Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ընդհանուր ժողովը լսելով Ազգային բյուրոյի զեկուցումը թուրքահայ հարցի մասին, տեղեկանալով այն քայլերին, որ Բյուրոն արել է այդ տեսակետից, տալիս է իր հավանությունը նրա ընթացքին և խնդրում է շարունակել նոր ոգով, ավելի եռանդուն կերպով:

Նախագահ համագումարի՝ (ստորագրել է Մեսրոպ եպիսկոպոսը)
Քարտուղար (ստորագրել է Ղազարոս քահ. Տեր-Գրիգորյանը)
ճիշտ է իսկականի հետ Հտկոբ Քոչարյան

ՀԱԱ, Ֆ.222, ց.1, գ.17, թ.18: Վավերացված պատճեն: Ձեռագիր:

N 76

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ ՀԱՅՈՑ

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ ԳԱՎԱՌԱՅԻՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

18 փետրվարի 1915թ.

Ինքնապաշտպանության հանձնաժողովը, որ ընտրված է Ազգային ժողովի փետրվարի 16-ի նիստում, յուր 25 անդամներով խորհրդակցության նյութ դարձնելով ռուսահայերի ինքնապաշտպանության գործը, լսելով Ազգային բյուրոյի ներկայացուցչի գրավոր զեկուցումը Բյուրոյի այդ շրջանում ունեցած մասնակցության մասին, այլև մանրազնին ուշադրության առնելով գավառական ինքնապաշտպանության մարմինների հանդես բերած գործունեության ու նրանց ղեկավարող մտքերը, միաձայն հանգան հետևյալ եզրակացության:

Ի նկատի ունենալով այն արտաքո կարգի անապահով վիճակը, որի մեջ գտնվում են մեր գավառներից շատերը, անհրաժեշտ է ինքնապաշտպանության գործին շատ ավելի մեծ ուշադրություն նվիրել, քան միչև այժմ այդ եղել է թե Ազգային բյուրոյի կողմից: Ինքնապաշտպանության կազմակերպման գործը հաստատուն հիմքերի վրա գնելու համար հանձնաժողովս կարևոր է համարում մատնանիշ անել մի քանի գլխավոր սկզբունքներ, որոնք իր կարծիքով առաջնորդող պետք է լինեն բոլոր գավառների ինքնապաշտպանությամբ զբաղվող մարմինների համար և որոնք բխում են գավառական պատգամավորների տված զեկուցումներից:

Այդ գլխավոր կետերը հետևյալներն են.

1. Գավառի ինքնապաշտպանության գործը վարում է գավառի ինքնապաշտպանության մարմինը, որ յուր գործունեության մեջ տեղական բյուրոյից բոլորովին անկախ է:

2. Ազգային բյուրոյի մեջ լինելու է ինքնապաշտպանության մի մարմին, որը գավառների համար զենք ձեռք բերելու, զենքի գներն իմանալու և զենքի տեղափոխության եղանակների գործում տեղեկատու բյուրոյի դեր է խաղալու:

3. Տեղական ինքնապաշտպանության համար հարկավոր փողը ձեռք է բերվում գավառական բյուրոների և Ազգային բյուրոյի միջոցով:

4. Տեղական ինքնապաշտպանության մարմինները իրենց ստացած դրամի մասին հաշիվ են տալիս այն մարմիններին, որոնցից փող են ստացել: Տեքստում այդպես է: