Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գ Նիստ

3 մայիսի 1917թ.

Ներկա են պատգամավորներ և խորհրդակցական ձայն ունեցողներ:

Նախագահում է Վահան Փափազյանը:

Նիստը բացվեց ժամը 10 1/2-ին: Կարդացվեց հայ գյուղատնտեսական ընկերության և «Հայաստան» թերթի խմբագրության կողմից համագումարին ուղղված ողջույնի հեռագիրները:

Նախագահը ժողովին ներկայացրեց Ներսես Սրբազան Մելիք - Թանգյանին, որ խոսք առնելով, պատգամավորներին զեկուցում տվեց Պետրոգրադի մեջ Ռուսաստանի բոլոր փախստականական մարմինների ժողովում եղած որոշումների մասին, որը հետևյալներն են.

1. Որոշված է միջոցներ ձեռք առնել քրդերի ազատ գործունեությանը առաջը առնիլու համար:

2. Որոշված է նպաստի քանակը բարձրացնել այն քանակությամբ, որ համապատասխան լինի ներկա տնտեսական թանգության:

3. Տարին երկու անգամ հագուստի դրամ բաշխել, յուրաքանչյուր անգամ անձ-գլխին քսան ռուբլի վճարելով:

4. Թե Թիֆլիսի և թե գավառների մեջ կկազմվեն հանձնաժողովներ փախստականական գործերը ղեկավարելու համար, և այդ հանձնաժողովներին պիտի մասնակցեն նաև փախստականներ:

5. Սմկոյին և նման ավազակներին ձերբակալել և Վան տանող երեք ճանապարհները ապահովել:

Սրբազանը հույս հայտնեց, որ այդ որոշումները հաստատուելու համար ներկայացված են ժամանակավոր կառավարության, և պիտի հաստատվեն, որով փախստականական գործերը դրված կլինեն որոշ սկզբունքների վրա և հետևաբար դրանից հետո գործերը ավելի կանոնավոր պիտի ընթանան: Ապա հայտնեց նույնպես, որ ինքը Վեհափառ կաթողիկոսի կողմից ժամանակավոր կառավարիչ է նշանակված Վանի, Ալաշկերտի, Մուշ- Բասենի շրջանի համար: Խնդրեց, որ եթե այդ շրջանի պատգամավորներն վստահություն ունեն իր գործունեության վրա արտահայտեն իրենց վստահությունը: Բոլոր պատգամավորներն և մասնավորապես Երկրի պատգամավորները ծափահարությամբ իրենց վստահությունը հայտնեցին, միաժամանակ գնահատելով Սրբազանի անցյալ և ներկա գործունեությունը. Երկրի պատգամավորները փափագ հայտնեցին, որ Սրբազանը նախքան իր պաշտոնատեղին մեկնելը, ունենա իրենց հետ խորհրդակցություններ:

ժողովը, անցնելով իր օրակարգին, այսինքն հանձնաժողովների /սեկցիա/ ընտրության ձեռնարկեց հետևյալ հանձնաժողովների ընտրության, միաձայնությամբ քվեարկվեցին.

6. Կազմական կանոնագրի հանձնաժողովին որպես անդամներ հիտևյալ յոթը անձնավորությունները.

1. Գրիգոր Վարդանյան
2. Աղաբեկ Համբարյան
3. Լազո Ղազարյան
4. Արամ Մանուկյան
5. Տիկին Զապել Եսայան
6. Ավետիս Թերզիպաշյան
7. Հմայակ Մանուկյան