Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գալով պատկառելի դիվանիդ գրության շարունակությանը, թույլ ենք տալիս մեզ հայտնել, որ այնտեղ մի խոշոր թյուրիմացություն կա: Ինչպես երևում է, դիվանիդ հաշվեմատյաններում Ազգային բյուրոյի հաշվին անց է կացրած մեզ համար միանգամայն մի գումար, որի մասին առաջին անգամ տեղեկանում ենք Ձեր գրությունից, մի սխալ, որ խնդրում ենք Ձեզ ուղղել: Բանը նրանում է, որ Բյուրոն 1915թ. հունվարին (կամ դրանից առաջ կամ հետո) երբեք չի ստացել Պողոս փաշա Նուբարից 20.000 րուբլի, ինչպես և երբեք չի փոխադրել Նոր Բայազետի եղբայրական օգնությանը 2000 րուբ.: Սրա հետ միաժամանակ Բյուրոն առանձին նամակով կդիմի Պողոս փաշային և կխնդրի պարզել, թե այդ ի՞նչ գումար է, որ նա փոխադրել է Բյուրոյին, Վեհին ուղարկելու հանձնարարությամբ, և Բյուրոն չի ստացել: Դիվանիդ գրության այդ սխալ կետը մեզ համար ծանր է ոչ միայն նրանով, որ մեզ վրա հաշված է մի գումար, որ մենք չենք ստացել, այլ ավելի նրանով, որ Բյուրոն կարծես թե մեղադրվում է որոշ չափով անբարեխղճության մեջ, քանի որ նա իբր թե չէ կատարել Պողոս փաշայի հեռագրական պատվերը Նորին Սրբության դրամը փոխադրելու մասին, և «մինչև այսօր իսկ, ինչպես դուք գրում եք, պահել է պետքերի համար»:

Ուրեմն, Խոնարհաբար խնդրում ենք պարզել իրողությունը, զեկուցանել այդ մասին Նորին Սրբությանը և հանելով այդ գումարը մեր հաշվնց, վերցնել Բյուրոյի վրայից այդ անհիմն մեղադրանքը:

Գրության մեջ հիշված մնացած գումարները միանգամայն ճիշտ են: Սակայն 16.650 ր. Ազգային բյուրոն ստացել է Նորին Օձության կարգադրությամբ դեռ 1915թ. սեպտեմբերին կամավորական ընդհանուր պետքերի համար, և չպետք է կապվի Բյուրոյի այժմյան խոշոր կարիքների հետ, որ առաջացել են կամավորական խմբերի լիկվիդացիայի շնորհիվ: Մնացյալ 20.000 րուբ. միայն (այն է 10.000+5.000+5.000) իրոք Բյուրոն ստացել է այդ կարիքների համար: Այստեղ պարտք ենք համարում համառոտ տեղեկություն տալ Նորին Սրբությանը զեկուցանելու համար Ազգային բյուրոյի ունեցած ծախքերի մասին: Վերջին ամիսների ընթացքում կամավորների լիկվիդացիայի վրա Բյուրոն ծախսել է ավելի քան 250.000 րուբ., այդ թվում միայն ճանապահրածախք ավելի քան 50.000 րուբլի: Ինչպես հայտնի է, 6-րդ գունդը կազմված էր Ազգային բյուրոյից միանգամայն անկախ և ոչ մի կապ չէր պահում Բյուրոյի հետ: Սակայն երբ այդ գնդերից սկսեցին դիմել Բյուրոյին օգնության համար, և Բյուրոն տեղեկացավ, որ այդ գնդի Կենտրոնական կոմիտեն միջոցներ չունի և անկարող է նրանց օգնել, Բյուրոն որոշեց նրանց օգնել և մինչև այժմ միայն այդ գնդի կամավորների վրա ծախսված է մոտ 14.000 րուբլի: Ներկայումս բյուրոյի ազատ միջոցները համարյա սպառված են, կա միայն 30.000 րուբլի, որ հատկապես կամավորների ընտանիքների համար է: Այնինչ դեռ բազմաթիվ ծախքեր կան Բյուրոյի առաջ, այն է բավարարել մի խոշոր մասը հաշմանդամների և ապա օգնության գալ սպանվածների և մեռածների ընտանիքներին, իսկ վերջիններիս թիվը անցնում է 700- 800-ից: Այդ նպատակի համար ունեցած 30.000 րուբլին շատ քիչ է այդ խոշոր կարիքը հոգալու համար: Ամեն կողմից դիմումներ և աղաղակներ են հասնում Բյուրոյին այդ մասին: Աչքի առաջ ունենալով բոլոր վերոհիշյալը Ազգային բյուրոն երկու անգամ հեռագրով դիմել էր դիվանիդ միջոցով Նորին Օձությանը և այժմ գրավոր կերպով երրորդ անգամ դիմում է և ամենախոնարհաբար խնդրում Նորին Վեհափառությունից կարգադրել հաղորդել բյուրոյին, թե որքան «կամավորական գումարներ» կան իր տրամադրության տակ և, եթե կարելի է, միաժամանակ պատվիրել այդ ամբողջ գումարը փոխադրել Ազգային բյուրոյին լիկվիդացիան վերջացնելու համար: Առանձին կամավորներ մի քանի անգամ խոսք են բարձրացրել, որ իրենք կերթան էջմիածին վեհափառ կաթողիկոսին դիմելու, սակայն մինչև օրս մենք գիտենալով, որ դա կարող է անախորժություն պատճառել Նորին Սրբությանը, միշտ արգելք ենք եղել դրան, հայտնելով, որ Վեհափառ կաթողիկոսը ինքը դրամ չի տալիս ոչ ոքի, այլ ուղարկում է Ազգային բյուրոյին՝ բաժանելու համար: