Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առաջարկն անցնում է և յուրաքանչյուր ֆրակցիայից ընտրվում են երկու հոգի հաշտեցնող բանաձև կազմելու համար:

Նիստը փակվում է:

Իրազեկ

«Արև», 02.11.1917, 232:

N 10

Նիստ Թ

7 հոկտեմբերի

Նիստը բացվեց առավոտյան ժամը 11 ½-ին, նախագահությամբ Ավ. Իսահակյանի և ներկայությամբ 150 անդամի:

Օրակարգի խնդիրն էր ազգամիջյան հարաբերություների հարցը:

Խորհրդակցությունից հետո ժողովը որոշեց նիստը դռնբաց անել:

Զեկուցանող Ասատրյանն ասում է. - Կովկասի ազգամիջյան հարաբերությունը կովկասյան խոշոր ազգերի ինքնորոշման խնդիրն է:

Այս հարցի առիթով միաձայն որոշվեց, որ բոլոր ազգերին տրված է լայն ինքնորոշման իրավունք, ուրեմն և հայերը կարող են այդ հարցը դնել: Ինքնորոշման հարցի մեջ մինիմումը կազմում է զեմստվոն, իսկ մաքսիմումը տարբեր բովանդակություն կարող է ունենալ, կարող է լինել կուլտուրական էքստերիտորիալ ավտոնոմիայի կամ տերիտորիալ ավտոնոմիայի ձևով: Կուլտուրական էքստերիտորիալ ավտոնոմիայի մասին ոչ մի տարակարծություն չկար սեկցիայում: Բոլորը գտնում էին, որ այդպիսի ավտոնոմիան կարող է տարածվել Ռուսաստանի բոլոր հայերի վրա: Իսկ քաղաքական տերիտորիալ ավտոնոմիայի նկատմամբ սեկցիան գտնում է, որ դա կախում պետք է ունենա հարևանների հետ համաձայնությունից և չի կարող լուծվել սեպարատ կերպով, որ նոր գժտությունների առիթ կդառնար: Բուն խնդրին անցնելով, երկու առաջարկություն է արվում, առաջինը որ Ռուսաստանի ապագա կազմը կլինի ֆեդերատիվ հանրապետություն: Այս դեպքում ֆեդերացիայի անդամները կվայելեն ներքին ինքնորոշման լիակատար իրավունք և երկրորդ որ Ռուսաստանի կազմը այսպիսի չի լինի, և կենտրոնական կառավարությունը լայն իրավունքներ կունենա, այս դեպքում տեղերում կարոդ են կազմել լայն ինքնավարություններ: Սեկցիայում տարբեր կարծիքներ հայտնվեցին: Ոմանք պահանջում էին որ Կովկասի երեք ազգային միությունները ինքնուրույն լինեն և կապված Ռուսաստանի հետ: Մյուսները ցանկանում էին տեղական իրավունքները սահմանափակել և ընդարձակել կենտրոնականը Ուրեմն սեկցիայում կար Երկու տեսակետ. 1. Կովկասի երեք մասերի քաղաքական ավտոնոմիա, 2. լայն ինքնավարություն: Բացի սրանից, սեկցիան ցանկություն հայտնեց, որ համախորհուրդը մի կոչ ուղղե մեր հարևաններին, որի մեջ հայտնե, թե ցանկանում է միջոցներ գտնել հաշտ ապրելու միմյանց հետ և չհակասելու նրանց տրամադրությունների տնտեսության համար, այնինչ, թուրքական մասը բարձր (ինտենսիվ) տնտեսության վայր է, ուստի և անասնապահությունը և վաչկային տնտեսությունը նրանց համար անցողական շրջան են կազմում: Գալով կանտոնական սիստեմին, գտնում է, որ մեր հետամնացության պատճառով անկարելի է ներկայումս իրագործել, մանավանդ որ գոյություն ունեն հիմնարկություններ, որոնք չի կարելի վերացնել և փոխարինել նորերով:

Նահանգների թվին գալով, ինքը առավելություն է տալիս մեկ նահանգին, իսկ եթե գործադրության վերաբերմամբ դժվարություններ պատահեն, կարելի է ժամանակավորապես հաշտվել երեք նահանգի հետ: Այժմ ընդունել մեկ նահսյնգ և չարձանագրել երեք նահանգը, թողնելով, որ կյանքը լուծի այդ հարցը: