Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս հանգամանքը չեն թաքցնում հենց իրենք տաճիկները և դրանով էլ պատճառաբանում են Կարսի և Բաթումի գրավման անհրաժեշտությունը:

Հիշյալ բերդերի գրավմամբ Տաճկաստանը, հիրավի կապահովի իրեն միայն մի անհրաժեշտ պայմանով, այն է, եթե իր կողքին լինի անկախ, լավ է ասել, Ռուսաստանից անջատված Անդրկովկաս: Այս դեպքում Տաճկաստանը իր հավաստիացումների մեջ անկախ է, երբ պնդում է, որ Անդրկովկասը գրավելու մտադրություն չունի, որ չափով որ իր մտադրությունը կապում է անջատված Անդրկովկասի պայմանի հետ: Իսկ եթե Անդրկովկասը իրեն անկախ չհայտարարի և կամ հայտարարելուց հետո նույն Անդրկովկասը իր ծոցում ունենա այնպիսի խոչընդոտներ, որոնք խանգարեն անկախ Անդրկովկասը Տաճկաստանի վասալը դարձնելու ու անդառնալի կերպով նրան Տաճկական օրբիտի մեջ մտցնելու, այդ դեպքում Տաճկաստանը չպիտի համարի իրեն ապահովված հյուսիսից, պիտի ձգտե վերացնելու այդ խոչընդոտները:

Կարո՞ղ է արդյոք Անդրկովկասը իրեն անկախ հայտարարել և խլել իր բոլոր կապերը Ռուսաստանի հետ, և ինչ՞ու պիտի այդ անի:

Նախ և առաջ պիտի ասեմ, որ ես միանգամայն ճիշտ եմ համարում նկատառումը, որ իբր թե համաձայն Բրեստի դաշնագրի, երբ Անդրկովկասը անկախ լինի, նա իրավունք կունենա և կարող կլինի ազդել կտրվող գավառների բախտի տնօրինման վրա: Այդ գավառների ազգաբնակչության գերազանց մեծամասնությունը պարզորեն կոչված է կցվելու Տաճկաստանին: Եթե նույն իսկ թույլ տանք Կարսի տեղական ժողովուրդը ցանկություն ու վճռականություն ունենա իրեն համար ավտոնոմ կյանք ստեղծելու և կամ Կովկասին միանալու, միթե կասկած կարող է լինել, որ Տաճկաստանը այդ հանդուրժել չի կարող: Չէ՞ որ բացարձակ կերպով Տաճկաստանը հայտարարում է, որ Կարսը, Արդահանը ու Բաթումը պետք է լինեն իր ձեռքում իբրև բերդեր: Այլեւս ինչ տարակույս կարող է լինել, որ այդ գավառների բախտը Տաճկաստանի համար կանխորոշված է:

Կարսի ու Բաթումի տալուց հետո, Անդրկովկասի անկախ հայտարարվելը համահավասար է հայ և վրացի ժողովուրդների ինքնասպանման: Դա ոչ միայն դարձնելու է Անդրկովկասը Տաճկաստանի վասալ մի գավառ, այլև անխուսափելիորեն պիտի տանի հայության, գուցե և վրաց ժողուրդի բնաջնջման:

Նախ և առաջ Ռուսաստանը չպիտի հաշտվի Անդրկովկասի կորստի հետ և այսօրվա անջատումը, չպիտի նկատի անկախության գաղափարի իրականացումը, այլ մի բռնության ակտ, որին ակամայից ենթարկվել է Կովկասը Տաճկաստանի ճնշման տակ: Նույնիսկ այսօրվա Ռուսաստանը առաջիկա ամիսներն իսկ պիտի ձգտե մտնելու Կովկասի սահմանները և ազատագրելու երեկվա իր մասսաները Տաճկական ու տեղական բեգության բռնակալությունից:

Եթե անգամ այդպիսի ձգտումներ չլինեն Ռուսաստանի կողմից և նա վերջնականապես հաշտվի Անդրկովկասի անջատման մտքի հետ, դրա հետ չի հաշտվելու հայությունը, որը միշտ պիտի զգպ իր գլխեն տեղական թրքության ու Տաճկաստանի կախված թուրը ու իր հայացքը հառելով դեպի հյուսիս, առիթներ պիտի փնտրե Ռուսաստանին ներս բերելու ու ազատագրվելու: Անգամ վրաց ժողուուրդը, որքան էլ այսօր նա գզված լինի ռուսներից և մտածի Տաճկաստանի հովանու տակ ավտոնոմիայի բարիքները վայելելու, վաղը, Երբ իր կաշվի վրա կզգա Տաճկաստանի բռնանցքը, պիտի տենչա ու ձգտե Ռուսաստանի հովանավորության:

Եթե իսկապես Ռուսաստանը փորձե ներս գալու, բնական է որ Կովկասի քրիստոնեա ժողովուրդները չեն դուրս գալու ու զենքով դիմադրելու նրան: Իսկ Տաճկաստանը, իհարկե չի հանդուրժելու, որ իր «Բարեկամ դրացին» վտանգվի, նա ինքը պիտի ներս գա և բռնի այն դռները, որով Ռուսաստանը մտադիր կլինի առաջանալու: Դա կլինի փաստացի գրավում Անդրկովկասի: