Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց և այնպես կարիք եմ զգում հայտնելու իմ կարծիքը այդ խնդրի մասին: Ինձ թվում է, որ մեր ռազմական ուժը, Տաճկաստանի հանդեպ, հենց ներկայիս արդեն հանդիսանում է որոշ գրավական, իսկ գնալով նա զարգանալու ու ուժեղանալու է, մինչդեռ Տաճկաստանինը գնալով պակսելու ու թուլանալու է: Նախ պետք է ի նկատի ունենալ, որ մեզանում դեռ նոր է ժողովուրդը զգում վտանգի սարսափը և նոր է առաջ գալիս զոհաբերության պատրաստականության: Դիսցիպլինայի անհրաժեշտությունը սկսում է արմատ ձգել կռվող մասսաների գիտակցության մեջ: Իսկ հակառակ կողմի զորքերը հեռանալով իրենց գլխավոր հենակետերից ու զրկվելով մատակարարման դյուրություններից՝ առաջին արշավից հետո, պիտի մեծ հոգնածության ու հանգստի կարիք զգան, մանավանդ, եթե մեզ հաջողվի միառժամանակ կանգնեցնել նոցա իրենց տեղերում և հարվածների տակ պահենք:

Ինձ նույնպես թվում է, որ այնքան էլ հոռետես չպիտի լինենք վրացական ուժերի վերաբերմամբ: Նույն կազմալուծումը հիասթափությունը մենք նկատեցինք մեր խոշոր անհաջողությունից հետո, երբ տվինք էրզրումը ու Սարիղամիշը: Եվ սակայն դրանից հետո մեզ հաջողվեց ցնցել զինվորական մասսաները և նոցա կազմակերպել: Հիմք չունենք կասկածելու, որ վրացիներին ևս, երբ արդեն զգացվեց նոցա համար ևս վտանգի սարսափը, չի հաջողվի կարգի բերելու իրենց զինվորական ուժերը: Այն կազմալուծումը, որ նկատվում է այժմ վրացական գավառներում, ինձ թվում է շուտով անցնելու է և վրաց ժողովուրդը պիտի կարողանա կազմակերպել իր ռազմական ուժերը: Դրա նշանները արդեն նկատվում է և վերջին տեղեկությունները արդեն ցույց են տալիս, որ նոցա բանակը ևս սկսել է կռվել ու դասալքությունը նվազել է:

Ամենախոշոր հարցը, պատերազմը շարունակելու համար, իհարկե, զինամթերքի պակասն է: Սակայն իմ ունեցած տեղեկություններով մեր պաշաղները և այն աղբյուրները, որ դեռ կարող են օգտագորվւել, այնքան էլ աննշան չեն և անհնար չպիտի համարել Ռուսաստանից հետագայում ռազմամթերք ստանալը: Այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն կատարվում են և մեծ հավանականություն կա, որ հաջող ելք կունենա:

Եզրափակելով իմ կարծիքը, ես գտնում եմ, որ պատերազմը դադարեցնելը մեզ համար ինքնասպանության նշանակություն ունի: Իսկ մեր անվերջ տատանումները և հասարակական զանազան խմբակցությունների ու օրգանների ագիտացիան հօգուտ Բրեստի դաշնագրի, մեծապես թուլացնում է մեր դիմադրական ուժը, անվստահություն ներշնչում կռվողներին և կազմալուծում առաջ բերում թիկունքում: Վճռականապես պետք է որոշել ու ցուցադրել, որ կռիվը շարունակվելու է և որ անհույս մի կռիվ չէ, որը անվիճելի կերպով տանում է մեզ դեպի կորուստ:

Խ. ԿԱՐՃԻԿՅԱՆ

ֆ.222, ց.1, գ.122,թ.1-4: Ձեռագիր: Բնագիր:

Չորրորդ նիստ

8/21 ապրիլ, 1918

Նիստը բացվեց առավոտյան ժամը 10 1/4 -ին նախագախությամբ Ա Ահարոնյանի և քարտուղարությամբ Ա.Աբեդյանի: Օրակարգի խնդիրներն էին՝ 1. իշխանության խնդիր, 2. ինքնապաշտպանության խնդիր:

Ն. Աղբալյան- Ադրբեջանի սպասվող բաժանումով հայերը և վրացիները մնում են առանձնացած: Հայերի և վրացիների ընդհանուր գործը (պատերազմ) վարելու համար պիտի ընտրել մի ընդհանուր կառավարություն, իսկ Վրաստանի և Հայաստանի համար-առանձին-առանձին կառավարություններ: Դա բնական է, այդ ուղղությամբ էլ զարգանում է ազգային կյանքը: