Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմությունը վերջին 100-ամյակում, շեշտելով, որ 60-ական թվականների սկզբում, երբ դեռ վերջին բաժանումը չէր եղած, երկիրը մոտավորապես նույն սահմաններն ուներ, ինչ որ առաջարկում էր նախագիծը օրինակ, Ալեքսանդրապոլի, Լորու և Ախալքալաքի գավառները միացած էին և կազմում էին Թիֆլիսի նահանգի մի մասը:

Հետո կանգ է առնում այն հանգամանքի վրա, որ նոր բաժանումը համապատասխանում է ոչ միայն երկրի տնտեսական պայմաններին, այլև հողային, դասակարգային, տեղագրական և այլ պայմաններին, որ հին կառավարությունը սահմանները գծելիս դիտմամբ զանց է առել որոշ հետին նպատակներով ղեկավարվելով: Գործնականի տեսակետից դեմ է [զեկուցողը] կանտոնալ սիստեմի, որովհետև նախ պետական մտածողությունն այղ չի ընդունում, երկրորդ, պիտի մնան, այսօրվա նահանգական իշխանությունները, որովհետև չի կարելի յուրաքանչյուր գավառում, օրինակ, կագյոննայա պալատ ունենալ: Դեկրետով չի վերանա այն միությունը, որի ֆունկցիաները մնում են. պետք է երկուսը միասին վերցվեն: Խաշնարածության դժվարություններին անցնելով, գտնում է, որ դրությունը ավելի կվատթարանա, եթե կանտոնալ սիստեմն ընդունվի, որովհետև միևնույն հարաբերություններն ավելի հեշտ է լուծել մեծ միությունների մեջ, քան մանր: Հարևանների դիմադրության՚մասին խոսք լինել չի կարող: Եթե նրանք դեմ են նահանգ կազմելուն, դեմ պիտի լինեն և երեք նահանգ կազմելուն: Առաջարկում է, որ բանաձևի մեջ մտցվի մի նահանգ կազմելու անհրաժեշտությունը, իսկ դրա իրականացումը թողնել կյանքին: Դեմ է Թիֆլիսը ամբողջ Անդրկովկասի կենտրոն դարձնելու մտքին:

Ա. Երզնկյանը կրկին ծանրանում է Դաշնակցության «թիկունքային» քաղաքականության վրա, որի համար այնքան գեղեցիկ պատասխան էր ստացել թե Շահխաթունյանից, թե Կարճիկյանից և թե Աղբալյանից: Պնդում է, որ հայերը, ցանկանալով ազգային մեծամասնություն ստեղծել իրենց համար, նույն սահմաններում ստեղծում են ազգային փոքրամասնություն մեր հարևանների համար, որպիսի ցանկությունը ազգայնական է: Պնդում է, որ մի նահանգ կամ երեք նահանգ առաջարկելով, հայերը ցանկանում են քաղաքական սահմաններ գծել և ոչ վարչական: Դրա համար էլ իրենք դնում են կանտոնալ սիստեմի տեսակետը: Ա. Երզնկյանին մասնավորապես Բագվի և Թիֆլիսի խնդիրն է հուզողը: Դաշնակցության առաջարկած նախագծի մեջ և ոչ մի խոսք չկա այդ երկու քաղաքների մասին, որպիսի հանգամանքը վրդովում է Երզնկյանին: Դիմելով ժողովին և մասնավորապես դաշնակցական ֆրակցիային, հուզված բացականչում է. «Ու՞ր է Բագվի և Թիֆլիսի խնդիրը: Ձեր լռությամբ ասում ենք, թե Բագուն թողնում ենք թուրքերին, իսկ Թիֆլիսը Վրաստանին. Ու՜մ անունից եք այդ պահանջը դուք դնում, ո՜ր հայ ժողովուրդն է այդ իրավունքը Ձեզ տվել: Դեմոկրատիան չի կարող հանդուրժել, որ Բագուն և Թիֆլիսը լինեն այս կամ այն ազգի, նրանք պիտի լինեն միջազգային: Այդ է դեմոկրատայի պահանջը, իսկ այդ անել կարող ենք, եթե կանգնենք կանտոնալ տեսակետի վրա»:

Ստ. Մամիկոնյանը հայտնում է, որ ինքը այդ խնդրի նկատմամբ տարբեր կարծիք ունի և թույլտվություն է խնդրում իր կարծիքը արձանագրության կցելու:

ժողովը խնդիրը պարզված համարելով, կամենում է անցնել բանաձևերի քվեարկության: Սակայն ոմանք բողոքում են այդ շտապողականության դեմ: Հարցը համարելով խիստ կարևոր, առաջարկում են շատերին թույլ չտալ արտահայտվելու և ոչ թե աւիալ-թափալ վերջացնելու (Լեո):

Շահխաթունյան, Տեր-Միքայելյան, ինչպես և ժողովի ճնշող մեծամասնությունը դեմ են բանաձևի հանելը հետաձգելու[ն] - ինչպես այդ առաջարկում է բժ. Իսախանյանը: Նրանք գտնում են, որ երեք տարի է, ինչ խոսվում է սահմանափոխման մասին, որ ժողովի համար հարցն արդեն սպառված է և կարելի է մի հանձնաժողով կազմել, որը հաներ ընդհանուր բանաձև այդ մասին: