Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴԱՂՁ (Mentha), անանուխ, նանա, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա և միամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Դ. դաշտային (M.arvensis), Դ. երկարատերև (M. longifolia), լվածաղիկ (M. pulegium), Դ. պղպեղային (M. piperita): Առաջին երկուսը հանդիպում են ՀՀ բոլոր մարզերում, 3-րդը՝ միայն մշակության մեջ, 4-րդը՝ Լոռու (Թումանյան ք.) մարզում: Աճում է դաշտերում, մարգագետիններում, բանջարանոցներում, խոնավ վայրերում, գետերի ու լճերի ափերին, ճամփեզրերին և այլն:

Կոճղարմատը սողացող է: Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, բարձր.՝ 20-40 (100) սմ: Տերևները երկարավուն են կամ էլիպսաձև, նստադիր, սղոցաեզր: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, կարմրավուն կամ բաց մանուշակագույն: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը քառնկուզիկ է: Տերևները և ծաղկաբույլը պարունակում են 1,5-3,0% եթերայուղ, որի գլխ. բաղադրամասը մենթոլն է. օգտագործվում է բժշկության (որպես ցավամոքիչ, քրտնաբեր, անոթալայնիչ, խորխաբեր և այլն), հրուշակեղենի, ոչ ալկոհոլային խմիչքների բուրավետացման, լիկյորների և օծանելիքի արտադրության մեջ: Մեղրատու է:

ԴԱՆԴՈՒՌ (Portulaca), փրփրեմ, դանդուռազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 100, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Դ. բանջարանոցային (P. oleracea): Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է ճամփեզրերին, աղբոտում ցանքերն ու մարգերը:

Ցողունը մերկ է, մսալի, հիմքից շառավղաձև ճյուղավորվող, գետնատարած, երկար.՝ 10-30 սմ: Տերևները հերթադիր են, հյութալի, ամբողջական: Ծաղիկները մանր են, մեկական կամ 2-3 հատ՝ հավաքված տերևածոցերում, վառ դեղին: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Պտուղը միաբուն, բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ մանր, կլորավուն, փայլուն-գորշագույն: Օգտագործում են սննդի մեջ (աղցան, մարինադ և այլն): Դեղաբույս է. պարունակում է վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին): Խորհուրդ է տրվում օգտագործել լյարդի, երիկամի հիվանդությունների ժամանակ:

Մշակության մեջ տարածված է Դ. խոշորածաղիկը (P. grandiflora): Գեղազարդիչ է: Ծաղիկները միաթերթ են կամ բազմաթերթ, սպիտակ, դեղին, կարմիր, վարդագույն: Օգտագործվում է գորգային ձևավորումներում:

ԴԱՇՏԱՎԼՈՒԿ (Poa), արոտածիլ, հուրանախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 200 (այլ տվյալներով՝ 500), ՀՀ-ում՝ 20 տեսակ՝ Դ. ալպիական (P. alpina), Դ. միամյա (P. annua), Դ. ճահճային (P. palustris) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է անտառներում, մարգագետիններում, արոտավայրերում, տափաստաններում և այլն:

Ցողունը հարթ է, բարձր.՝ 5-90 սմ: Տերևները նեղ-գծաձև են, ծաղկաբույլը՝ հուրան: Հասկիկները մանր են՝ 2-5 ծաղիկներով: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը երկարավուն հատիկ է: Արժեքավոր կեր է: Առաջացնում է ճիմ: Ցրտա- և չորադիմացկուն է:

ԴԱՌՆԱՄԱՏԻՏԵՂ (Russula), բազիդիավոր սնկերի դառնամատիտեղների ընտանիքի ցեղ: Հայտնի է մոտ 280, ՀՀ-ում՝ 33 տեսակ: Տարածված է անտառաշատ մարզերում (1100-2100 մ բարձր-ներում): Հանդիպում է մայիս-հոկտեմբերին: Ցեղի բոլոր ներկայացուցիչները միկոռիզագոյացնող սնկեր են. համակեցության մեջ են մտնում ասեղնատերև և լայնատերև ծառատեսակների հետ:

Գլխարկը (տրամագիծը՝ 3-20 սմ) ունի վառ գունավորում, սկզբում կլոր է, կիսակլոր կամ բլթակաձև, հետագայում՝ տափակ, թեթևակի ձագարաձև, եզրերը՝ հարթ կամ ներծալված: Մաշկը լորձնային է, հեշտությամբ պոկվում է պտղամսից: Պտղամիսը սպիտակ է, մսոտ, տարբեր համերի (անալի, կծու, դառը կամ քաղցր): Թիթեղները լայն են՝ խիտ դասավորված, սպիտակ կամ դեղնավուն, մի փոքր իջնում են ոտիկի վրա: Ոտիկը (երկար.՝ 2-18 սմ, հաստ.՝ 1-4 սմ) գլանաձև է, ստորին մասում լայնանում է կամ նեղանում, սկզբում սպիտակ է, հետագայում՝ դեղին, վարդագույն կամ մոխրագույն:

Ցեղի գրեթե բոլոր տեսակները համային բարձր հատկանիշներով օժտված ուտելի սնկեր են: Օգտագործում են թարմ, աղ և թթու դրած: Կծու կամ դառնահամ տեսակները սննդի մեջ օգտագործում են եռացնելուց և ջուրը թափելուց հետո:

ԴԱՌՆԱՐՄԱՏ (Goebelia), դառը բիան, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Դ․ աղվեսապոչավոր (G. alopecuroides): Հանդիպում է Արարատի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում: Աճում է ճամփեզրերին, գետերի ու առուների ափերին, թույլ աղուտ հողերում, ցամաքուրդներում, փոքրիշատե խոշոր զանգվածներ է առաջացնում Մեծամոր գետի ձախափնյա մասում:

Ցողունի բարձր. մինչև 100 սմ է, վերին մասում՝ ճյուղավորվող, հիմքում՝ փայտացած: Տերևները խոշոր են, էլիպսաձև, թավոտ: Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակ կամ դեղնավուն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը համրիչանման ունդ է:

ԴԱՌՆԱՓՈՒՇ (Xanthium), դառնուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Դ. ասեղնավոր (X. spinosum), Դ. իտալական (X. italicum) և Դ. խպիպաձև (X. strumarium): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ճամփեզրերին, առուների ափերին, աղբոտում ցանքերն ու տնկարկները:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 1 մ: Տերևները հերթադիր են, եռաբլթակ: Ծաղկաբույլը հասկանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ կանաչավուն: Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին: Պտուղն էլիպսաձև է՝ պատված կեռ փշերով: Սերմը երկու երկարավուն սերմիկներով տուփիկ է: Թունավոր է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, յոդ: Ժող. բժշկության մեջ օգտագործում են խպիպի, մաշկ․ հիվանդությունների, դիզենտերիայի բուժման նպատակով:

ԴԴՄԻԿ (Cucurbita pepo), դդում սովորական, դդմազգիների ընտանիքի