Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարճ, սողացող կոճղարմատով բույս է, առաջացնում է գորշ կանաչավուն խիտ ճիմ: Ցողունն ուղիղ է, կոշտ և մերկ՝ առանց հանգույցների, բարձր.՝ 10-30 սմ: Տերևներն արմատամերձ են, բարակ, սուր, կոշտ: Ծաղկաբույլը միակողմանի, նոսր, միածաղիկ հասկիկներով հասկ է: Ծաղկում է հուլիսի վերջին: Պտուղը եռանիստ կեղծ հատիկ է: Արագ աճի շնորհիվ մարգագետիններում ճնշում է արժեքավոր խոտաբույսերի աճը: Նպաստում է մարգագետինների ճմակալմանը, ամրացնում ավազուտները:

ԿԱԹՆԱԽՈՏ (Polygala), կաթնախոտազգիների ընտանիքի բազմամյա կոսմոպոլիտ խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ: Հայտնի է մոտ 800 (այլ տվյալներով՝ 500), ՀՀ-ում՝ 8 (11) տեսակ՝ Կ. ալպիական (P. alpicola), Կ. անդրկովկասյան (P. transcaucasica), Կ. անատոլիական (P. anatolica), Կ. ուրարտական (P. urartu) և այլն: Հանդիպում է Երևանի շըրջակայքում, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ալպյան և ենթալպյան մարգագետիններում, թփուտներում, օշինդրային կիսաանապատներում:

Բազմաթիվ ցողուններով բույս է, բարձր.՝ 10-40 (50) սմ: Տերևները հերթադիր են, ամբողջական, գծանշտարաձև կամ ձվաձև: Ծաղիկները երկսեռ են, անկանոն, ողկույզներով, սպիտակ, վարդագույն, երկնագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը երկբուն տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, ալկալոիդներ, օրգ. թթուներ, ճարպայուղեր և այլն: Արմատների եփուկն ու թուրմն օգտագործում են որպես խորխաբեր միջոց (տուբերկուլոզի, քրոնիկ, բրոնխաբորբի ժամանակ), նաև շաքարախտի և ռևմատիզմի բուժման նպատակով:

ԿԱԹՆԱՍՆԿԵՐ (Lactarius), բազիդիավոր սնկերի դառնամատիտեղայինների ընտանիքի ցեղ: Հայտնի է մոտ 90, ՀՀ-ում՝ 31 տեսակ՝ շեկլիկ (Լ. deliciosus), պղպեղասունկ (L. piperatus), ալիքասունկ սպիտակ (Լ. pubescens), ճռճռուկ (Լ. vellereus) և այլն: Տարածված են անտառաշատ մարզերում, հանդիպում են ամռանը և աշնանը (1000-2100 մ բարձր՜ներում): Ցեղի բոլոր ներկայացուցիչները միկոռիզագոյացնող սնկեր են, որոնք համակեցության մեջ են մտնում տարբեր ասեղնատերև և լայնատերև ծառատեսակների հետ:

Գլխարկը (տրամագիծը՝ 25 սմ) ձագարաձև է կամ տափակ-կլորավուն՝ ներծալված, խավոտ եզրերով, սպիտակ, մոխրագույնից մինչև վարդագույն և շագանակագույն: Թիթեղները հաճախ իջնում են ոտիկի վրա: Պըտղամիսը հարուստ է կաթնահյութով լըցված կաթնատար անոթներով: Կաթնահյութը հիմնականում սպիտակ է, որոշ տեսակների մոտ օդի հետ շփումից դեղնում է, կարմրում կամ կանաչում: Պտղամիսը և կաթնահյութը լինում են կծու, դառը, անալի: Ոտիկը (երկար.՝ 2-12 սմ, հաստ.՝ 0,6-3) կենտրոնական է կամ թեթևակի կողքային, ամուր կամ փխրուն, հոծ կամ սնամեջ:

Ցեղի գրեթե բոլոր տեսակները համեղ, ուտելի սնկեր են: Սննդի մեջ օգտագործվում են թարմ, աղ և թթու դրած: Կծու կամ դառը համ ունեցող տեսակներն օգտագործվում են եռացնելուց և ջուրը թափելուց հետո:

ԿԱԹՆԲԵԿ (Sonchus), իշամառոլ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 55 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Կ. խորդուբորդ (Տ. asper), Կ. ճահճային (Տ. palustris), Կ. դաշտային (Տ. arvensis) և այլն: Կան նաև ՀՀ բնաշխարհիկներ՝ Կ. արարատյան (Տ. araraticus) և Կ. Սոսնովսկու (Տ. sosnowskyi): Տարածված է ստորին և միջին լեռն, գոտիներում: Աճում է բացատներում, այգիներում, բանջարանոցներում, աղի ճահճուտներում, թփուտներում, որոշ տեսակներ դաշտային չարորակ մոլախոտեր են:

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձր.՝ 40-150 (200) սմ: Տերևները երկար են, նստադիր, գոգավոր-բլթակավոր կամ քնարաձև: Ծաղկազամբյուղները վահանաձև, հուրանանման ծաղկաբույլերով են, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Մեղրատու է և կերաբույս:

ԿԱԹՆՈՒԿ (Lactuca), հազար, մառոլ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա կաթնանման հյութ պարունակող խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Կ. թաթարական (Լ. tatarica), Կ. Թախտաջյանի (Լ. takhtadzhianii), Կ. վրացական (Լ. georgica), Կ. Վիլհելմսի (Լ. wilgeorgica) և այլն: Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերի լեռն, շրջաններում: Աճում է կավահողերում, աղուտներում, անտառների բացատներում, թփուտներում, մարգագետիններում, ճամփեզրերին: Մշակության մեջ, որպես բանջարաբույս, տարածված է Կ. մշակովին (Լ. sativa):

Ցողունի բարձր, մինչև 1 մ է: Տերևներն ամբողջական են կամ կտըրտված: Ծաղկաբույլը բազմածաղիկ զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին կամ կապույտ: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը Էլիպսաձևից մինչև երկարավուն, փուփուլիկով սերմիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, օրգ. թթուներ, վիտամիններ C, B, PP, սեսկվիտերպենոիդներ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են սրտի, ստամոքսի, աչքի և այլ հիվանդությունների, կոտրվածքների և թունավորումների ժամանակ:

Թախտաջյանի Կ. հանդիպում է Վայոց ձորի մարզում և Երևանի շըրջակայքում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԿԱԿԱՉ (Papaver), խաշխաշ, պուտ, կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի