Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ցողունը ճյուղավորվող է, թավոտ, բարձր.՝ 20-150 սմ: Տերևները հերթադիր են՝ մազածածկ, գծաձևից մինչև թելանման: Ծաղկաբույլը հասկանման է: Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին: Պտուղը թևանման ելուստներով ընկուզիկ է: Սովորական Ա. մշակում են ավելներ պատրաստելու համար: Միջակ անասնակեր է:

ԱՎԼԱԽՈՏ (Sisymbrium), աղբաղբուկ, աղբուղ, խոզակնճիթ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Ա. դեղատու (Տ. officinale), Ա. բարձր (Տ. altissimum), Ա. երկբլթակ (Տ. bilobum), Ա. Լյոզելի (Տ. loeselii) և այլն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում: Աճում է այգիներում, բանջարանոցներում, հացահատիկի ցանքերում, աղբոտ վայրերում:

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, նոսր մազմզուկածածկ, բարձր.՝ 20-70 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, նեղ գծաձև կամ լայն նշտարաձև: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ վառ կամ բաց դեղին: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը պատիճ է, սերմերը՝ մանր: Որոշ տեսակներ վնասակար կամ թունավոր են. պարունակում են գլիկոզիդներ, որոնք ճեղքվելով՝ առաջացնում են սուր հոտով և համով մանանեխայուղեր, իսկ որոշ տեսակների սերմերն օգտագործում են մանանեխի փոխարեն:

ԱՐԱԳԼԱԽՈՏ (Erodium), ճայկտուց, կռնկախոտ, ծենի, խորդենազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 60 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Ա. հայկական (E. armenum), Ա. Սոսնովսկու (E. sosnowskianum), Ա. արագլային (E. ciconium), Ա. խնդամոլային (E. cicutarium) և այլն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր մարգագետիններում, բաց ավազոտ վայրերում, դաշտերում, բանջարանոցներում և այլն:

Ցողունը ճյուղավորվող է՝ պատված կոշտ մազիկներով, բարձր.՝ 10- 60 սմ։ Տերևները կրկնակի փետրաբաժան են, մերձարմատայինները՝ հավաքված վարդակում, ցողունայինները՝ հակադիր: Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ բաց կարմրավուն, վարդագույն կամ մորեգույն: Ծաղկում է ապրիլ-սեպտեմբերին: Պտուղը տուփիկ է (նման է արագիլի գլխի, այստեղից՝ Ա. անվանումը): Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն: Ժող. բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են մրսածության, սրտային, կոկորդի, լնդերի հիվանդությունների ժամանակ, նաև որպես վերքամոքիչ միջոց: Մեղրատու է:

ԱՐԵՆԱԽՈՏ (Lythrum), արենախոտազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ա. մշտիկատերև (Լ. hissopifolia), Ա. կտավատատերև (Լ. linifolium), Ա. ճիպոտանման (Լ. virgatum), Ա. ուռատերև (Լ. salicaria): Հանդիպում է Սյունիքի, Կոտայքի, Արարատի մարզերի ճահճոտ, գերխոնավ վայրերում, գետերի, լճերի ափերին:

Ցողունը մերկ է կամ թույլ խավոտ, ճյուղավորվող, բարձր.՝ 50-100 սմ։ Տերևները նեղնշտարաձև են, վերինները՝ հերթադիր, ստորինները՝ հակադիր: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկը՝ վարդածիրանագույն, ծիրանագույն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը բազմասերմ, երկբուն տուփիկ է: Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր: Բույսի և արմատների պատրաստուկը ժող. բժշկության մեջ օգտագործում են որպես հակաբորբոքային միջոց: Մեղրատու և գեղազարդիչ է:

ԱՐԵՎԱԴԱՐՁ (Heliotropium), խամբար, արևադեմ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 220, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Ա. էլիպսաձև (H. ellipticum), Ա. եվրոպական (H. europaeum), Ա. թավապտուղ (H. lasiocarpum), Ա. Ցվելյովի (H. tzvelevii)՝ բնաշխարհիկ, Ա. ցածր (H. supinum)՝ հազվագյուտ և այլն: Տարածված է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է խոնավ վայրերում, կիսաանապատներում, արոտներում, չոր, քարքարոտ լանջերին, դաշտերի և ճանապարհների եզրերին, աղբոտում խաղողի այգիները:

Ցողունի բարձր. 20-40 (մինչև 100) սմ է: Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջաեզր: Ծաղկաբույլը միակողմանի ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ մանուշակագույն: Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին: Պտուղը քառաբաժան է, ընկուզանման: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են թունավոր ալկալոիդներ: Ծաղկաբուծության մեջ օգտագործում են Ա. պերուականից (H. pe- ruvianum) ստացված բազմաթիվ տեսակներ, որոնք կիրառվում են ծաղկային ձևավորումներում, պարտեզներում և բնակարաններում:

ԱՐԵՎԱԾԱՂԻԿ (Helianthus), արեվերթիկ, արեվելած ծաղիկ, ալեվլան, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ: ՀՀ-ում մշակվում է Ա. յուղատուն (H. annuus)՝ հիմնականում Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում՝ անջրդի պայմաններում՝ որպես սիլոսային մշակաբույս: Արմատային համակարգն առանցքային է, հզոր, թափանցում է հողի