Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիտենք նաև, որ գավառի նկատմամբ որոշել էր ընտրությունները ղեկավարելու գործը հանձնել տեղիս հայրենակցական միություններից ընտրված միջկուսակցւսկան խմբերին: Սակայն գործնական քայլեր թե քաղաքի և թե գավառի նկատմամբ որոշումներն իրագործելու համար, չկան հրապարակի վրա:

Մինչդեռ դրա հետ ակնհայտ է ժամանակավոր խորհրդի ձգձգման քաղաքականությունը- որքան կարելի է անորոշ ժամանակի թողնել իսկական համագումարի գումարումը և նրան փոխարինել առայժմ Մոսկվայի «հայտնի» առաջարկի համաձայն կուլտուրական-հասարակական խմբակցությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների (նախկին ռեժիմին հատուկ) խորհրդակցական համագումարով, որը, ոմանց կարծիքով, կարող է վճռական ձայն ունենալ:

Այս մտքով էլ խորհուրդը իր վերջին նիստում, մեծամասնության որոշումով, երկրորդ անգամ հետաձգման առաջարկ է անում Թիֆլիսի կենտրոնական խորհրդին: Սակայն Թիֆլիսի խորհուրդը մինչև օրս ոչ մի պատասխան չի ուղարկել, նշանակում է օգոստոսի 6-ին ընտրություններ կատարելու հրահանգը մնում է յուր ուժի մեջ: Այդ երևում է նաև այն տեղեկություններից, որ հառաջ բերինք մեր հոդվածի սկզբում:

Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայ ժողովրդի լայն խավերի կողմից քառանդամ սիստեմով ընտրված ժողովրդական ներկայացուցչության կարիքը, ռուսահայերիս համար, և այժմեական է, և անհրաժեշտ, բացի այդ խոշոր դեր ունի կատարելու ներկա ծանր ու մտահոգիչ վայրում:

Ի նկատի ունենալով նաև այն, որ Ռուսաստանի համարյա բոլոր հայաշատ վայրերում արդեն որոշ ընտրական աշխատանքներ են թափված և օգոստոսի 6-ին, հրամանագրի համաձայն, ամենուրեք կատարվելու են այդ ընտրությունները մնում են տեղիս ժամանակավոր խորհրդին, որն իր վրա է վերցրել Բագու շրջանի ընտրություններ կազմակերպելու գործը, ընթացք տալ գործին, գործնական քայլեր անել, ընտրությունների գործը կազմակերպել և հնարավորություն տալ ընտրող հայ ազգաբնակությանը ձայն տալու իր թեկնածուների համագումարի համար:

Ար. Մեհրաբյան

«Արև», 01.08.1917:

N 33

Թղթակցություն «Արև» թերթում Ազգային համախորհրդակցության նկատմամբ

Ռոստով-Նախիջևանի հայության վերաբերմունքի մասին

8 օգոստոսի 1917թ.

Հայ գաղութներ: Ազգային համագումարը և տեղիս հայությունը:

Ռոստով-Նախիջևան, 27 հուլիսի: Մենք գտնվում ենք Ռուսահայոց Ազգային համագումարի ընտրությունների նախօրյակին: Այդ համագումարը հայ ժողովրդի ապագա բաղդը որոշող հեղինակավոր մի մարմին է և նրա դեմոկրատիկ ընտրությունը պիտի անթերի լինի և հայ հասարակության կողմից ոչ մի ջանք չպիտի խնայվի դրա համար: Մեր հասարակական, անհատական ուժերի արտակարգ լարումով պիտի հաջողեցնել, որ այդ համաժողովը ներկայացնի հայության բովանդակ կամքը և ներկայանա Սահմանադիր ժողովին ու առաջադրե այն քաղաքական և տնտեսական պահանջները, որոնք կազմում են հայ ժողովրդի ջերմ ցանկությունը: