Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԱթաբեկյանը նկատում է, որ զեմստվոյի հարցը կապ ունի հայկական ավտոնոմիայի, թերևս և հայ պետության հարցի հետ, որոնք կախում ունեն մի շարք ֆակտորներից հեղափոխության ընթացքից, մեր հարաբերությունից հարևանների հետ, ռազմաճակատի դրությունից և դաշնակիցների վերաբերմունիքից: Անգլիական բանակի այս կամ այն շարժումը Բաղդատի ճակատում ազդեցություն կունենա և մեր պայմանների վրա: Սահմանափոխության մեջ պետք է ի նկատի ունենալ էթնիկական, տնտեսական և արդյունաբերական սկզբունքները և ըստ այնմ լուծել հարցը: Գանձակի նահանգը երկու մասի բաժանվելու դեմ ունի առարկություն, քանի որ լեռնային մասերը սերտ կապ ունեն տափարակի հետ: Բայց քանի որ դրված է զուտ զեմստվոյի հարցը, ինքը չի առարկի այդպիսի բաժանման դեմ, միայն թե ընդունվի երեք նահանգի սկզբունքը և միջոց տրվի սահմանից դուրս գտնված մասերի հետ հարաբերություն պահպանելու: Ի վերջո հռետորը հայտնեց, թե սոցիալիստական ֆրակցիան ամեն կերպ կաշխատի աջակցել սահմանափոխության յուր հիշած երեք սկզբանքներով:

Ա. Երզնկյանը գտնում է, որ հարցը սպառված է, ուստի ինքը կանգ կառնի երեք կետի վրա: Նախ դժգոհություն է հայտնում, որ սահմանափոխության հարցում դաշնակցականները վարել են՚թիկունքի քաղաքականություն, Պետրոգրադում լուծել տալով այն հարցը, որ պետք է լուծվեր այստեղ, կովկասյան դեմոկրատիայի միջոցով, որ մեր քաղաքականության ընդհանուր գիծը պետք է լինի: Երկրորդ, որ նկատելով հայերի ճնշված դրությունը և փոքրամասնություն կազմելը, ուզում են ստեղծել այնպիսի մի դրություն, որ հայերը մեծամասնություն կազմեն, իսկ թուրքերը փոքրամասնություն: Չարիքից խուսափելու մի ելք կա. ստեղծել կանտոնական սիստեմ, որով առաջ կգան թուրքական և հայկական կանտոններ, և այնուհետև կյանքը ինքն կթելադրե, թե որ կանտոնները որոնց հետ կկամենան միանալ: Երկրորդ նկատողությունը վերաբերում է Թիֆլիս և Բագու քաղաքներին, որոնք կանտոնական սկզբունքն ընդունվելու դեպքում կդառնան առանձին միջազգային կանտոններ, այնինչ, առաջարկված ծրագրով այդ քաղաքները, որոնց մասին ոչինչ հայտնի չէ ասվում, կհամարվեն վրացական և թուրքական միությունների քաղաքներ («Ոչ»,- բացականչում են տեղերից): Եթե «ոչ» ապա ուրեմն պարզ հայտնեցեք ձեր դիտավորությունը: Ընդունեցեք կանտոնական սկզբունքը, և Եթե ժամանակը պահանջի, մենք կարող ենք ձեզ հետ միանալ:

Զեկուցանող Վերմիշյանը առարկություններին պատասխւսնելով, նկատում է, որ սեկցիան սահմանափոխւթյան և զեմստվոյի վրա նայել է զուտ վարչական-տնտեսական տեսակետից, ուստի Թիֆլիսը և Բագուն նրա քննության առարկան չեն դարձել: Հայաբնակ վայրերից մի միություն ստեղծելու նպատակն էր ունենալ այն, ինչ որ արդեն ունեն վրացիներն ու թուրքերը: Այս դեպքում հիրավի ստեղծվում է ստվար թուրքական փոքրամասնություն հայկական միության մեջ, բայց պետք չէ մոռանալ, որ նույնպիսի ստվար հայկական փոքրամասնություն կստեղծվի և թուրքական միության մեջ: Մենք կարիք ունենք մի անկյուն ստեղծելու ազգային կուլտուրական կյանքի համար: Զեկուցանողը այնուհետև առարկելով մի նահանգի պաշտպաններին, ցույց է տալիս դրա անհարմարությունները և երեք նահանգի առավելությունները հարաբերության հեշտության և վարչական աշխատանքի տեսակետից: Թող կյանքը ապագային վճռի երեք նահանգների միացման հարցը: Պետք է ի նկատի առնել այսօրվա պահանջները: Զեմստվոյի ռեֆորմը անհետաձգելի է, նա միայն կարող է երկիրը հանել ներկա անիշխանական դրությունից և քայքայման առաջն առնել: միևնույն ժամանակ զեմստվոն է, որ կարող է հաշտություն և ներդաշնակություն առաջ բերել մեր և մահմեդականների մեջ, քանի որ սահմանների բաժանումով ընդհարումների առիթը կվերանա, և յուրաքանչյուր ազգ պարզ կգիտակցի յուր դրությունը: