Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուսակցությունների: Նա ուղղված է դումայի բոլոր հայ ձայնավորներին անխտիր ու նրանց բոլորից էլ պատգամավորներ է պահանջում:

Չնայած դրան, երկրորդ հոսանքը զիջում է անում առաջիններին, հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ կիրառվում է դումայում բոլոր ընտրությունների ժամանակ: Դումայի տեր-ֆրակցիան Դաշնակցությունն է. որը դումայական բոլոր ընտրությունների ժամանակ, հարգելով մյուս կուսակցությունների հետ համերաշխ գործելու սկզբունքը, տեղ է տալիս նրանց, համաձայն նրանց թվական համեմատության ներկա դեպքում էլ վարվում է նույն ձևով, Ազգային խորհրդակցության մեջ ունեցած չորս տեղերից մեկը զիջում է մյուսներին: Այսպիսով, միաձայն ընտրվում են. ընկ. Նավասարդյան, բժ. Տերտերյան և բժ. Ղազարյան Դաշնակցությունից և Տեր-Գասպարյան էսերներից:

Ալեքսանդրապոլը Ազգային խորհրդակցության մեջ ունի ութ ձայն, 4-ը քաղաքային դումայի հայ ձայնավորներից, 1-ը գավառի կոոպերատիվների միությունից, 1-ը Արդության օր[իորդաց] դպրոցից, երկու հոգի էլ գավառի գյուղացիական միությունից:

Այժմ ընտրված են, բացի վերոհիշյալ չորս հոգուց, ընկ. Հ. Տեր-Հակոբյան գավառի կոոպերատիվ ընկերությունների «Շիրակ» միության կողմից և ընկ. Մ. Տեր-Աբրահպմյան Արդության դպրոցից:

Իրազեկ

«Արև», 28.09.1917:

N 39

Խմբագրական հոդված «Հորիզոն» թերթում. «Ազգային խորհրդաժողովը»

28 սեպտեմբերի 1917թ.
Թիֆլիս

Արդեն ամեն կողմից հավաքվել են պատգամավորներ Ազգային խորհրդաժողովին մասնակցելու համար: Մենք մեկից ավելին անգամներ առիթ ենք ունեցել այդ համախմբումի մասին մեր տեսակետները պարզելու - խորհրդաժողովի նախօրյակին ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս արտահայտել:

Հարկ չկա հիշեցնելու, որ ներկա խորհրդաժողովի հեղինակը ՀՀ Դաշնակցությունը չէ: Դաշնակցությունը շարունակ պնդել է և հնարավոր է համարել հրավիրել համագումար ռամկավար ընտրական սկզբունքով, որ միակ իրավատերն է բովանդակ ազգի կամքն ու բաղձանքները ձևակերպելու ու ներկայացնելու, սակայն մյուս հոսանքները աջից ու ձախից, սնոտի առարկություններով, համառոտ դիմադրություն են ցույց տվել համոզված, որ նման համագումարում իրենց վիճակվելու է ավելի քան համեստ տեղ: Ներկա խորհրդաժողովը կազմվում է այդ հոսանքների ջանքերով: Մենք մասնակցում ենք նրան վստահ, որ խորհրդաժողովը գործնական միջոցներ կմշակի թե համագումարը Փութացնելու և թե մի շարք անհրաժեշտ ազգային հարցեր կարգադրելու:

Թե առաջին և թե երկրորդ պայմանը հնարավոր կը լինի այն ժամանակ միայն, երբ խորհրդակցության եկած պատգամավորները խորհրդաժողովի վրա չմնային լոկ իբրև մի տեղի, ուր կարելի է տաք-տաք ճառեր խոսել և ապա թեթև սրտով հեռանալ, այլ իրական քայլեր անեն հոսանքների միջև գործոն համաձայնություն առաջ բերելու, մի տեսակ կոալիցիա ստեղծելու ազգային ուժերի մեջ: Այդ կոալիցիայի հետևանքներից աոաջինը պետք է լինի Ազգային մի մարմնի կազմակերպումը, որը մինչև համագումար կը վարե ազգային այն ընթացիկ խնդիրները, որոնք ստիպողաբար լուծում են պահանջում: Եթե հոսանքներն այսպիսի տրամադրությամբ