Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևն, երկնագույն և մանուշակագույն՝ լրջունի, փիփերթի, տուղտավարւփ, գետնամուշկի, ներկատու մատիտեղի և այլն, կարմիր՝ սրնգենու, տորոնի, սպանդի, մակարդախոտի, նռնենու և այլն, շագանակագույն և բաց շագանակագույն՝ ընկուզենու, փշաքեղի, աղտորի, լաստենու, կաղնու և տանձենու կեղևից, նարնջագույն՝ քրքումից, կանաչ՝ դեղինի և ինդիգոյի (կապույտ ներկանյութ) խառնուրդից, երբեմն՝ թանթրվենու և եղինջի տերևներից, տորոնի արմատներից, գիհու պտուղներից, թթենու ծաղկաբույլերից և այլն: Բնական ներկերն անվտանգ են և օգտագործվում են գորգերի, սննդի արդ. (պանրիկներին, ճարպերին, հրուշակեղենին, խմիչքներին գույն տալու համար), օծանելիքի արտադրության մեջ:

ՆՇԵՆԻ (Amygdalus), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է 40, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ն. նաիրյան (A. nairica), Ն. Ֆենցլի (A. fenzliana), Ն. սովորական (A. communis): Հանդիպում է Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ստորին և միջին լեռն․ գոտիներում (500-2200 մ բարձր-ներում): Աճում է չոր, քարքարոտ վայրերում, ժայռոտ լանջերին և այլն: Սովորական Ն. տարածված է նաև մշակության մեջ՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում:

Չորադիմացկուն ծառ է կամ թուփ, բարձր.՝ 3-6 (8) մ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև, հարթ, կաշեկերպ: Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ վարդագույն: Ծաղկում է ապրիլի երկրորդ կեսին կամ մայիսի սկզբին: Պտուղը կիսաչոր պատյանով կորիզապտուղ է: Սերմը (միջուկը) քաղցր է կամ դառը՝ պայմանավորված ամիգդալին գլիկոզիդի (մինչև 4 %) առկայությամբ: Չոր միջուկը միջին հաշվով պարունակում է ճարպեր՝ 54 %, ազոտային նյութեր՝ 21 %, ոչ ազոտային նյութեր՝ 13 %, թաղանթանյութ՝ 4%, ջուր՝ 6 %, մոխիր՝ 2 %: Քաղցր միջուկն օգտագործվում է թարմ, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ (աղիքային հիվանդությունների, շաքարախտի ժամանակ, որպես հակաճիճվային միջոց և այլն), յուղ ստանալու համար և այլն, կեղևը՝ գինու-կոնյակի արտադրությունում, բնափայտը՝ ատաղձագործ․ և խառատային գործիքների պատրաստման համար: Ն-ու տնկարկներն օգտագործվում են սարալանջերի հողերն էրոզիայից պաշտպանելու նպատակով:

Նաիրյան Ն. Անդրկովկասի հվ-ի բնաշխարհիկ է: ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի մարզում (ստորին և միջին լեռն․ գոտիներում): Աճում է չոր, քարքարոտ լանջերին, խճոտ վայրերում: Ծաղիկները խոշոր են, կարմրավուն: Ծաղկում է մինչև տերևների երևալը, գարնան ավետաբեր է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՆՈՃԻ (Cupressus), կիպարիս, սարո, նոճազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 20 տեսակ. ՀՀ չոր մերձարևադարձային գոտում աճեցվում են Ն. մշտադալարը (C. sempervirens) և Ն. արիզոնյանը (C. arizonica):

Ծառերի սաղարթը բրգաձև է, բարձր.՝ մինչև 30 մ։ Ասեղնատերևները մանր թեփուկանման են՝ խեժային գեղձիկներով: Կոները գնդաձև են, բազմանիստ, շուտ բացվող: Սերմերը մանր են, տափակ, կարմրագորշագույն, թևավոր: Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստմամբ: Բնափայտը դեղնավարդագույն է, բնորոշ սուր հոտով, ամուր և թեթև: Օգտագործվում է կահույքագործության մեջ: Ապրում է մինչև 2000 տարի: Ջերմա-, լուսասեր է և երաշտադիմացկուն:

ՆՈՍՏՈԿ (Nostoc), կապտականաչ ջրիմուռների ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Ն. սովորական (N. commune), Ն. սալորանման (N. pruniforme) և այլն: Բնակվում է քաղցրահամ ջրերում, ջրավազաններում և հողի վրա:

Կազմում է տարբեր ձևերի (գնդաձև, ձվաձև, տանձաձև, սալորաձև և այլն) և չափերի (մանրադիտակայինից մինչև 30 սմ տրամագծով) դոնդողանման գաղութներ, որոնց արտաքին մակերևույթը պատված է լորձնային թաղանթով: Գաղութները չոր վիճակում սև են, իսկ խոնավ ժամանակ՝ ձիթապտղագույն-կանաչ: Որոշ տեսակներ սկզբնական շրջանում ապրում են հիմնանյութին կպած: Շատերը քարաքոսերի ֆիկոբիոնտ են: Համարվում են ազոտյուրացնողներ: Բազմանում են վեգետատիվ ձևով:


Մի շարք երկրներում որոշ տեսակներ օգտագործում են սննդի մեջ:

ՆՌՆԵՆԻ (Punica), նռնազգիների ընտանիքի տերևաթափ պտղատու թփերի և ոչ մեծ ծառերի ցեղ: ՀՀ-ում վայրի վիճակում հանդիպում է Սյունիքի (Մեղրի, Գորիս) և Լոռու (Ալավերդի-Ախթալա) մարզերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Աճում է գետափերին, գետերի չորացած հուներում, կիրճերում, խճոտ և կավոտ լանջերին, նախալեռներում, նոսրանտառներում (400-1100 մ բարձր-ներում) և այլն: Չորասեր է: Կարող է ընտրասերման