Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այնուհետև նախագահ Ա.Ահարոնյանն առաջարկում է կազմել օրակարգ, որ և կազմվում է այսպես. 1. Զեկուցումներ հաշտության պատուիրակության. 2. Զեկուցում կառավարության անդամների. 3. Զեկուցում զինվորական դրության մասին, 5. Զեկուցումներ Երևանի և Կարսի շրջանների ներքին դրության մասին, 6. Պատերազմի և հաշտության խնդիրը:

Բեկզադյան և Երզնկյան- այն կարծիքն են հայտնում, որ թե՛ պատերազմը շարունակելու և թե՛ հաշտություն կնքելու դեպքում ժողովը պիտի զբաղվի երկրի պաշտպանության հարցով, որ և ավելացնում է օրակարգի վրա իբրև 7-րդ կետ:

Նախագահն իբրև հարկադրական ցանկություն ժողովին հայտնում է այն, որ նրա բոլոր որոշումները մնան ըստ ամենայնի գաղտնի, մանավանդ, որ հակառակ դեպքում ոչ գաղտնապահությունը կարող է անցանկալի ազդեցություն ունենալ զորքի տրամադրության վրա: Հ.Չոլախյանն առաջարկում է ժողովի նպատակների մասին հետաքրքրվող անձանց տալ միատեսակ պատասխան, այն որ խորհրդակցությունը խորհելու է ֆրոնտի պաշտպանության հնարավոր միջոցների մասին:

Ռուբեն Տեր-Մինասյան- այն կարծիքն է հայտնում, թե ինքնին այն հանգամանքը, որ պատերազմի և հաշտության խնդիրը քննվում է այս քաղաքում, ֆրոնտին մոտ, դա արդեն ֆրոնտը թուլացնող հանգամանք է, ուստի և բողոքում է այդ բանի դեմ, նման մի հարց քննելու համար պետք էր գնալ ավելի հեռու:

Հ. Քաջազնունի- բողոքում է Ռուբենի հայտարարության դեմ և չէ կարող թույլ տալ նման մի միտք, որ ժողովի որոշումները դուրս տարվեն և որևէ կերպ ազդեն ֆրոնտի վրա:

Ա. Երզնկյան- այն կարծիքին է, որ ժողովի որոշումներից մի քանիսը պիտի հրապարակվեն, հասարակությունը պիտի իմանա այդ մասին:

Ս. Մամիկոնյան- եթե կուսակցությանց ներկայացուցիչները իրենց ժողովներում պիտի զեկուցումներ տան քննելիք խնդիրների մասին, ապա ուրեմն ինքնախաբեություն է գաղտնապահությունը:

Հ. Քաջազունի- այն կարծիքի է, որ ժողովում քննելի խնդիրները պիտի մնան գաղտնի, հետո ժողովը ինքը կորոշի, թե ինչ որոշումներ պիտի հրատարակել: Այս կարծիքը համարվում է ընդունելի:

Ա. Զոհրաբյան- այն կարծիքին է, որ ներկա ժողովը ոչ թե պատերազմի և հաշտության, այլ ինքնապաշտպանության և հաշտության խնդրով պիտի զբաղվի:

Ս. Վրացյան- առաջարկում է օրակարգի բուն խնդիրներին չդիմել այս նիստին, քանի որ Երևանից ու Կարսից պատգամավորները չեն եկել, քիչ հետո պիտի գա գլխավոր զորահրամանատարը, այսօր բավականանք նրա զեկուցումը լսելով:

Ս. Հարությունյան- առաջարկում է անմիջապես անցնել օրակարգի քննության, բացակայող անդամները կարող են մասնավոր կերպով ծանոթանալ արված զեկուցումներին:

Մ. Հարությունյան- պաշտպանում է Վրացյանի առաջարկը մանավանդ որ շրջանների ներկայացուցիչներին հայտնվել է, որ խորհրդարանական նիստերն սկսվելու են վաղը, ամսի 7-ի առավոտը: Առաջարկը ընդունվում է:

Նախագահը կարդում է Ալեքսանրյըոպոլի արտակարգ հանձնաժողովի անդամներ Կիրակոսյանի, Բաղրամյանի, Ասրիբեկյանի և Մարգարյանի գրավոր հայտարարությունը, որով խնդրում են իրենց թույլ տալ ներկա լինելու ժողովի նիստերին, որ և հարգվում է: Դրանից հետո հայտարարվում է ընդմիջում:

ժամը 10 ½-ին վերսկսվում է ժողովը ներկայությամբ գլխավոր զորահրամանատար Լեբեդինսկու, կորպուսի հրամանատար գեն. Նազարբեկովի, կորպուսի շտաբի պետ գեն. Վիշենսկու և գեն. Կորգանովի: Նախագահը երկու խոսքով պարզում է ժողովականներին խորհրդակցության նպատակը: Խոսք առնելով գեն. Լեբեդինսկին ասում է հետևյալը - Մենք զինվորական խնդիրներում ուշացել ենք երկու ամսով, զորահավաքը փոխանակ դեկտեմբերին սկսելու, սկսվեց փետրվարին: Ես