Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետների մեզ համար միևնույն է: Թե մեկը, թե մյուսը մի մի փորձանք են այն ժողո¬ վրդի համար, որի անունը նրանք պիտի շահագործեն Համախորհրդակցության մեջ:

Այդ մանրամասնությունները չեն, որ պետք է ետ կանգնեցնեն Համախորհրդակցությունից հետևողական սոցիալիստներին: Չենք կասկածում, որ մենշևիկները և էսերները և նրանց հետ միասին հայերի «հավաքական զորության» իդեոլոգները ազգային ս.-դ.-ները պիտի շտապեն օգտագործել իրենց արված շնորհը: Սակայն համոզված ենք, որ այդ շնորհը արհամարհանքով ետ պիտի մղեն մեր ընկերները հայ բոլշևիկները: Հեղափոխական սոցիալ-դեմոկրատիան չի կարող ժամավաճառ լինել մի խորհրդակցության մեջ, որի նպատակն է ի մի խմբել անպատասխանատու տարրերին և հանուն հայ ժողովրդի «համաձայնություն» կնքել ինչ-ինչ մութ ու պղտոր խնդիրների շուրջ: Նրանք չեն կարող և ոչ մի խնդրում համերաշխ լինել ոչ հայ կաթողիկոսի, ոչ հայ վաճառականության, ոչ հայ խմբապետների և ոչ իսկ հայ «սոցիալիստների» հետ: Մեր ընկերները պետք է բոյկոտի ենթարկեն Ազգային համախորհրդակցությունը և մերկացնեն հայ բանվորության առաջ ազգային այդ կատակերգության հակաժողովրդական բովանդակությունը:

Ներհակ[1]

«Նեցուկ», 28.09.1917:

N 38

Թղթակցություն «Արև» թերթում Ալեքսանդրապոլում կայացած Ազգային

համախորհրդակցության պատգամավորների ընտրության արդյունքների մասին

28 սեպտեմբերի 1917թ.

Ալեք.-պոլ, 19 սեպտեմբերի [1917] - [Քաղաքային] դումայի նիստը փակվելուց հետո նախագահը հայտարարում է հայ ձայնավորներին չցրվել, այլ մնալ և հրահանգի համաձայն չորս ներկայացուցիչ ընտրել Ազգային խորհրդակցության համար:

Բոլշևիկ ֆրակցիայի լիդերն ասում է, որ եթե ընտրությունն որևէ կերպ կապ ունի դումայի հետ, ապա պիտի մասնակցեն դումայի բոլոր ձայնավորները առանց ազգի խտրության: Նրան պատասխանում են, որ Թիֆլիսի խորհրդակցությունն ազգային է, հետևաբար ոչ հայերը չեն կարող մասնակցել նրան ընտրությունների կամ այլ միջոցով: Բոլշևիկը համառում է: Ստիպված կարդում են միջկուսակցական բյուրոյի գրությունը ուղղված դումայի հայ ձայնավորներին ու մյուս օտարազգի ձայնավորները թողնում են դահլիճը:

Տեղի է ունենում խորհրդակցություն ընտրությունների շուրջ: նկատվում է երկու հոսանք: Մի մասը, գլխավորապես էսերները, գտնում են, որ գնացող պատգամավորները պիտի լինեն դումայի կուսակցությունների արտահայտիչը:

Մյուս մասը, որ և ջախջախիչ մեծամասնություն է կազմում, պատասխանում է նրանց.- Կուսակցությունները, իբրև կուսակցություն, արդեն միջկուսակցական բյուրոյի հրավերով ունեն իրենց արտահայտիչը խորհրդակցության մեջ: Ընտրող պատգամավորները պիտի լինեն այս կամ այն հոսանքի ներկայացուցիչը: Եվ որովհետև ներկա դեպքում միայն Ալեքսանդրապոլում, բացի դաշնակցությունից մյուս քաղաքական կուսակցությունները չունեն հայ մասսա, հետևաբար և նրանք չեն կարող, իբրև այդպիսին, ներկայացված լինել խորհրդակցության մեջ: Մյուս կողմից - բյուրոյի հրահանգը չի տրամադրում ընտրությունները կատարել ըստ

  1. Տե՛ս N 19 ծանոթագրությունը: