկների ընդդիմությունը համարվել է ագրեսիվ: Հայ աշխատավորը ոչնչով պակաս չէր ուրիշ ազգերի աշխատավորներից: Հայը նույն իրավունքները պետք է ունենա, ինչ որ ուրիշները, և դաշնակցությունը կստիպի տալ այս իրավունքները: Մենք հարյուր հազարավոր զոհեր ենք տվել, էլի կտանք հարյուր հազարներ:

Հայերի մեկուսացման մասին խոսելով, հռետորը նկատեց, որ այդ մեկուսացման պատճառը Դաշնակցությունը չէ, այլ այն կուսակցությունները, որոնք անդադար մեկուսացում բղավելով, զորացնում են նրան, որոնք վարկաբեկում են այդ ուժեղ կուսակցությունը, որ հայ ժողովրդի անձնվեր ինտելիգենցիայի խոշորագույն մասն է կազմում, որոնք հայտարարում են, թե հայի փրկությունը Դաշնակցության կործանման մեջ է գտնվում: Մեզ ասում են, որ գնանք դեմոկրատիայի հետևից: Բայց