Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընդունվում է հիմք առաջին բանաձևը:

Սամ. Հարությունյանը առաջարկում է ոչ մի բանաձև չընդունել, այլ բոլոր բանաձևերը թողնել կառավարության հայ անդամների մոտ, որ ի նկատի ունենան: Այդ առաջարկը չի ունենում արձագանքում: Ուշ լինելու պատճառով նիստի շարունակությունը թողնվում է երեկոյան:

ՀԱԱ, ֆ.Պ-222, ց. 1, գ. 123, թթ. 15-20: Ձեռագիր: Բնագիր:


Հինգերորդ նիստ

8/21 ապրիլի, երեկոյեան ժամը 6%-ին

Նիստը բացվում է երեկոյան ժամը 6 ½ նախագահությամբ Ա.Ահարոնյանի և քարտուղարությամբ Ա. Սատմբոլցյանի: Օրակարգի խնդիրն է նախորդ ժողովում հիմք ընդունված բանաձևի վերջնական խմբագրումը և Անդրկովկասյան իշխանության խնդրի վերջնական լուծումը: Նախագահը կարդում է այն բանաձևը, որ ընդունվեց իբրև հիմք: Ռ. Քաջազնունին առաջարկում է բանաձևից հանել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի մասին եղած ամբողջ հատվածը: Այդ առաջարկի առթիվ տեղի է ունենում թեր ու դեմ վիճաբանություն: Ոմանք՝ բժ.Զավրիևը, Մ. Պապաջանյանը, ԳԽատիսյանը այն կարծիքին են, թե պետք է այնպիսի որոշում կայացնել, որ կարելի լինի հարմարացնել հետագայի նոր առաջ եկած պայմաններին, ուստի և կողմնակից էին, որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հիշատակումը հանվի բանաձևից, իբրև մի կետ, որ կարող է հետագայում արգելք լինել մեր դիվանագիտական հարաբերություններին: Մյուսները /Ա.Երզնկյան/ համարում են,որ այդ առաջարկ է հիմնական ժխտումն ընդունուած բանաձևի, անպատասխան թողնելով մի շատ կարևոր խնդիր, անորոշության մեջ է դնում կառավարության հայ անդամներին: Եթե ամեն ինչ թողած է նրանց, ապա բանաձև բնավ հարկավոր չէ:

Նախագահը անվանական քվեարկության է դնում: Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հիշատակումը բանաձևից հանելուն ձայն են տալիս 20 հոգի, պահելու 18, ձեռնպահ մնում են 5 հոգի:

Ապա փոխվում է «պատերազմի» տեղ «երկրի պաշտպանություն» բառերով: Այնուհետև Ստ.Մամիկոնյան առաջարկում է խաղաղության մասին եղած կետը հանել: Պատերազմի ժամանակ խաղաղության մասին չեն մտածում, դրանք տատանումներ են առաջացնում: Դրա մասին կարելի է խոսել իբրև հնարավորություններ, և ոչ կատեգորիկ պահանջ: Դրանք պահել իբրև հրահանգ և ոչ հայտարարություն:

Մ. Պապաջանյան առարկում է, որ չի կարելի անվերջ կռիվը շարունակել, պետք է ժողովրդին դրությունը պարզել, որ կռիվը հուսահատական չէ: Կարելի է այնպես անել, որ մի բանաձևը մնա իբրև գաղտնի հրահանգ կառավարության, մյուսը հասարակությանը հայտնելու համար:

Քվեարկությամբ որոշվում է այդ կետը /հաշտության մասին/ հրապարակ չհանել: Նույնպես քվեարկությամբ հետևյալ ուղղումն ընդունվում է, կոնֆերանսը հանձնարարում է պատշաճ մարմիններին համապատասխան քայլեր անել, ըստ կարելույն շուտով Անդրկովկովկասի ժողովրդների ազատությունն ապահովող պատվավոոր և հաստատուն հաշտություն կնքել:

Մ. Պապաջանյան- Քանի որ այդ կետը գաղտնի է մնալու, պետք է որոշել, թե մինչև որ կետը զիջումն ենք անելու, առաջարկում է ավելացնել «հիմք ընդունելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը», բայց քվեարկությամբ մերժվում է:

Ա. Ղազարյան- Առաջարկում է «այնպիսի հաշտություն կնքել, որ մեր երկրի ամբողջությունը պահպանվի» քվեարկությամբ չի անցնում:

Ալ. Շարաֆյան- Առաջարկում է «առանց Կարսի, Բաթումի հաշտություն չկնքել» - չի անցնում: