Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուփիկ է (կնգուղ), պարունակում է 20-40 ձվաձև, մազմզուկապատ սերմ (փաթիլ): Սերմի կեղևի արտաքին բջիջներից առաջանում են Բ-ի թելերը: Արժեքավոր տեխ. բույս է (թելատու, ձիթատու): Քուսպը խտացրած անասնակեր է, պարունակում է մինչև 40 % սպիտակուցներ, քիչ քանակությամբ՝ գոսսիպոլ թունավոր նյութը (այդ պատճառով օրվա կերաբաժնում այն պետք է լինի չափավոր): Մեղրատու է: ՀՀ-ում մշակվել է մինչև 1966-ը:

ԲԱՄԻԱ (Hibiscus esculentus), փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի միամյա բույս: ՀՀ-ում հիմնականում մշակվում է Արարատյան դաշտում:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 30-200 սմ։ Տերևները երկարակոթուն են, խոշոր, թաթաձև-բլթակավոր կամ թաթաձև-բաժանված, թավոտ: Ծաղիկները երկսեռ են, խոշոր: Ծաղկում է ամռանը: Պտուղը երկարավուն, կարճ մազմզուկներով ծածկված, բազմասերմ տուփիկ է: Սերմերը կանաչ են, կլորավուն: Չհասունացած տուփիկներն օգտագործվում են որպես սնունդ (թարմ, չորացրած, թթու դրած), սերմերը փոխարինում են սուրճին: Մշակվում է Բ-ի տեղ. սորտ-պոպուլացիան: Ստացվել է Սոնա սորտը:

ԲԱՆԳԻ (Hyoscyamus), աղշբանգ, բատրատ, խոպոպիկ, խոզի բակլա, խելառ խոտ և այլն, մորմազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Բ. փոքրագույն (H. pusillus), Բ. սև (H.niger) և Բ. ցանցավոր (H.reticulatus): Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է ստորին և միջին լեռն․ գոտիներում, ավազոտ, քարքարոտ վայրերում, ճամփեզրերին, ամայի տարածություններում, դաշտերում՝ որպես մոլախոտ:

Ցողունն ամուր է, ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 100 սմ: Բույսն ամբողջովին պատված է փափուկ խավով, կպչուն է, ունի տհաճ հոտ: Տերևները երկարավուն են, նշտարաձև, խոր, փետարաձև կտրտված կամ ամբողջական. արմատամերձ տերևները նստադիր են, ցողունայինները՝ կոթունավոր: Ծաղկաբույլը հասկանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ խոշոր, դեղնավուն՝ դեղնամանուշակագույն ջղերով: Ծաղկում է մայիսի սկզբին: Պտուղը երկբուն տուփիկ է՝ կափարիչով, սերմերը՝ մանր, փայլուն: Դեղաբույս է, թունավոր, պարունակում է ալկալոիդներ (հիոսցիամին, ատրոպին և այլն): Բժշկության մեջ տերևների լուծամզվածքը որպես հակակծկանքային և ցավազրկող միջոց օգտագործվում է շնչուղիների և մարսող. որոշ հիվանդությունների ժամանակ: Բ-ից ստանում են յուղ, որը որպես ցավազրկող քսուք օգտագործվում է վնասվածքների, նստանյարդի բորբոքման ժամանակ և այլն:

Բ-ով թունավորվելիս առաջանում է ուժեղ գրգռվածություն, բիբերի լայնացում, զգայախաբություն, զառանցանք, հնարավոր է նաև մահ:

ԲԱՆՋԱՐԱԲՈՒՅՍԵՐ, մշակվող և վայրի վիճակում տարածված ուտելի բույսեր: Միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսեր են, որոնց հյութալի մասերը (տերև, ցողուն, ընձյուղ, արմատ, սոխուկ, պալար և այլն) օգտագործվում են որպես սնունդ: ՀՀ-ում մշակվող Բ. պատկանում են կաղամբազգիների (կաղամբ, բողկ, շաղգամ, կոտեմ և այլն), մորմազգիների (լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ և այլն), նեխուրազգիների (գազար, ստեպղին, գինձ, մաղադանոս, նեխուր և այլն), դդմազգիների (սեխ, ձմերուկ, վարունգ, դդում և այլն ), շուշանազգիների (սոխ, սխտոր և այլն ), թելուկազգիների (ճակնդեղ, սպանախ և այլն), բակլազգիների (լոբի, ոլոռ, սիսեռ, ոսպ և այլն), աստղածաղկազգիների (թարխուն, հազար և այլն), խուլեղինջազգիների (ռեհան, կորթին, անանուխ և այլն) և այլ ընտանիքների: Տարբեր ընտանիքների պատկանող վայրի ուտելի Բ-ից են աստղաշուշանը, ավելուկը, բոխին, դանդուռը, ուրցը, եղինջը, կռատուկը, հովվամաղախը, շրեշը, շուշանբանջարը, սիբեխը, սինդրիկը, սինձը, տափոլոռը և այլն:

ԲԱՎԵՂ (Phlomis), խռնդուկ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է ավելի քան 100, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Բ. արևելյան (P. orientalis), Բ. փշոտ (P. pungens), Բ. պալարակիր (P. tuberosa): Տարածված է Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է թեք քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառի բացատներում և այլն:

Ցողունը պարզ է կամ ճյուղավորվող, բարձր.՝ 20-150 սմ: Տերևները երկարավուն-նշտարաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր: Ծաղիկները կեղծ տերևանութներում են, առաջացնում են ընդհանուր հասկանման ծաղկաբույլ: Ծաղկապսակը վարդագույն է կամ բաց մանուշակագույն, երբեմն՝ դեղին: Ծաղկում է ամռանը: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ:

ԲԱՐԴԻ (Populus), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ Բ. անտառային կամ դողդոջուն (P. tremula)՝ հայտնի է նաև կաղամախի անվանումով, Բ. նրբագեղ (P. gracilis), Բ. հիբրիդային (P. canescens), Բ. արծաթափայլ կամ սպիտակատերև (P.alba) և այլն։ Տարածված է ՀՀ գրեթե բոլոր