Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դատապարտում»: Բայց մենք մեզ հաղթված չենք համարում: Խոստովանում եմ, որ եղել են սխալներ ու անակնկալներ, բայց դրանք բոլոր աշխարհի համար են: Շատերը համոզված էին, թե պատերազմը հազիվ երեք ամիս կտևի: Անդրանիկը կարծում էր, թե վեց ամսում կվերջանա: Նույն սխալը գործել են և եվրոպական դիպլոմատները, ինչպես անցյալ կռիվներում նույնպես և այժմ: Մի՞թե չեն սխալվել նաև Անգլիան, Գերմանիան: Դարձյալ մենք սխալվել ենք, որ ավելի հավատ ենք ընծայել ռուս մարդու հասունությանը: Բայց ո՞վ կարող էր սպասել Սուխոմլինովի կամ Ռասպուտինի դեպքերը: Մենք համոզված էինք, որ թուրքերը անպատճառ պետք է կոտորեն հայերին: Այս է ցույց տալիս թուրքերի պատմությունը: Հունաստանի ապստամբության ժամանակ նրա ազգաբնակության 2/3 մասը զոհվեց, իսկ մեզ ոչ ոք պաշտպանող չկար: Գերմանիան էլ ուզում էո հայերին տեղափոխել Միջագետք, թուրքերը դրա փոխարեն հայերին կոտորեցին: Երբ դրվում էր Հայաստանի հարցը, Ազգային բյուրոն պետք է հետևեր որևէ քաղաքականության և Բյուրոն հիմք ուներ հետևելու ռուսական օրիենտացիայի, քանի որ նրա շահերին համապատասխանում էր հայերին պահպանել: Ռեֆորմների գործի արձանագրությունը պարզապես այս է ցույց տալիս: Սրա վրա էր հիմնվում Ազգային բյուրոն և ոչ թե խոստումների և դոկտումնետների վրա, որոնք առանձին արժեք չունեն: Կամավորական շարժումը մասսայական բնույթ էր կրում և նրան զսպելն անմիտ բան կլիներ: Թուրքահայերին հարցնելը չէր կարելի: Նրանց մեջ տարբեր ու հակառակ կարծիքներ էին տիրում: Ասում են, որ պատերազմը ինմպերիալիստական է: Բայց ամբողջ աշխարհի սոցիալիստ լիդերները մասնակցում են պատերազմին ազատագրական նկատումներով, գտնելով, որ իրենց հայրենիքը վտանգված է. Ի վերջո, հռետորը ասում է, թե կամավորական շարժումով ստեղծվեց մի մթնոլորտ, որտեղ մեզ չեն ասի, թե մենք վախկոտ ենք, չեն կրկնի, «ты трус, ты раб, ты армянин»: (Անանունը տեղից «վա՜յ մեզ»):

Այնուհետև լինում են մանր հարց ու պատասխաններ, որոնց մեջ մասնակցում են Տեր-Զաքարյանը, Երզնկյանը, Արամը, պրոֆ. Հակոբյանը, Սպենդիարյանը, Լեոն:

Այնուհետև զեկուցանող Ս. Հարությունյանը պատասխանում է եղած առարկություններին, որոնք վերաբերում էին Բյուրոյին: Նա նկատում է, որ Բյուրոն մեղադրվում է նրանում, որ ընդունել է ռուսական օրիենտացիա: Բայց 1912-ին ոչ ոք չկար այս քաղաքականության հակառակ: Բոլորն էլ համաձայն էին, որ պետք է շահել ռուս քաղաքականության սիրտը: Մենք մինչև անգամ ավելի զգույշ էինք այս հարցում, երկյուղ կրելով, որ թուրքերը կարող են կոտորած հառաջացնել, բայց մեզ ապահովացնում էին, որ պատերազմը 3-6 ամիս կտևե և որ 600.000-ոց ռուսական բանակ կգա արագացրած չվով: (Բագրատ եպիսկոպոսը տեղից նկատում է. «Միշլաևսկին կաթողիկոսի մոտ ասաց, թե զենք չունենք»): Թուրքահայերն էլ շարունակ նայել են ռուսների վրա իբրև փրկիչների: Իսկ այժմ այստեղ մեզ դատափետում են: Խոստովանենք, որ բոլորս էլ սխալված ենք Եղել: Մենք գիտեինք, որ Վորոնցով-Դաշկովը խորամանկ է և քաղաքագետ, և զգույշ էինք նրա հետ: Ուզում էինք ռուսաց տրամադրությունը շահել: Դիմելով ձախակողմյաններին, հռետորն ասաց, թե դուք էլ չկանգնեցրիք մեզ: (Ն. Տեր-Դազարյանը տեղից. «Դուք տեռորի էիք ենթարկել այս դահլիճում ամենքին»: - Ս.Հարությունյան. «Իսկական գործիչը տեռորից չպիտի վախենա»): Առարկելով Հ Առաքելյանին , հռետորն ասաց, թե Տադավարյանը Եկել է Թիֆլիս Եգիպտոսի բարեգործական ընկերության ճյուղ բանալու և ոչ թե ուրիշ հանձնարարությամբ, քաղաքական հարցերի վերաբերմամբ:

Հ.Առաքելյան (տեղից նկատում է) - Նրան Բյուրոյում չէին ընդունում, որովհետև դաշնակցական չէր, ինչպես չընդունեցին Ամերիկայից եկած կամավորներին...