Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկրորդ դեպքում, եթե Ռուսաստանը ինքը հաշտվի Կովկասի կորցնելուն հետ, ինքը Տաճկաստանը, ինչպես և տեղական թուրքությունը չի կարող չզգալ ու հասկանալ, որ քրիստոնեա ազգաբնակչությունը իր հոգեկան կապերով ու սպասելիքներով մի մշտական սպառնալիք է Ռուսաստանի առաջխաղացության և, տարակույս չկա, որ պիտի աշխատի այդ խոցը կորզելու ու իրեն մշտապես ապահովելով, ինչպես արեց նա տաճկահայոց վերաբերմամբ, ճիշտ նույն նկատումներով ու նույն պայմաններում: Եվ քանի որ տեղական թուրք ազգաբնակչությունը պիտի ունենա վերին աստիճանի ագրեսիվ տրամադրություն և դառնալու սանձարձակ, Տաճկաստանի համար խնդիրը շատ է դյուրանալու:

Հուսալ, որ Գերմանիան կամ նրա դաշնակիցները այլ կերպ կնային Կովկասի իրականության ու կթելադրեն այլ կերպ վարվել Կովկասի քրիստոնեայ ազգաբնակչության հետ, մենք հիմք չունինք: Այդպիսի խնդիրներում գուցե Գերմանիան ինքը անկարող լինի արգելք հանդիսանալ Տաճկաստանի մտադրություններին և շատ հավանական է, որ երբ խնրփրը գա Կովկասը հյուսիսից անվտանգ դարձնելուն, ինքը' Գերմանիան թելադրողը ու ծրագրողը լինի վտանգավոր տարրերի վերացման, ինչպես այղ եղավ Տաճկահայաստանում:

Այսպիսով, Բրեստի դաշինքը ընդունելուց հետո, հնարավոր է երեք դրություն. 1/ կամ, չտալով ոչ մի նշանակություն կապած դաշինքին, անմիջապես Տաճկաստանը առաջանում է ու գրավում Անդրկովկասը, 2/ կամ կանգ է առնում որոշված սահմաններում ու ստիպում Անդրկովկասը անկախ հայտարարել ու փաստորեն դառնալ իր վասալ նահանգը և 3/ կամ գրավում է Կովկասը, եթե մենք հրաժարվում ենք անկախ հայտարարելուց ու մնում ենք Ռուսաստանի մի մասը: Վերջին դրությունը անխուսափելի է, քանի որ տեղական թուրք ազգաբնակչության համար դեռ հանդուրժելի է անկախ Անդրկովկասը, իսկ երբ խնդիրը գա Ռուսաստանի հետ կապված մնալուն, տարակույս չկա, որ նա ամեն միջոց ձեռք է առնելու Տաճկաստանին հրավիրելով ու կցվելով իր ազգակից պետության:

Երեք դեպքում էլ հայության, գուցե նաև վրացության բախտը կանխորոշված է, վաղ թե ուշ բնաջնջումը անխուսափելի է:

Ահա այս պատճառով էլ ես միանգամայն կորստաբեր եմ համարում Բրեստի դաշնագիրը ու Կարսը տալով, պատերազմը դադարեցնելը:

Կարող է առարկություն լինի, որ Բրեստի դաշնագիրը ընդունելուց հետո, մենք հնարավորություն կունենանք մեր բանակը ու ռազմական ուժերը պահելու ու դրանով ապահովելու մեր հետագա անելիքների ազատությունը և շարունակելու կռիվը, եթե Տաճկաստանի կողմից տենդենցներ նկատվի առաջխաղացության:

Ինձ թվում է, որ այն րոպեին, երբ հայտարարվեց, որ խաղաղությունը կնքված է, որ սահմանները որոշված են, տիրելու է սոսկալի հոգեկան ռեակցիան, որը կհաջորդի չորս տարվա հոգնածությանը:

Ոչ միայն կչքանա ոգևորությունը, կռվելու ու պաշտպանվելու ձգտումը, որը նկատվում է այժմ և ձեռք է բերված երկար փորձություններից հետոո, այլ և ամբողջ բանակը կհալվի ու ոչ մի զինվոր չի մնալ զենքի տակ: Կասկածից դուրս է, որ դաշնագիրը ընդունելու օրից փաստորեն զինաթափ են լինելու ու լուծվելու են մեր զինվորական ուժերը և բացելու ենք բոլոր դռները Տաճկաստանի առաջ:

Այս վերլուծումից հետո ինձ մնում է անել միայն հնարավոր եզրակացություն: Ամեն պարագային մենք շարունակում ենք կռիվը և երբեք չպետք է կամովին ձեռքից տանք այն դիրքերն ու ամրությունները, որ կարող են ուժեղացնել մեր դիմադրական ուժը: Եթե անգամ այդ կռիվը լինի միանգամայն անհույս և հետևանքը պարզ, այնուամենայնիվ մենք չենք կարող գիտակցաբար զենքը ձեռքից վար դնել:

Ես ինձ իրավունք չեմ համարում դատելու, որքան արժեքավոր է մեր ռազմական կարողությունը և կարող ենք արդյոք մենք շարունակել պատերազմը, հույս ունենալով հաջողությամբ դիմադրելու Տաճկաստանին: