Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևափոխվել է մանր փամփշտիկների, որոնցով որսում են ջրային մանր կենդանիներ, միջատներ, որդեր, թրթուրներ և այլն: Խորշաբույսի կամ ջրատիկի փամփշտիկը կանաչ կամ կապտականաչ է, ունի փոքր անցք (երախ), որը ծածկված է հատուկ փականով, իսկ երախի շուրջը կան միջատներին գրավող լորձնապատ մազիկներ:

Աճում են ազոտային միացություններով աղքատ միջավայրում՝ լճերի ու գետերի ափերին, տորֆային ճահիճներում, գերխոնավ մարգագետիններում: Ազոտային քաղցը, ֆոսֆորի, կալիումի և այլ նյութերի անբավարարությունը լրացնում են ի հաշիվ կենդ. կերի: Էվոլյուցիայի ընթացքում այդ բույսերը ձեռք են բերել միջատներ որսալու տարբեր հարմարանքներ՝ սափորներ, պարկեր, թարթիչավոր ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, նաև արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն և հոտավետ նյութեր: Պեպսինի տիպի հատուկ ֆերմենտների և օրգ. թթուների (մրջնաթթու, բենզոյական թթու, կիտրոնաթթու և այլն) միջոցով Մ. բ-ի որսած միջատների սպիտակուցները փոխարկվում են առավել պարզ, հեշտ յուրացվող միացությունների: Վերերկրյա Մ. բ-ի արմատային համակարգը թույլ է զարգացած, ջրայինների մոտ այն բացակայում է, բայց Մ. բ. կարող են իրենց գոյությունը պահպանել հողից և ջրից ստացվող նյութերի հաշվին: Կենդ․ սնունդն արագացնում է Մ.բ-ի զարգացումը, անցումը ծաղկման և պտղատվության: Մ.բ. շատ զգայուն են արտաքին գրգռիչների նկատմամբ:

Ծաղկաբույլը ջրից դուրս, մերկ ցողունի վրա փուխր ողկույզ է, ծաղիկները՝ անկանոն՝ նարնջադեղնավուն, գորշակարմիր բծերով: Ծաղկում են հունիս-սեպտեմբերին: Պտուղը տուփիկ է:

ՄԿՆԱՍՈԽ (Scilla), բծիծ, գայլասխտոր, շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 60 (այլ տվյալներով՝ 90), ՀՀ-ում՝ 6(7) տեսակ՝ Մ. սիբիրյան (Տ. siberica), Մ. Միշչենկոյի (Տ. mischtschenkoana), Մ. ատրոպատանյան (Տ. atropatana), Մ. Ռոզենի (S.rosenii) և այլն:

Ցողունը տերևազուրկ է, բարձր.՝ 15-20 (հազվադեպ՝ 40) սմ: Տերևները գետնամերձ են, գծաձև: Ծաղկաբույլը հիմնականում նոսր հուրանաձև է (հազվադեպ՝ միայնակ), ծաղիկները՝ սպիտակ, վարդակապույտ, կապույտ: Ծաղկում է մարտ-մայիսին: Պտուղը սակավասերմ տուփիկ է: Պարունակում է ալկալոիդներ: Գեղազարդիչ է:

Միշչենկոյի Մ. հանդիպում է Վայոց ձորի (Արենի գ-ի շրջակայքում) և Սյունիքի մարզերում: Աճում է ստորին և միջին գոտիների ժայռաճեղքերում և քարաժայռերին (1000-1800 մ բարձրներում), Ատրոպատանյան Մ.՝ միայն Սյունիքի մարզում (Արաքս գետի կիրճում)՝ ստորին և միջին լեռն․ գոտիների խճաքարոտ և քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում (400-1200 մ բարձր-ներում), Ռոզենի Մ.՝ Լոռու և Շիրակի մարզերի, Գեղամա լեռնաշղթայի ենթալպյան մարգագետիններում՝ գետակների ափերին, խոնավ վայրերում (2000-2500 մ բարձր-ներում): Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՄՂԱՄՈՒՃ (Viscum), ճագոմ, պանթումա, քեքուկ, փոկածաղկազգիների ընտանիքի կիսամակաբույծ բույսերի ցեղ: Հայտնի է 60-70, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Մ. սպիտակ (V. album): Հանդիպում է ՀՀ գրեթե բոլոր անտառներում: Սաղարթավոր ծառերի (բարդի, թխկի, կաղնի, թեղի, լորենի, բոխի և այլն), բնափայտային, հազվադեպ՝ պտղատու (տանձենի, խնձորենի, սալորենի և այլն) ծառատեսակների մակաբույծ է:

Ճյուղավորվող, գնդաձև (տրամագիծը՝ 20-120 սմ) թուփ է: Ճյուղերը կլորավուն են, դեղնականաչավուն: Արմատ-ծծիչները ճյուղավորվող են, հատվածավոր, փայտանման (հեշտությամբ կոտրվում են հանգույցներում): Տերևները հակադիր են, երկարավուն, ամբողջաեզր: Ծաղիկները մանր են՝ ճյուղերի ծայրերին խմբված (5-6 հատ), առաջացնում են դեղնականաչավուն գլխիկներ: Ծաղկում է վաղ գարնանը: Պտուղը գնդաձև, սպիտակ կամ դեղին, հյութալի հատապտուղ է: Դեղաբույս է. պարունակում է քոլին, ացետիլ քոլին, գլիկոզիդներ, ինոզիտ, սապոնիններ, կպչուն նյութ (վիսցին) և այլն: Տերևների լուծամզուքը (օմելեն) օգտագործվում է արյան բարձր ճնշման, թարմ տերևների հյութը (պենազոլ)՝ հոդաբորբի, իսկ որոշ պատրաստուկներ՝ նաև չարորակ ուռուցքների, երիկամաբորբի, կրծքահեղձուկի, էպիլեպսիայի և այլ հիվանդությունների բուժման համար: Ունի շաքարն իջեցնող, ճիճվամուղ և հակաալերգ. հատկություններ:

ՄՈԼԱԽՈՏԵՐ, մշակովի հողամասերում հանդիպող անցանկալի միամյա և բազմամյա չմշակվող բույսեր:

Հայտնի է մի քանի հզ., ՀՀ-ում՝ ավելի քան 850 (Արարատյան դաշտում՝ 441) տեսակ: Տարածված են ամենուրեք՝ ցանքերում, հատապտղատու տնկարկներում, անտառներում, մարգագետիններում, տնամերձ հողատարածքներում, գեղազարդիչ ծաղկաթմբերում, խաղահրապարակներում ևն։ Մ. օժտված են բարձր կենսունակությամբ, անբարենպաստ պայմաններում գոյատևելու էկոլոգ. ճկունությամբ, առատ սերմատվությամբ և արագ բազմանալու ունակությամբ՝ մեծ վնաս են հասցնում մշակաբույսերին, ճնշում են վերջիններիս աճը՝ կլանելով հողից մեծ քանակությամբ ջուր և սննդանյութեր, ստվերացմամբ խանգարում ֆոտոսինթեզին, խախտում նրանց ջերմային ռեժիմն ու հողում կատարվող միկրոկենսբ. շարժընթացները և այլն: Մ-ի սերմերը կամ պտուղները հաճախ պարունակում են թունավոր նյութեր, որոնք խառնվելով բերքին կամ մթերքներին՝ իջեցնում են վերջիններիս ապրանքային հատկությունները, սննդ. արժեքը, վատացնում համն ու բույրը: Մարդու կողմից օգտագործվող սննդամթերքի մեջ հարբեցնող որոմի, արջընկույզի, ձիաձետի, ոջլախոտի, սև բանգու, շիկատակի և այլ Մ-ի սերմերի չնչին առկայությունն անգամ առաջացնում է թունավորում: Դառը օշինդրը, դեղատու իշառվույտը, վայրի սխտորուկը ոչ միայն անմիջապես օգտագործվող մթերքին, այլև կենդանիների կաթին ու մսին տհաճ համ ու հոտ են հաղորդում: Կան նաև մակաբույծ Մ., որոնք ամրանում են ցողուններին (գաղձը՝ երեքնուկի և առվույտի), արմատներին (ճրագախոտը՝ ծխախոտի, լոլիկի) և կիսամակաբույծ Մ. (աքլորաբբուկը՝ աշորայի, ատամնուկը՝ մշակովի և վայրի դաշտավլուկազգիների), որոնք սնվում են կանաչ բույսերի կողմից սինթեզված օրգ. նյութերով: Մարգագետիններում,