Գլխարկը (տրամագիծը՝ 3-13 սմ) բարձիկանման է, մսալի, ամուր, սպիտակ, կեղտոտ-սպիտակ, հետագայում՝ գրեթե դարչնագույն՝ ավելի բաց գունավորված եզրերով, երբեմն կենտրոնում՝ թեփուկավոր: Թիթեղները խիտ են, ազատ, սկզբում՝ վարդագույն, ապա՝ մուգ դարչնագույն: Սպորափոշին մուգ դարչնագույն է: Պտղամիսը սպիտակ է, կտրվածքում՝ վարդագույն, հաճելի սնկային համով և բույրով: Ոտիկը (երկար.՝ 3-10 սմ, հաստ.' 2-4 սմ) գլանաձև է, ամուր, հարթ, սպիտակ, հետագայում՝ գորշացող, հաստ, ամուր օղակով:
Ամենաբարձրորակ ուտելի սնկերից է: Օգտագործվում է թարմ, թթու և աղ դրած: Արհեստականորեն աճեցվում է շատ երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում՝ հատուկ սնկանոցներում: Աշխարհում աճեցվող սնկերի արտադրանքի ծավալում զբաղեցնում է առաջին տեղը:
ՇԱՆԲԵՐԱՆ (Antirrhinum), առյուծաբերան, խլածաղկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 40, ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝ Շ. խոշոր (A. majus):
Ցողունի բարձր. 30-60 սմ է: Տերևները նշտարաձև են: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ խոշոր, երկշուրթ, կարճ ծաղկակոթերով, կարմիր, դեղին, սպիտակ և այլն: Սերմերը մանր են, ձվաձև, կնճռոտ: Պարտեզագործության մեջ օգտագործվում են խոշոր և վառ ծաղիկներ ունեցող տարատեսակները, ծաղկաթմբերի, գազոնների ծաղկազարդման համար, ինչպես նաև ծաղկեփնջերում՝ գաճաճները: Գեղազարդիչ է:
ՇԱՐՔԱՍՆԿԵՐ (Tricholoma), բազիդիավոր սնկերի շարքասնկայինների ընտանիքի ցեղ: Հայտնի է 90, ՀՀ-ում՝ 21 տեսակ՝ Շ. մոխրագույն (T. portentosum), Շ. հողամոխրագույն (T. terreum), Շ. տխուր (T. triste) և այլն: Տարածված են հիմնականում ասեղնատերև անտառներում, հողի վրա՝ գարնանը, ամռանը և աշնանը: Հիմնականում միկոռիզագոյացնող են, համակեցության մեջ են մտնում սոճու հետ:
Գլխարկը (տրամագիծը՝ 3-15 սմ) կիսագնդաձև է, հաճախ՝ ալիքավոր՝ ներծալված կամ դուրս ծալված եզրերով, տարբեր գունավորմամբ, հազվադեպ՝ սպիտակ, չոր կամ կպչուն, հարթ կամ թելանման, թեփուկավոր: Պտղամիսը մսալի է, սպիտակ, դեղնավուն, մոխրագույն: Թիթեղները հիմնականում սպիտակ են՝ ոտիկին կպած կամ ոտիկի վրա իջնող: Ոտիկը կենտրոնական է, ամուր, թելանման, սպիտակավուն, մոխրագույն: Մասնակի և ընդհանուր ծածկոցները բացակայում են: Փխրուն թաղիքե օղակի ձևով հազվադեպ առկա են փառանման, արագ անհետացող մասնակի ծածկոցի մնացորդներ:
Որոշ տեսակներ ուտելի են. օգտագործվում են թարմ, աղ և թթու դրած:
ՇԵԿԼԻԿ (Lactarius deliciosus), կաթնասունկ նրբահամ, բազիդիավոր սնկերի կարգի կաթնասնկերի ցեղի ներկայացուցիչ: ՀՀ-ում տարածված է ասեղնատերև ծառատեսակներով հարուստ մարզերում, հողի վրա՝ ամռանը և աշնանը: Միկոռի զագոյացնող է, համակեցության մեջ է մտնում սոճու և եղևնու հետ:
Գլխարկը (տրամագիծը՝ 3-15 սմ) մսալի է, սկզբում՝ տափակ, ապա՝ ձագարաձև՝ ներծալված եզրերով, հարթ, թեթևակի լորձնային կամ չոր մակերեսով՝ շեկ, նարնջագույն, կանաչավուն, մուգ գունավորված շրջաններով: Պտղամիսը սպիտակադեղին է, կտրելուց արագ կարմրում է, ապա՝ կանաչում: Պարունակում է վառ նարնջագույն կաթնահյութ, որը մի քանի ժամ անց դառնում է մոխրականաչ: Ունի հաճելի համ և մրգային հոտ: Թիթեղները խիտ են, նեղ, փխրուն, իջնում են ոտիկի վրա, նարնջադեղին են կամ նարնջագույն, սեղմելուց կանաչում են: Սպորափոշին սպիտակ է՝ թույլ դեղնավարդագույն երանգով: Լավորակ ուտելի սունկ է. օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած:
ՇԵՐԵՓՈՒԿԱԽՈՏ (Potamogeton), գետաբույս, ջրահասկ, շերեփուկախոտազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ Շ. լողացող (P. natans), Շ. փայլուն (P. lucens), Շ. սանրավոր (P. pectinatus), Շ. հանգուցավոր (P. nodosus), Շ. ալպիական (P. alpinus) և այլն: Տարածված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և այլ մարզերի, Երևանի շրջակայքի դանդաղահոս և լճացած ջրերում, լճերում, ջրամբարներում և այլն:
Ցողունի երկար. 2-3 (6) մ է: Տերևները տարբեր ձևերի (թելանմանից մինչև լայն էլիպսաձև) են, ստորջրյաները՝ թաղանթային, թափանցիկ, լողացողները՝ կաշեկերպ, ամուր: Ծաղկաբույլը հասկանման է, ջրի մակերեսին, ծաղիկները՝ մանր: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտղիկները 1-4 կորիզապտղիկներ կամ ընկուզիկներ են: Բազմանում է գեներատիվ և վեգետատիվ ճանապարհներով: Շ-ի բուսուտները ձկների համար ձվադրման և սնման վայրեր են: Շ. կարգավորում է ջրավազանների թթվածնային ռեժիմը, նպաստում տիղմի առաջացմանը: Կարելի է օգտագործել նաև որպես գեղազարդիչ (պարտեզագործությունում) և ակվարիումային բույս: