Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեռն․ գոտու չոր, քարքարոտ լանջերին: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՄԵՂՐԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐ, մեղրատուներ, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերի խումբ, որոնցից մեղուները նեկտար և ծաղկափոշի են հավաքում: ՀՀ-ում տարածված են ավելի քան 1000 Մ.բ., որոնցից մեղվաբուծության համար առավել արժեքավոր են 200-ը: Նեկտարն արտադրվում է ծաղկի խորքում, երբեմն՝ նրանից դուրս (ցողուն, տերև, տերևակոթուն) գտնվող տարբեր ձևերի նեկտարանոցներում: Մ. բ-ի տարբեր տեսակների մեկ ծաղկի արտադրած նեկտարի քանակը միատեսակ չէ, օրինակ՝ սրտաձև լորենու մեկ ծաղիկն արտադրում է 0,15-7,45 մգ, տափակատերևինը՝ 0,5-11,55 մգ, ազնվամորունը՝ մոտ 14 մգ նեկտար և այլն: Որոշ Մ.բ. (բարդի, բալենի և այլն), բացի նեկտարից, արտադրում են նաև խեժանյութեր, որոնցից մեղուներն ակնամոմ են պատրաստում: Բույսերի նեկտարարտադրության ունակությունը ձևավորվել է էվոլյուցիայի ընթացքում՝ որպես միջատներով խաչաձև փոշոտման հարմարվածություն: Նեկտարարտադրությունը և մեղուների կողմից նեկտար հավաքելը համընկնում են բույսերի ծաղկման շրջանին: Ծառատեսակներից լավագույն մեղրատուներ են խնձորենին, տանձենին, բալենին, կեռասենին (1 հա-ից ստացվում է 20-30 կգ մեղր), լորենին, դաշտային թխկին (1000 կգ/հա), սպիտակ և դեղին ակացիաները (350-500 կգ/հա), հատապտուղներից՝ հաղարջենին, կոկռոշենին (50-60 կգ/հա), ազնվամորին (մինչև 100 կգ/հա), խոտաբույսերից՝ հնդկացորենը (60-90 կգ/հա), արևածաղիկը (30-40 կգ/հա), համեմը (200 կգ/հա և ավելի), մանանեխը (մոտ 40 կգ/հա), կորնգանը (90-400 կգ/հա), երեքնուկը (մոտ 100-125 կգ/հա) և այլն: Անտառային մեղրատուներից են նեղտերևին, բոխնին, խլածաղիկը, գետնաբաղեղը, թոքախոտը, խմին և այլն: Մեղրատու են նաև բանջարաբոստանային գրեթե բոլոր բույսերը: Որոշ Մ.բ. տարածված են մշակության մեջ:

ՄԵՆԱԽՈՏ (Eremostachys), անապատահասկ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Մ. հատած (E. laciniata), Մ. խեցեծաղկանման (E.moluccelloides) և Մ-ի տարատեսակը՝ Մ. լայնաբաժակ (E.macrophylla): Տարածված է Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, քարքարոտ, կավոտ, հաճախ՝ նաև գիպսակիր լանջերին:

Ցողունը քառանիստ է, բարձր.՝ 40-100 սմ: Տերևները թավոտ են, ամբողջական կամ փետրաձև կտրտված: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կեղծ տերևանութներում, սպիտակ, դեղնավուն կամ նուրբ վարդագույն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղն ընկուզանման է, միասերմ, վերևում՝ հարթ մազափնջով:

Լայնաբաժակը խեցեծաղկանման Մ-ից տարբերվում է ծաղկաբաժակի թաղիքանման խավավորմամբ, կարճ պսակով և ավելի խոշոր ցողունային տերևներով: Հանդիպում է Արարատյան գոգավորությունում և Սյունիքի մարզում (Մեղրի): Աճում է չոր, քարքարոտ և գիպսակիր լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՄԻԿՈՖԻԼ ՍՆԿԵՐ, տարասեռ էկոլոգ. խումբ, ընդգրկում է սնկերի կարգաբան., սննդային տիպերի տարբեր տեսակներ: Հայտնի է մոտ 2 հզ., ՀՀ-ում՝ մոտ 45 տեսակ, որոնք պատկանում են զիգոմիցետների, ասկոմիցետների, բազիդիավոր սնկերի և անկատար սնկերի դասերին:

Մ. ս-ի խումբը մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես կենսբ. ակտիվ նյութերի ստացման հեռանկարային աղբյուր: Այս խմբի սնկերից անջատվել են մի շարք հակաբիոտիկներ՝ տրիխոտեցին, տերնատին, տրիխոդերմին և այլն: Շատ տեսակներ բնության մեջ մի շարք ֆիտոպաթոգեն սնկերի բնական մակաբույծներ են, հետևապես կարող են օգտագործվել բույսերի հիվանդությունների հարուցիչների դեմ՝ որպես կենսբ. պայքարի արդյունավետ միջոց: Մ. ս. մեծ վնաս են հասցնում սնկաբուծությանը՝ հարուցելով տարբեր հիվանդություններ:

ՄԻՋԱՏԱԿԵՐ ԲՈՒՅՍԵՐ, բազմամյա խոտաբույսեր, թփեր, թփիկներ, լիաններ, որոնք որսում են մանր միջատներ (հազվադեպ՝ այլ մանր կենդանիներ) և օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես ազոտային) սնունդ: Հայտնի են մոտ 500 Մ. բ.:

Մ. բ-ից ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ խորշաբույս միջին (Utricularia intermedia), խորշաբույս սովորական (Utricularia vulgaris) և խորշաբույս փոքր (Utricularia minor): Հանդիպում են լեռն․ մարզերի (Լոռի, Տավուշ և այլն) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում: Ազատ լողացող, արմատազուրկ, ջրային բազմամյա խոտաբույսեր են: Ցողունի երկար․ մինչև 100 սմ է: Տերևները կտրտված են, դրանց մի մասը