Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ առթիվ Ազգային բյուրոն իր վերջին նիստում որոշեց կրկին անգամ դիմել Նորին Օծությանը ուղարկելով հատուկ պատգամավոր պ. Ստ. Լիսիցյանին, որը ներկայացնելով Բյուրոյի գրությունը դիվանիդ անունով Վեհափառ կաթողիկոսին զեկուցանելու համար, միևնույն ժամանակ պատիվ կունենա անձամբ զեկուցանելու Նորին Վեհափառությանը Բյուրոյի ընթացիկ խոշոր կարիքների մասին:

Պատկառելի դիվանիդ անունով սեպտեմբերի 14-ին և հոկտեմբերի 19-ին գրած նամակների մեջ Ազգային բյուրոն արդեն համառոտակի զեկուցել էր, թե ինչ ծախքեր են եղած Բյուրոյի կողմից կամավորների լիկվիդացիայի վրա, այն է հեռացող կամավորներին նպաստ և ճանապարհածախք տալու, հիվանդներին ու հաշմանդամներին բժշկության ծախք և միանվագ նպաստներ տալու և այլ ծախքերի վրա: Բոլոր ծախքերը կատարված են գլխավորապես հատուկ կարգադրիչ մարմնի ձեռքով Երևանում և մասամբ էլ Թիֆլիսում Ազգային բյուրոյի ձեռքով: Ձեզ գրած նամակներից հետո այդ նպատակներով ծախքերը շարունակվել Են և ներկայումս հասել են մինչև 280.000 րուբւու, և այդպիսով Բյուրոյի միջոցները միանգամայն սպառվել են, և նա արդեն բավական խոշոր գումար նույնիսկ ծախսել է, փոխարինաբար վերցնելով այն առանձին գումարից, որը հատկացված էր սպանված կամավորների ընտանիքների համար: - Ներկայումս, ինչպես մեզ գրում է [Բյուրոյի] Երևանի կարգադրիչ մարմինը, վերոհիշյալ լիկվիդացիան վերջացնելու համար հարկավոր է էլի առնվազն 20.000 րուբլի (դեռ չեն խոսում սպանվածների ընտանիքների օգնության մասին): Բացի դրանից, ինչպես վերև ասացինք, մինչև այժմ է մոտ 15.000ր. ծախսված է ընտանիքների համար հատկացված գումարներից:

Ահա այդ գումարները ծածկելու համար մենք դիմել էինք և այժմ դիմում ենք Նորին Վեհափառության օգնությանը:

Բայց դա միայն մի մասն է խնդրի: Ինչպես արդեն գրել ենք հոկսվեմբերի] 19-ին, կան մոտ 700-800 հոգի սպանված կամավորներ, որոնց մեծ մասը ունեցել են ընտանիքներ, որ այժմ մնացած են անօգնական վիճակում և դիմում են Բյուրոյին: Բյուրոյի ունեցած գումարը այդ նպատակով (մոտ 30.000 րուբլի) շատ քիչ է այդքան ընտանիքների համար, քանի որ եթե հաշվենք նույնիսկ 500 ընտանիք և յուրաքանչյուրին առնվազն 200 րուբլի, դա կլինի արդեն 100.000 րուբլի: Ահա թե ինչու Ազգային բյուրոն դիմում է Նորին Վեհափառությանը ամենախորհին խնդրանքով օգնության հասնել Բյուրոյին այս ծանր օրերին:

Բյուրոն խոնարհաբար խնդրում է Վեհափառ Հայրապետին տրամադրելի անել Բյուրոյին նախ այն հատուկ «կամավորական գումարները», որ կան նրա տրամադրության տակ: Այդ գումարների մասին հարգելի դիվանիդ հունիսի 7-ին մեզ գրած նամակի մեջ ասված էր, որ 6-րդ գնդի համար (հնչակյանների) հատուկ գումար չկա Վեհափառ կաթողիկոսի մոտ, և դրանք բոլորը ընդհանուր կամավորների համար են: Սակայն Բյուրոն ինքը ծախսել է 6-րդ գնդի կամավորների ճանապարհածախքի և այլ կարիքների համար ավելի քան 14.000 րուբլի: Բացի դրանից, Ազգային բյուրոն թույլ է տալիս իրեն դիմել Նորին Վեհափառությանը և ավելի լայն խնդիրքով, և լիահույս է, որ Նա կմտնի կամավորների ծանր դրության մեջ և կբարեհաճի պատշաճ տնօրինությունը անել նրանց օգնության համար:

Ինչպես մեզ հայտնի է և բազմիցս տպվել է Լոնդոնի «Ararat» ամսաթերթում և ուրիշ թերթերի մեջ, Լոնդոնից և Ամերիկայից խոշոր գումարներ [են] ուղարկված Նորին Վեհափառությանը վիրավոր հայ զինվորների համար: Ահա այդ գումարների խոշորագույն մասը, եթե ոչ բոլորը, հասնելու է իրենց հիվանդ, վիրավոր և հաշմանդամ հայ կամավորներին: Եվ ահա այդ գումարներից է, որ խոնարհաբար խնդրում ենք Նորին Վեհափառությունից մի խոշոր մասը այժմ դնել Բյուրոյի տրամադրության տակ լիկվիդացիայի գործը վերջացնելու և թե՛ սպանվածների ընտանիքներին օգնելու համար: