Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիտումները կատարվում են օդերևութաբան. կայաններում տեղադրված սարքերով: Տեղեկություններ ստացվում են Երկրի արհեստ․ արբանյակներից և ծովերում ու օվկիանոսներում գտնվող նավերից: Բոլոր ցուցանիշները համադրելով՝ Ե. կանխատեսվում է և ամեն օր ռադիոյով, հեռուստատեսությամբ, օրաթերթերով հաղորդվում, նաև տեղադրվում Ինտերնետ ցանցում:

ԵՂԱՆԱԿԻ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ, մթն. երևույթների զարգացման ընթացքում եղանակի կանխատեսման համար որոշակի նշանակության տեսանելի (նկատելի) առանձնահատկություններ: Ե.տ.ն. են ամպերի բնույթը, տեսանելիության հեռավորությունը, մթնոլորտի օպտիկ, երևույթները, մթն. ճնշման տատանումները, քամու ընթացքը, կենդանիների վարքի, բույսերի արտաքին փոփոխությունները և այլն: Ժողովուրդն իր կենս․ փորձառությամբ ճանաչել է եղանակի կանխատեսման բազմաթիվ նշաններ. առանձնացվում են՝ քիչ ամպամած, արևոտ եղանակի պահպանման նշաններ. բարձր մթն. ճնշում կամ մի քանի օր ճնշման դանդաղ բարձրացում, օրվա ընթացքում ճնշման տատանում, խաղաղ գիշեր, առավոտյան՝ պարզ երկինք, թույլ քամի, կեսօրից հետո (ժ. 15-16-ից)՝ դրա ուժեղացում, երեկոյան՝ թուլացում կամ դադարում: Նկատվում են առանձին ամպեր, արևածագից առաջ կամ երեկոյան՝ ցող (գոգավորություններում՝ եղյամ կամ մառախուղ), որոնք արևածագից հետո վերանում են: Ծիծեռնակները թռչում են ավելի բարձր, մեղուները փեթակից դուրս են գալիս վաղ առավոտյան և այլն:

Եղանակի վատանալու նշաններ․ մթն. ճնշումը կտրուկ իջնում է, քամին ուժեղանում, երկարատև չորային եղանակից հետո ամպամածությունը մեծանում է, նկատվում է շոգ, տոթ օր։ Ամռանը գիշերային ջերմաստիճանը չի նվազում, այն միատեսակ է ամենուրեք: Ամպերը շարժվում են մթնոլորտի երկրամերձ շերտում, խտանում են, երկինքը ծածկվում է ամպերի մանր քուլաներով: Արևածագին կամ արևամուտին ամպերը շառագունում են, ցող կամ եղյամ չի առաջանում, ծիծեռնակները թռչում են ավելի ցածր, մեղուները վաղ առավոտյան փեթակից դուրս չեն գալիս:

Եղանակի լավանալու նշաններ․ երկարատև անբարենպաստ եղանակի դեպքում մթն. ճնշումը բարձրանում է, ջերմաստիճանը զգալիորեն նվազում, փչում է սառը քամի, երկնակամարը հետզհետե պարզվում է: Ամպամած անձրևային եղանակին արմ-ում երևում են երկնքի պարզ շերտ, լուսավոր անամպ տեղեր, փոփոխվող ամպամածություն: Արշալույսը կարճատև է, երեկոյան՝ մառախուղ, ամպերը փոքրանում են, դառնում թափանցիկ և անհետանում: Մառախուղը կեսօրին ցրվում է, ամպամածությունը պակասում, ամպերը բարձրանում են:

Վեգետացիայի շրջանում հնարավոր ցրտահարություններ. հիմնականում պայմանավորված են գիշերային պարզ երկնքով, ցերեկային 10-15°C ջերմաստիճանի առկայությամբ: Գիշերային ցրտահարություններ լինում են գարնանը և աշնանը: Ցրտահարությունների ժամանակ ՀՀ բարձրլեռն. գոտում ջերմաստիճանը մինչև -20°C է: Այդ օրերին երկինքը կապույտ է, առավոտյան առաջանում են կույտավոր ամպեր, որոնք երեկոյան անհետանում են: Գիշերը քամու ուժգնությունը թուլանում է, ցերեկը ջերմաստիճանը և ճնշումը բարձրանում Են: Նախօրյակին տեղումներ են, ցուրտ, ուժեղ քամի, տեղումներից հետո երկինքը պարզվում է, տեսանելիությունը մեծանում:

Երբ հվ. կամ հվ-արմ. քամիները փոխվում են հս-արմ. կամ հս. քամիներով, սպասվում է ցուրտ եղանակ: Ամպրոպի և ցրտելու Նշաններ են կույտավոր ամպերի արագ աճը, ռադիոընդունիչի ճարճատումների հաճախանալը:

Գործնականում հաշվի են առնվում ամենամյա կանխատեսման նշանները. օրինակ՝ երբ թռչունները բները հյուսում են արևահայաց տեղերում, սպասվում է զով ամառ, Եթե մեղուները փեթակի մուտքը թողնում են բաց, սպասվում է մեղմ ձմեռ և այլն:

Բազմամյա դիտումները ցույց են տվել, որ եղանակի փոփոխությունների նկատմամբ առավել զգայուն են սարդերը, տզրուկները, ծառաբնակ գորտերը, թրթուրները, շերամորդը ևն:

Եղանակի փոփոխման նկատմամբ զգայուն են նաև բույսերը. Երեքնուկի տերևները մոտենում են, սեղմվում է խատուտիկի գլխիկը, փակվում է պատատուկի ծաղկեպսակը: Ծաղիկների բուրմունքն անձրևից առաջ ուժեղանում է:

ԵՂՅԱՄ, մթնոլորտային տեղում սառցի բյուրեղների տեսքով: Առաջանում են հողի մակերևույթին և սառը առարկաների վրա՝ ցուրտ, պարզկա և խաղաղ գիշերներին՝ օդում ջրային գոլորշիների ուղղակի սառեցման հետևանքով (դրական ջերմաստիճանի դեպքում առաջանում է ցող): Ե. սպիտակ, բարակ, անհավասարաչափ բյուրեղներ են, որոնք մեղմ ցրտի դեպքում ունենում են վեցանկյուն հատվածակողմի, չափավոր ցրտի դեպքում՝ թիթեղի, ուժեղի դեպքում՝ բթածայր ասեղի ձև: ՀՀ-ում դիտվում է սեպտեմբերից մարտ: Ի տարբերություն մերկասառույցի և ճենճառի՝ տնտ. վնասներ չի հասցնում:

ԵՐԱՇՏ, տեղումների երկարատև անբավարարություն՝ օդի բարձր ջերմաստիճանի, ցածր հարաբեր․ խոնավության պայմաններում: Ե. անապատացման բնական գործոններից է և հանգեցնում է բույսերի աճի ու զարգացման անկման, երբեմն՝ չորացման: ՀՀ-ում Ե. ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով (տես նաև Անտիցիկլոն):

Ե. լինում է հողային և մթն.: Հողային Ե-ի դեպքում բույսերը տուժում են անձրևների երկարատև բացակայությունից և հողի արմատաբակ շերտի չորացումից: Մթնոլորտային Ե-ի դեպքում հողում լինում է խոնավության որոշ պաշար, որն առանց անձրևների (հարաբեր․ խոնավությունն իջնում է 30%-ից) չի լրացվում և սպառվում է: Ե-ի ժամանակ բույսն արմատների միջոցով դժվարությամբ է ջուր ստանում, գոլորշացող ջրի քանակը գերազանցում է հողից ստացածին, հյուսվածքների ջրով հագեցվածությունն ընկնում է,