Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ն.Տեր-Ղազարյանը պահանջում է, որ զեկուցում տրվի Բյուրոյի վարած քաղաքականության մասին նախկին կառավարության հետ:

ԲԺ Բոնապարտյանը նկատում է, որ Ազգային բյուրոն այդ պատասխանատու քաղաքականությունը վարելիս հարաբերության մեջ չի մտել Պոլսո Ազգային ժողովի հետ:

Ն. Աղբալյանը պատասխանում է, թե այդ հարցերը վերաբերում են Ազգային բյուրոյի քաղաքական գործունեության, որի մասին զեկուցում պետք է տա Գ. Խատիսյանը:

Երզնկյանը, որին ձայնակցում են և ուրիշ ժողովականներ, պահանջում է, որ Ազգ[ային] բյուրոյի քաղաքական գործունեության հաշիվը ներկայացվի համագումարին: Եթե զեկուցանող Գ Խատիսյանը բացակա է, ապա պետք է մեկ ուրիշը զեկուցանե, մանավանդ, որ ներկա են բյուրոյի այդ գործունեության լավատեղյակ անդամներ: ժողովը, մտքերի փոխանակությունից հետո, որոշում է այդ հարցը հետաձգել առաջիկա նիստին, խնդրելով, որ Ս. Հարությունյանը զեկուցանե:

ժողովն անցնում է Ազգային բյուրոյի դրամական հաշիվների քննիչ հանձնաժողովի զեկուցումը լսելու: Հանձնաժողովի նախագահ Ս. Հարությունյանի բացակայության պատճառով զեկուցումը կարդում է Ա.Դարբինյանը, որ կարդալով սեկցիայի արձանագրությունն ու որոշումը (այս արձանագրությունն ու որոշումը դրվում են այս նիստի արձանագրության տակ)[1], յուր կողմից մի քանի լրացուցիչ տեղեկություններ է հաղորդում մոտ 100.000 ռուբլի գումարի սխալի մասին, որ նկատվել է Ազգային բյուրոյի տպած հաշիվների մեջ:

Այս առիթով տրվում են փոխադարձ բացատրություններ, որոնցից երևում է, որ այդ գումարի հարցը դեռ ստուգված չէ եղել, ուստի և հանձնաժողովը որոշել է դրա մասին, իբրև դեռ չստուգված, ոչինչ չզեկուցանել համախորհրդին:

Այս հարցը այսպես պարզվելուց հետո ժողովն ընդունում է հանձնաժողովի զեկուցումը:

Նիստը փակվում է 2½ ժամին:

Գ.21, թ.24,35:

Պատգամավոր Նիկոլ Աղբալյանի զեկուցումը Ազգային

համախորհրդակցության հոկտեմբերի 10-ի երեկոյան նիստում

նվիրված կամավորական շարժմանը

10 հոկտեմբերի 1917թ.

Այնուհետև կամավորական շարժման մասին Ազգային բյուրոյի կողմից զեկուցում է տալիս ընկ. Ն. Աղբալյան:

«Կամավորական շարժման մասին դատավճիռ կարձակի ապագա հայ պատմագիրը: Իսկ մենք, որպես ականատեսներ, կարող ենք մտքեր բանաձևել այդ շարժման մասին և ցույց տալ մեր վերաբերմունքը: Երբ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան էլ, որպես հակառակորդ մեր դաշնակիցներին, կռվի է դուրս գալիս, այդ ժամանակ ինքնաբերաբար շարժում սկսվեց հայկական բրւլոր խավերում: Կամավորներ երևացին անգլիական և ֆրանսիական բանակներում:

  1. Արձանագրությունն ու որոշումը արխիվային գործերում էին պահպանվել: