Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չի կատարել այն, ինչ որ հարկ էր, ոչ ոք չի ասում և այն, թե ի՞նչ պետք է աներ Բյուրոն, ի՞նչ դիրք պետք է բռներ ինքնաբերաբար սկսված կամավորական շարժման առաջ:

Լուրջ տրամադրության մեջ զավեշտական շեշտ է մտցնում Հ. Առաքելյանը, որ ընդհանուր ծիծաղի մեջ, ամենալուրջ տոնով հայտարարում էր, թե Ազգային բյուրոն Հ. Հ. Դաշնակցության գրասենյակն էր, որ ինքը հեռացել է Բյուրոյից, որովհետև համաձայն չէր նրա քաղաքականությանը, և Բյուրոյում Դաշնակցության կողքին նստած էին մնացել միայն մի քանի դիմազուրկ բուրժուաներ»:

Զեկուցումից հետո Երզնկյանը նկատում է, որ զեկուցումը լրիվ չէ, ժողովը սպասում է լիակատար զեկուցման:

Ս. Հարությունյանը նկատում է, որ դժվար է այդպիսի ընդարձակ հարցում ամեն ինչ նախատեսել: Առաջարկում է տալ հարցեր, որոնց ինքը կպատասխանի:

Լեոն պահանջում է, որ ամեն ինչ լիովին ասվի: Ամենամեծ մեղադրանքը, որ կարող են անել Բյուրոյին, այն կլինի, թե Բյուրոն սխալ է արել:

Պրոֆ. Հակոբյանը թուրքահայերի բռնած դիրքի մասին խոսելով, հայտարարում է, որ թուրքահայերը ներկա պատերազմի ընթացքում լոյալ են եղել, և հակառակը պնդելը պրովակացիա է:

Զանազան անձերի կողմից տրվում են հարցեր, կամավորական խմբերը կազմակերպելիս Ազգային բյուրոն ի՞նչ խոստումներով էր առաջնորդվում, արդյոք Բյուրոյի ղեկավարների վրա եղե՞լ են խոստումներ պարունակող դոկումենտներ, արդյոք կաթողիկոսը, պատրիարքարանը, Նուբար փաշան տեղյա՞կ և համաձա՞յն են եղել կամավորական խմբերի կազմակեպման, և ու՞մ վրա է ընկնում պատասխանատվությունը, ի՞նչ հարաբերության մեջ է եղել Բյուրոն դաշնակցության մեջ, ի՞նչ հիմք ուներ «Հորիզոն»-ի մի պաշտոնական հոդվածը, թե հայ ժողովուրդը ուժ է ներկայացնում, բայց նա մի բան կանի, երբ իմանա, թե ինչ է կամենում մեզ տալ ռուսաց կառավարությունը, ինչպե՞ս է վերավերվել Բյուրոն Դաշնակցության [առաջարկին] 1914թ., դեռ թուրք պատերազմից առաջ, Կարինում կայացրած որոշման[ը], որով խնդրվում էր Բյուրոյից, որ կամավորական խմբեր գործին չմասնակցի, և այլն: Անդրանիկը մանրամասն պատմում է, թե ինչպես ինքը արտասահմանում գտնված ժամանակ հեռագիր է ստացել' անմիջապես մեկնել Կովկաս: Այստեղ տեսնվել է Մեսրոպ եպիսկոպոսի հետ, ապա' Յուդենիչի հետ, որ պարզել է իրանց ռազմական ծրագիրը, հայտնել է, որ 800.000-անոց բանակ պիտի գա Կովկաս և որ կամավորական խմբերը ծառայելու են ճանապարհներ ցույց տալու և խուզարկությունների համար: Բայց կառավարությունը մեզ խաբեց և խոստումները չկատարեց: Հետևանքն Եղան կոտորածները: Կախվելու արժանի են Մեսրոպ եպիսկոպոսն և ինքը, որ հավատացել են կառավարության խոստումներին: Ինքը չէ մեղադրում ոչ քուրդերին և ոչ թուրքերին: Ինքը մեղադրում է հայ հարուստներին, որ իրանց միջոցները խնայում են ազգի կյանքի կարևոր րոպեներին օգնության հասնելու, մամուլը հօգուտ մեգ տրամադրելու, բարձրաստիճան բարեկամներ շահելու և այլն: Ընդհակառակը, դեպքեր գիտե, երբ կամավորները տասը ռուբլով հրացան էին ծախում թուրքերին, և իրանք այդպիսիներին մահվան պատժի են ենթարկել:

Ս. Հարությունյանը տրված հարցերին պատասխանելով, ասում է. - ճիշտ է ասում Երզնկյանը, թե իրանք բողոքել են կամավորական շարժման դեմ: Բայց այդ բողոքը չէր կարող ազդել 40 հոգուց բաղկացած ժողովի մեծամասնության վճռի վրա: Գուցե մեծամասնության վճիռը սխալ է եղել, բայց մենք պետք է ենթարկվենք նրան: Այն հարցին, թե ո՞վ է վարել բանակցություն կառավարության հետ, պատասխանում է, թե կառավարությունը Ազգային բյուրո չէր ճանաչում: Նա բանակցում էր կաթողիկոսի և պատրիարքի հետ: Կամավորական շարժումը Բյուրոն չէ հարուցել: Դա եղել է ժողովրդական տարերային շարժում, որին ընդառաջ է գնացել Բյուրոն, մանավանդ, որ կառավարությունն ասում էր, թե դուք արժանի եք ստանալու ավտոնոմիա, միայն կազմակերպեցեք կամավորական խմբեր: Մեծ պատիվ կլիներ 5 անձի համար, եթե