Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամռանը՝ արևադարձային օդի ներթափանցման ժամանակ, հարաբերական խոնավությունն իջնում է մինչև 15-20 %:

Ուրույն պատկեր ունեն ամպամածությունը և մառախուղների տարածումը: Ամպամածության առավելագույնը տարվա ցուրտ կեսին է, հատկապես լեռնաշխարհի խոնավ շրջաններում, քիչ ամպամածություն դիտվում է միջլեռնային գոգավորություններում (Ուրմիայի, Սևանի, Վանի), Արփայի և Արածանիի հովիտներում:

Մթնոլորտային տեղումները խիստ անհավասարաչափ են բաշխված: Դրանց քանակը նույնպես փոխվում է ինչպես հորիզոնական, այնպես էլ վերընթաց ուղղությամբ և ըստ լեռնալանջերի դիրքադրության: Լեռնաշխարհի եզրային լեռնաշղթաների (Արևելապոնտական, Հայկական Տավրոս, Փոքր Կովկաս, Կորդվաց) արտաքին լանջերին, որոնք արգելակում են խոնավ օդային զանգվածների մուտքը լեռնաշխարհ, թափվում են առատ տեղումներ, իսկ միջլեռնային գոգավորություններում, որտեղ փաստորեն դիտվում է ֆյոնային երևույթ, տեղումների քանակը շատ քիչ է: Առավել շատ տեղումներ թափվում են լեռների սևծովահայաց լանջերին՝ 3000-3500 մմ, խոնավ են նաև Հայկական Տավրոսի հարավահայաց, Կորդվաց լեռների արևմտահայաց լանջերը: Միջին բարձրության լեռնային գոտում տեղումները 800-1000 մմ են:

Ամենաչոր վայրերը միջլեռնային գոգավորություններն են՝ 250-300 մմ: Ամենաքիչ տեղումներ թափվում են Նախիջևանի և Ուրմիայի գոգավորություններում՝ 200 մմ:

Ըստ բարձրության՝ տեղումների քանակն ավելանում է, միջինը՝ 100 մ բարձրանալիս շուրջ 25-30 մմ-ով: Արագած, Սիփան, Թոնդրակ, Արարատ լեռնագագաթների և մյուս լեռնաշղթաների 3000-3500 մ բարձրություններում 800-1000 մմ է:

Միջին բարձրություններում (Շիրակի, Ալաշկերտի, Մանազկերտի դաշտեր, Կարսի սարահարթ, Վանա և Սևանա լճերի ավազաններ, Արցախի արլ. հատված) տեղումների քանակը 400-600 մմ է:

Խիստ անհավասարաչափ է տեղումների տարեկան բաշխումը: Տարեկան քանակի շուրջ 70 %-ը թափվում է գարնանը և ամռան սկզբին՝ մայիս-հունիսին, երկրորդ առավելագույնը՝ աշնանը, Սև ծովի խոնավ մերձարևադարձային ափերին առավելագույնը՝ աշնանն ու ձմռանը: Նվազագույնը ամռանն է: ՀՀ հս-արլ-ում, Արցախում, Զանգեզուրում տեղումնալից է ամառը, Երբ տարածք են ներթափանցում Կասպից և Սև ծովերի խոնավ օդային զանգվածները: Ամռանը տեղումները հաճախ ունենում են տեղատարափ բնույթ, ուղեկցվում կարկուտով և ամպրոպներով, առաջացնում հեղեղներ ու ավերածություններ: Ձմռանը Հայկական լեռնաշխարհում ամենուրեք ձյուն է տեղում, բայց հաստատուն ձնածածկույթ գոյանում է 1300-1600 մ բարձրություններում, հատկապես միջնաշխարհի ցուրտ շրջաններում: Ձյան շերտի հաստությունը, ըստ բարձրության, ավելանում է, բարձրլեռնային շրջաններում հասնում 1,5-2 մ-ի: Ձնածածկույթի տևողությունը լեռնաշխարհի ցածրադիր մասերում, հիմնականում միջնաշխարհում, մոտ 3 ամիս է, միջին բարձրություններում՝ 4-5 ամիս, իսկ 4000 մ-ից բարձր երբեմն ձնածածկույթը պահպանվում է շուրջ տարին: Ձյան կլիմայական սահմանը 4200 մ է, որը լավ արտահայտված է Մասիսի, Սիփանի գագաթներին, իսկ Մասիսի գագաթը մշտապես ծածկված է սառցադաշտով:

Ձմռանը հաճախ են ձնաբքերը և ձնահյուսքերը, երբեմն փակվում են լեռնանցքները:

Լեռնաշխարհում խայտաբղետ պատկեր ունեն գոլորշունակությունը և խոնավացման գործակիցը: Լինելով մերձարևադարձային տարածք՝ Հայկական լեռնաշխարհում գոլորշունակությունը բարձր է. տատանվում է 500-1500 մմ