Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հեռագրի ընթերցումից հետո հայտարարվում է ընդմիջում 10 րոպե: ժողովը վերսկսելուց հետո խոսք է տրվում Ս. Հարությունյանին: Ըստ հեռագրի, ասում է նա, ստեղծվում է նոր դրություն, որի մասին խոսելը և քննելը անկարելի է այստեղ, Ալեքսանդրոպոլում, ուստի կոնֆերանսը այս կազմով վաղն ևեթ պիտի տեղափոխել Թիֆլիս, ուր կարելի կլինի անմիջապէս խոսել մեր հարևանների հետ:

Ա. Երզնկյան- հայտարարում է, որ ինքը և իր ընկերները այս գիշեր ևեթ պիտի մեկնեն Թիֆլիս, ուր ունեն ֆրակցիայի ժողով, ուստի առաջարկում է առաջին հերթին դնել անկախության և կառավարության խնդիրները, որոնք սերտ կերպով կապված են իրար հետ: Առաջարկում է նաև խոսելու ժամանակամիջոցը կրճատել 10 րոպեով: Առաջարկը պաշտպանում են Մ. Ղարաբեկյան և Հ. Բեկզադյան: Ս. Մամիկոնյանն և U. Ղազար յանն առաջին հերթին անհրաժեշտ են համարում պատերազմի (ինքնապաշտպանություն) և հաշտության խնդիրը քննել ու վերջացնել:

Ա. Շահխաթունյան- բնավ անհրաժեշտ չէ համարում այսօր մեկնել, դա առաջ կբերի անտեղի շփոթ:

Ընդունվում է առաջարկը շարունակել արծածված խնդրի քննությունը և գիշերվա ժամը 1-ին այս կազմով մեկնել Թիֆլիս:

Լեօ - Նոր դրությունը, որ ստեղծվում է այժմ, հիմնովին փոխում է խնդրի քննությհւնը: Ստեղծվում է նոր 2-րդ ֆրոնտ, որ մեր առջև պիտի ծառանա Ադրբեջանի անկախության հայտարարումով: Տաճկաստանը ինքը հենց այժմ չի պահում Բրեստ- Լիտովսկի դաշնագիրը, քանի որ համաձայն դրա, Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները պիտի լինեն ինքնավար, ինքնորոշվեն, բայց ո՛չ գրավվեն Տաճկաստանի կողմից, որ անում է նա այժմ: Թուրքերը Ադրբեջանի անկախությունը հայտարարելով նրանց, առաջին գործերից մեկն է լինելու, իմ կարծիքով, պատերազմ հայտարարել մեզ:

Հ. Քաջազնունի- անում է հայտարարություն, որ հեռագիրը իր հիմնական տեսակետները չի փոխում, բայց այժմ, նոր դրության հետևանքով, մենք ստիպւած պիտի լինենք շարունակելու պատերազմը:

Մ. Արզումանյան - Մենք լավ չենք կռվում, որովհետև հայ ժողովուրդը սովոր է, որ իրեն և իր երկիրը պաշտպանի ռուսը, այժմ ինքը պիտի պաշտպանի, և այդ ծանրությունը նա զգում է: Բացի դրանից ֆրոնտի պաշտպանության գործը թուլանում է նրանով, որ ամենքն անխտիր թալանով են զբաղված, չեն մտածում կռվի մասին: Սակայն այժմ տրամադրությունը բարձրանում է: ՊԷտք է ամեն գնով պաշտպանել ֆրոնտը: Եթե որոշենք տալ Կարսը ոչ մի զինվոր և ոչ մի սպա չի մնա զորքի շարքերում և սահմանը բաց պիտի լինի թշնամու առաջ:

ժամը 8-ին նիստին եկան գեներալներ Նազարբեկյանը և Վիշինսկին, որ հայտնեցին, թե այսօր մեր զօրքերը հետ են գրավել թողած դիրքերը, գնդացիրները ու վերցրել են գերիներ: Դրությունը արդեն հաստատուն կարելի է համարել վերջապես: Գեներալ Տեր-Հակոբյանը հեծելազորք է տեղափոխել ձախ թևից աջ թևը: Այսօրվա կռիվների զոհերը 150 հոգի սպանված և վիրավոր, 100-ը անհայտ կորած, ընդհանուր թիվը կորուստների մոտ 350: Թշնամու մասին կա հետևյալ տեղեկություններ - աջ թևի դեմ 2 գունդ, ձախի մեկ գունդ, ընդամենը մոտ 3 հազարից ոչ ավելի կանոնավոր զորք (բացի քրդերից):

Նախ[ագահ]ը խնդրում է հրամանատարության թե ի՜նչ է մեզ պակասում պաշտպանությունը հաջող տանելու համար:

Նազարբեկով- Անհրաժեշտ է մարդ, հրացան, ուտելիք և այլն: Վաղվա մասին ոչ մի խոսք չեմ կարող ասել, разведка չկա: Թուրքերը պետք է ողջ ուշադրությունը դարձնեն Կարսի վրա, արդեն կան լուրեր, որ երևացել են Մերդինիկի մոտ, հրացան չկա, մարդ չկա, եթե լինի, կարող ենք դիմադրել: Հաջողության մասին ոչ մի խոսք, կանենք ինչ որ կարող ենք, դուք տրամադրությունը բարձրացրեք, մենք էլ մերը կանենք: