Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիպլոմատական շրջաններում տրամադրություն ստեղծվի հօգուտ ռուսական նախաձեռնության և կոնտրոլի»:

«6. Երբ որ հարմար մոմենտ կլինի, կաթողիկոսը բախտավոր կհամարի իրեն ներկայանալ թագավոր կայսեր իր հոտի տաճկահայ ժողովրդի վիճակի բարելավման համար անձամբ հայցելու»:

Քանի որ վտխարքան ցույց էր տալիս բարյացակամ տրամադրություն և մի քանի անգամ ևս հայտնեց իր անձնական կարծիքը, թե կաթողիկոսն ու հայ ժողովուրդը, ինչպես և կաթողիկոսի ներկայացուցիչ Պողոս փաշա Նուբարը պետք է աշխատեն հաջողեցնել Ռուսաստանի նախաձեռնությամբ և կոնտրոլի տակ ռեֆորմներ մտցնել տալը Տաճկահայաստանում, պատգամավորությունը խնդրեց, որ, եթե հնարավոր է մի նոր լրացուցիչ նամակով հանուն վեհափառ կաթողիկոսի հայտնի փոխարքան, թե Հայկական հարցը չի փակում, այլ ընթացքի մեջ է և կարելի է նույն ուղղությամբ աշխատանքները շարունակել:

Այս կարևոր կետի առթիվ փոխարքան հետևյալ կերպով (մոտավորապես) գրեց.

«7. Նամակի (պատասխանի) տպավորությունն այն է, որպես թե հայկական նահանգների ռեֆորմների հարցը հերթական լինելուց դադարում է: Կաթողիկոսից այս կետի առթիվ հարցապնդում (запрос) ստանալու դեպքում տալ բացատրություն, որ ոչ թե Հայկական հարցը վերացվում է, այլ ընթացքի իր ուժի մեջ է և կքննվի Բալկանյան հարցերի հետ միասին»:

Փոխարքան խոստացավ վերոհիշյալ յոթ կետերի մասին փոխադարձ խորհրդակցությամբ և իր ձեռքով կազմած ձևակերպումները հեռագրով հայտնել Պետերբուրգ: Խոստացավ նաև աջակցել, որ ցանկացած պատասխան ստացվի:

Այս խոսակցությունն ու խորհրդակցությունը տևեց մոտ երկու ժամ:

Վերջում պատգամավորության կողմից Մեսրոպ եպիսկոպոսը մի քանի խոսքով հայտնեց շնորհակալություն փոխարքային իր բարյացակամ վերաբերմունքի համար:

Փոխարքան պատասխանեց, որ ինքը դեպի հայերը լավ է վերաբերվում, սակայն այս դեպքում գործում է որպես ռուս պետական մարդ և անցած համարեց Լոբանովի քաղաքականությունը:

Հայտնվեց ուրախություն, որ այս կարևոր խնդրում ռուսական և հայկական շահերը միացած են: Անհրաժեշտ է հիշել և այն, որ վերոհիշյալ կետերի մասին եղած խմբագրությունները կարդաց փոխարքան Երեք անգամ, իսկ երրորդ ընթերցանության ժամանակ իր գիտությամբ և թույլտվությամբ արձանագրեց նույն կետերը Բագրատ վարդապետը պատգամավորների համար:

Պատգամավորության անդամներ

Մեսրոպ Եպիսկոպոս
Բագրատ Վարդապետ
Ս.Հարությունյան
Ալ.Խատիսյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.38-43: Բնագիր: Ձեռագիր:

N7

ԱԶԳԱՅԻՆ Բ-ՅՈՒՐՈՅԻ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ

ՄԻԱՑՅԱԼ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

27 դեկտեմբերի 1912թ.
Թիֆլիս