Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կազմակերպուի, արագ կերպով կը յառաջանար էրզրումի վրայ: Էրզրում շատ քիչ կրցաւ դիմանալ, եւ Փետրուար 26-27-ին ինկաւ թշնամիի ձեռքը:


ԷՐԶՐՈՒՄԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

1. էրզրումի ընդհանուր հրամանատարը մի վրացի էր, գեներալ Օտըշելիծէ, որ Ռուսական Յեղափոխութիւնից վերջ էրզրումից մեկնող թնդանօթաձիգների, սպասերի, թեքնիսիէնների եւ նոցա հետ տարած առարկաների պակասը լրացնելու համար ոչ մի բան չէր արած, եւ ինքն՝ ստեղծուած քաոսային դրութիւնից օգտուելով՝ կամ յուսահատելով, քաղաքը պարպելու առաջարկ դրել էր վերին հրամանատարութեան. ինքն էլ, երեք շաբաթ առաջ, քաղաքից դուրս եկած՛ Սարըդամիշ կը գտնուէր:

2. Ռուսահայ զօրքը՝ ռուս զօրքի հետ ապրած լինելով միեւնոյն յարկի ներքեւ, չէր կրցած ինքզինքը զերծ պահել նրա մտքերի ազդեցութիւնից. երեքուկէս տարուայ զրկանքից, մանաւանդ թաթարների իրենց գիլզերի վրայ գործած անվերջ արշաւանքներից մղուած, նա օր առաջ իւր օճախը դառնալ կուզէր: Այս տրամադրութեան մէջ եւ տիսիպլինից զուրկ, նրան կարելի չէր զօրք համարել:

3. Յուսահատ զօրքի այս տրամադրութիւնից, Հայկական Կորպուսի հրամանատարը եւ սպայակոյտը չեն ուզեր էրզրում երթալ, եւ ռուսահայ ղեկավար շրջանների անվստահ ու տատամսոտ քաղաքականութիւնը հեռու էր ազդու միջամտութիւն ունենալու թէ մէկի եւ թէ միւսի վրայ:

4. Թիւրքահայ զինուորներին եւս կարելի չէր զօրք համարել, նրանք՝ առանց նոյնիսկ նախնական մարզանքի, հազիւ էրզրում հասել էին, երբ սկսեց թրքական արշաւանքը: Այսպէսով, Անդրանիկ էրզրումի պաշտպանութեան դուրս եկաւ գրեթէ առանց թնդանօթի եւ առանց զօրքի:

Էրզրումի անկումը խիստ աղէտաբեր եղաւ եւ բարոյական, եւ ռազմական տեսակէտներից, եւ առաջացրեց ընդհանուր բարոյալքում զինուորների մէջ, որի հետեւանքով իրար ետեւից ետ քաշուեցին Խնուսից եւ Մալագկերտից ոյժերը, նրանց հետ՝ ազգաբնակչութիւնը: Մնում էին Վանի ոյժերը, որոնք մինչեւ Մարտի 22-ը դիմադրելուց վերջ, դիմեցին դէպի Պարսկաստան, ուր Սալմաստի շրջանի հայերի հետ Ապրիլի կռիւների հետեւանքով քաշուեցան դէպի Համատան եւ անկից դէպի Պաղտատ, ուր կռուող ոյժեր անգլիական բանակի մէջ ընդունուեցան եւ որի ծառայութեան մէջ գտնուում են մինչեւ այսօր:

Անցնելով կովկասեան սահմանը, թիւրքահայ զինուորների մի մասը շարունակեց, զանազան կէտերի վրայ, ռուսահայ գունդերի շարքում, իւր զինուորական ծառայութիւնը. իսկ Անդրանիկ Ռուսահայ Ազգային ու Ապահովութեան Խորհուրդների համաձայնութեամբ կազմեց 2.000 հոգիից բաղկացած մի հարուածող գունդ, որ Հայկական Կորպուսի հրամանատարութեան կարգադրութեամբ միջոց մը Ախալքալաքի որոշ սահմանները պաշտպանելուց վերջը, թրքական առաջացող զօրքերի առջեւից փախչող հայերը պաշտպանելով մերթ ճելալ Օղլի, մերթ Ալեքսանդրապոլի շրջանը եղաւ մշտական սպառնալիք ճակատից թիւրքերի, իսկ թիկունքից թաթարների դէմ: Ալեքսանդրապոլի գրաւումից վերջ իւր զօրքերով անցաւ Նախիջեւանի շրջան, անկից Պարսկաստան, ուր իր կռիւներով հնարաւորութիւն տուեց այնտեղ գտնուող թէ՛ պարսկահայերին եւ թէ՛ վանեցիներին՝ ճողոպրել թիւրք- քրտական ոյժերից եւ անցնել Համատան: Պարսկաստանից նորից նա իր ոյժերով անցաւ Նախիջեւան, անկից Գորիսի եւ Զանգեզուրի շրջան, միշտ մնալով անխոցելի եւ յաւիտենական սպառնալիք թիւրք բանակի եւ թաթարների շարժումների:

Ռազմական դէպքերի սոյն աննպաստ պայմանների տակ խզուեցին Տրապիգոնի բանակցութիւնները: Սոյն բանակցութիւնների ընթացքին արդէն վրացիք իրենց մասքը վերացրել էին, եւ Երեւան եկել էր, որ նոքա ունեցել են եւ թիւրքերի եւ գերմանացիների հետ որոշ կապեր եւ թաքուն բանակցութիւններ: Թաթարների հետ