Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծաղկաբույլը պարզ հովանոց է, ծաղիկները՝ վարդագույն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը գլանաձև է, առանց պտղակրի: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ: Եռաբաժան Ա. Կովկասի բնաշխարհիկ է:

ԱՍՏՂԱԾԱՂԻԿ (Aster), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 200-250 (այլ տվյալներով՝ 500), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ա. ալպիական (A. alpinus) և Ա. իտալական (A. amellus)։ Տարածված է Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Աճում է մարգերում, անտառներում, արոտավայրերում, ժայռոտ վայրերում: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ:

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձր.՝ 10-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնաեզր: Ծաղկաբույլը՝ զամբյուղ, եզրային ծաղիկները՝ բազմերանգ: Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն: Պտուղը փուփուլավոր, գորշադարչնագույն, սեպաձև, հակադիր ձվաձև սերմնապտուղ է: Գեղազարդիչ է: Ցանում են սիզամարգերում, թմբերի վրա, եզրածուներում, խառնածուներում՝ կտրած ծաղիկ ստանալու համար: Միամյա Ա-ներից մշակության մեջ տարածված են ասեղնաձև, Ունիկում, Ռադիո, Ջայլամի փետուր, Կոմետա, Քաջվարդանման, Տրիումֆ, Ամերիկյան թփային, Վիկտորիա և այլ խմբեր:

ԱՍՏՂԱՇՈՒՇԱՆ (Ornithogalum), խնջլոզ, հակինթազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ Ա. հայկական (O. hajastanum), Ա. Տեմպսկու (O. tempskyanum), Ա. լեռնային (O. montanum), Ա. կարճահասակ (O. brachystachys) ևն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր լանջերին, քարերի մեջ, գիհու նոսրանտառներում, բոխու և կաղնու անտառներում, լեռնատափաստաններում, ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտիներում (850-2600 մ բարձր-ներում):

Տերևները գծաձև են կամ նշատարաձև, երբեմն՝ վրայից սպիտակավուն ջղերով: Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակ՝ կանաչ շերտով կամ կանաչ եզրով: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը ձվաձև կամ հակադիր ձվաձև բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ մանր:

Ժող. բժշկության մեջ սոխուկներն օգտագործում են թարախապալարների բուժման նպատակով: Տեմպսկու Ա. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԱՍՏՂԻԿ (Stellaria), աստղան ծաղիկ, մեխակազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Ա. սովորական (Տ. media), Ա. չնկատված (Տ. neglecta), Ա. պարսկական (Տ. persica), Ա. մկնականջանման (Տ. anagalloides), Ա. հաստատերև (Տ. crassifolia): Տարածված է Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է մարգագետիններում, ստվերոտ, խոնավ վայրերում: Աղբոտում է հացաբույսերի ցանքերը, բանջարանոցները և այգիների տնկարկները:

Ցողունի բարձր. 10-80 սմ է: Տերևները հակադիր են, ձվաձև կամ գծանշտարաձև, ծաղիկները՝ մանր, սպիտակ: Ծաղկում է մայիս-հոկտեմբերին: Պտուղը գնդաձև կամ ձվաձև տուփիկ է, սերմերը՝ կլորավուն կամ երիկամաձև: Դեղաբույս է. պարունակում է C, E վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին): Պատրաստուկն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող և ցավազրկող միջոց: Մեղրատու է:

ԱՎԵԼՈՒԿ (Rumex), թրթնջուկ, թթվաշ, մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի և թփերի ցեղ: Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ Ա. սովորական (R. acetosa), Ա. գանգուր (R. crispus), Ա. ալպիական (R. alpinus), Ա. ավելուկանման (R. acetoselloides) և այլն: Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն: Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը:

Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մերկ, ակոսավոր, կոպիտ, բարձր.՝ մինչև 120 սմ: Տերևները խոշոր են, հերթադիր կոթունավոր, գծաձև կամ նշտարաձև: Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, հազվադեպ՝ միասեռ: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը եռակող սերմիկ է: Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն: Ա. օգտագործում են ժող. բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած):

ԱՎԼԱԲՈՒՅՍ (Kochia), թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ: Հայտնի է 35, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ա. գետնատարած (K. postrata) և Ա. սովորական (K. scoparia): Տարածված է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է քարքարոտ, ավազոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին: