Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշխատավոր ժողովուրդը ևս, յուր մեծամասնությամբ տակավին անկազմակերպ ու դասակարգային ինքնագիտակցությունից զուրկ, յուր տնտեսական պայքարը տեսնում է երբեմն մինչև այն աստիճան, որ խախտվում են պետականության հիմնական շահերը և արդյունաբեր ուժերի անարգել զարգացումը:

Այս տագնապալից կացության մեջ սոցիալ-քաղաքական վարքի այն գիծը, որ կարող է դուրս բերել երկիրը արդի մահամերձ դրությունից, կարող է լինել միայն այն, որը ներդաշնակորեն համաձայնաեցնում է աշխատավոր դասակարգի, պետականության և արդյունաբեր ուժերի զարգացման շահերը:

Այս քաղաքականությունը իրագործելու համար անհրաժեշտ են հետևյալ նախապայմանները.

1. Պիտի կազմակերպվի թե կենտրոնում և թե երկրի մեջ հին ռեժիմի բոլոր մնացորդներից ազատ հեղափոխական աշխատավորության և երկրի բոլոր կենսական տարրերի շիտակ կոալիցիայի հիման վրա կառուցված մի զորավոր իշխանություն, որը նպատակ կդնի իրեն իրագործելու օգոստոսի 14-ին հայտարարած դեմոկրատական ծրագիրը,

2. Դեմոկրատական և հեղափոխական իշխանության հստակ տեխնիկական օրգանների խիստ և արթուն հսկողության և կանոնավորման պիտի ենթարկվի երկրի ամբողջ արդյունաբերությունը:

3. Բանվոր և գյուղացի ժողովուրդը պիտի ստեղծի իր տնտեսական ու քաղաքական ինքնուրույնության բոլոր հիմնարկությունները և պիտի վարժվի հեղափոխական ու դասակարգային դիսցիպլինային ենթարկելու իր բոլոր գործողությունները:

Ապա արդի անարխիական դրության վերացման համար հիմնական պայման պիտի դիտվի համաշխարհային պատերազմի շուտափույթ վերջացումը, պատերազմի, որ Ռուսաստանում գոնե թե օբյեկտիվորեն և թե սուբյեկտիվորեն անհնար է դարձել: Հաշտությունը, սակայն, պիտի կնքվի դաշնակից ժողովուրդների կազմակերպ դեմոկրատիայի միջնորդությամբ դաշնակից պետությունների հետ միասին կամ սրանց համաձայնությամբ:

Անդրկովկասի մեջ հայ սոցիալիստական ու հեղափոխական դեմոկրատիայի հիմնական նպատակները պիտի լինեն.

1. Դուրս բերել հայ ժողովուրդը, այն վտանգավոր մեկուսացումից, որի մեջ նա գտնվում է թե կովկասյան ազգերի և թե այն տարրերի դիմաց, որոնք արդի ռուս հեղափոխության հզոր կրողներն են հանդիսանում:

2. Նպաստել ամեն կերպ Կովկասի բոլոր ժողովուրդների օրգանական մերձացման քաղաքական, տնտեսական և կուսակցական ինտերնացիոնալ կազմակերպության հողի վրա:

3. Կյանքի հրավիրել ժողովրդական տնտեսական ինքնուրույնության բոլոր օրգանները և, չխախտելով պետականության ու արդյունաբերության շահերը, վարել դասակարգային խիստ ու կազմակերպ պայքար գյուղի և քաղաքի շահագործող դասակարգերի դեմ առանց որևէ փափկանկատության դեպի նրանց ազգային պատկանելությունը:

4. Ստեղծել մի զորավոր իշխանություն, որը պիտի կանգնի ոչ թե այս կամ այն ազգի ...[1] ցանկությունների վրա, այլ պիտի վարի համապետական, դեմոկրատական և հեղափոխական մի քաղաքականություն:

Նույն գործը, թ.22-23 և հակ.:

  1. Բառն անընթեռնելի է: