Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրկին ներկայանալ իրեն առավոտյան ժամը 10-ին' պատասխանը կարդալու: Այնուհետև խոսակցությունը հետևյալ հարցի մասին եղավ: 1. Հայերի հույսն ու սպասելիքը: Բացատրվեց, որ ամենայն կողմի հայերի հույսն ուհամոզմունքն այն է, թե ռուսաց կառավարությունն այս անգամ լուրջ ուշադրություն կդարձնի և կբարելավի տաճկահայոց վիճակը, որ միանգամայն անտանելի է: Շեշտվեց առանձնապես փոխարքայի, նախարարապետ Կոկովցևի և արտաքին գործոց նախարար Սազոնովի բարյացակամ տրամադրությունը, հուսադրությունն ու խորհուրդները տաճկահայոց խնդրի վերաբերմամբ:

2.Տաճիկ պաշտոնյանեաների երկյուղը: Տաճկաստանի հայաբնակ գավառներում պաշտոնյաները վերջերս շարունակ երկյուղ են արտահայտում, թե միգուցե ռուսաց զորքը մտնի Տաճկաստան հայերի վերաբերմամբ գործադրվող քրդական ու թուրքական բռնությունների առաջն առնելու համար: Այս պատճառով վալիները առայժմ նախազգուշացնում են քրդերին ու թուրքերին, որպեսզի առիթ չտան և զգույշ մնան հայերին ճնշելուց: Բնական է, այս երկյուղը ժամանակավոր կլինի և կանցնի, եթե Ռուսաց կառավարությունը ձեռնպահ մնա և ոչ մի դրական քայլ չանի տաճկահայերի պատվի, գույքի և անձի ապահովության համար:

3. Պետերբուրգի նախարարապետի և արտաքին գործոց նախարարի մոտ ուղարկվելիք պատգամավորության մասին ևս խոսվեց, այս առթիվ փոխարքան ի պատասխան հայտնեց, որ պատգամավորություն ուղարկելը նպատակահարմար կլինի գործի հաջողության տեսակետից:

Այսօրվա խոսակցությունը տևեց մոտ 50 րոպե:

Դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 10-ին ներկայացանք փոխարքային: Կարդացվեց իր տված պատասխանը վեհափառին: Ապա հայտնեց, որ այդ նամակն ինքն է խմբագրել և կաթողիկոսին ուղարկելուց առաջ, հեռագրով ամբողջ նամակը հայտնել է Պետերբուրգ և այնտեղի հաճությունը ստանալուց հետո միայն ուղարկել է էջմիածին: Ավելացրեց, որ այդկերպ «նախարարական ցենզուրայի ենթարկվեց»:

Այդ նամակի մեջ երկու որոշ կետ կա տաճկահայոց հարցի վերաբերմամբ աննպաստ.

ա. Ի նկատի ունենալով, որ եվրոպական մեծ պետությունների մեջ տաճկահայոց հարցի լուծման առթիվ այժմյան պայմաններում համաձայնություն չի գոյանալու, այդ հարցը Լոնդոնի դեսպանաժողովի խորհրդակցության նյութ չի դառալու, ուստի

բ. Կաթողիկոսը չպետք է դիմի մյուս եվրոպական պետություններին այդ խնդրով այժմ:

Նամակի ընթերցումից հետո ամենայն մանրամասնությամբ բացատրվեց փոխարքայի այն ծանր տպավորությունը, որ կունենա այդ պատասխանը ամեն կողմի հայերի, հատկապես տաճկահայերի վրա, առանձնապես այժմ, երբ հայերն առանց խտրության համոզված են, թե Ռուսաստանն անպատճառ կմիջամտի և յուր հովանավորության տակ առնելով տաճկահայերին կիրագործել տա անհրաժեշտ ռեֆորմներն իր կոնտրոլի ներքո: Շեշտվեց և այն, որ եթե տաճիկ կառավարությունը, մանավանդ հայաբնակ վիլաեթների տաճիկ պաշտոնյաները, իմանան, թե Ռուսաստանն այժմ ձեռնպահ է մնում և չի ցանկանում միջամտել, անպայման հայերի վիճակն ավելի կվատթարանա և մինչև իսկ կարող է սոսկալի հետևանքներ ունենալ: Փոխարքան մի քանի անգամ կրկնեց, որ Ռուսաստանը այժմյան րոպեն, ներկա պայմանները միայն աննպաստ է համարում գործնական քայլեր անելու համար, և այդ երբեք չի նշանակում, թե դադարում է միջամտելուց. Ռուսական կառավարությունը իր դիպլոմատական ազդարարությունները շարունակելու է: