Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորագոյացությունների բուժման ժամանակ: Պատրաստուկները միզամուղ, լեղամուղ, փսխեցուցիչ միջոց են: Թունավոր է և գեղազարդիչ:

Նինայի և Գոհարի Շ-ները բնաշխարհիկներ Են: Հիանալի Շ. տարածված է Երևանի շրջակայքում, աճում է խոնավ մարգագետիններում, Շովիցի Շ.՝ մի շարք մարզերի խոնավ վայրերում, ճմուտ մարգագետիններում (միջինից մինչև ալպյան գոտի՝ 1600-3000 մ բարձր-ներում), ստվերային Շ. հանդիպում է Տավուշի մարգի (Կողբ գ֊ի շրջակայքում) խոնավ լեռնալանջերին, բացատներում, թփուտներում և այլն: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՇՆԿՈՏԵՄ (Thlaspi), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 70, ՀՀ-ում՝ 9 (11) տեսակ՝ Շ. դաշտային (T. arvense), Շ. հ ա ր թա պ տ ղան ի (T. platycarpum), Շ. հովանոցավոր (T. umbellatum), Շ. Շովիցի (T. szovitsianum), Շ. Ձանգեզուրի (T. zangezuricum): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է ստորինից մինչև վերին լեռն, գոտիների խոնավ բացատներում, խոտածածկ լանջերին, գետափերին, թփուտներում և այլն:

Ցողունը կանգուն է, երբեմն՝ թույլ ճյուղավորվող, բարձր.՝ 5-60 սմ: Տերևները սրտաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն: Ծաղկում է ապրիլ-հուլիսին: Պտուղը երկսերմ կամ բազմասերմ պատիճակ է: Սերմերը հարթ են կամ կետիկավոր: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ֆլավոնիդներ, ալկալոիդներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), սապոնին, սերմերը՝ 20-33% ճարպայուղեր, օգտագործվում են տեխ. նպատակներով և սննդի մեջ, պատրաստուկները՝ որպես հակաբորբոքային միջոց:

Ձանգեզուրի Շ. հազվագյուտ բնաշխարհիկ է, հանդիպում է Սյունիքի մարզի ալպյան և ենթալպյան գոտիներում: Աճում է ժայռաճեղքերում: Ծաղիկները թանաքավարդագույն են. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՇՐԵՇ (Eremurus), շրեշտ, օղին, փայլկտուկ, թաղաղուազգիների ընտանիքի կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Շ. ուշագրավ (E. spectabilis): Տարածված է Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի լեռն, գոտիներում (1500-2300 մ բարձր-ներում): Աճում է չոր, քարքարոտ վայրերում:

Կոճղարմատը հոծ է, իլիկաձև հաստացած, մսալի: Ցողունն ուղղաձիգ է, բարձր. 40-60 սմ: Տերևներն արմատամերձ են, երկար, գծաձև: Ծաղկաբույլը բազմածաղիկ ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կարմրավուն, գորշ և այլն: Ծաղկում է մայիս֊հունիսին: Պտուղը գնդաձև տուփիկ է: Որոշ տեսակների արմատները պարունակում են դեքստրինանման նյութեր (օգտագործվում են սոսինձ պատրաստելու համար), իսկ տերևները՝ Ներկանյութ: Մատղաշ տերևներն ուտելի են: Մեղրատու է և գեղազարդիչ:

ՇՐՋԱՀՅՈՒՍ (Periploca), փաթթուկ, թունաթափազգիների ընտանիքի փաթաթվող կամ կանգուն թփերի ցեղ: Հայտնի է 11 (այլ տվյալներով՝ 31), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Շ. հունական (P. graeca): Հանդիպում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին լեռն, գոտու անտառներում, գետերի և գետակների ափերին, խոնավ վայրերում (մինչև 1500 մ բարձր-ներում):

Փաթաթվող, տերևաթափ, տերևներում և ճյուղերում կաթնանման հյութ պարունակող լիան է, երկար.՝ 12 (30) մ: Տերևները հակադիր են, ամբողջական, կաշեկերպ, էլիպսաձև, ձվաձև, ձվանշտարաձև, հազվադեպ՝ կլորավուն: Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կանաչադեղնավուն, կանաչամանուշակագույն: Ծաղկում է հունիս֊հուլիսին: Պտուղը բազմաթիվ, հարթ սերմերով տերևապտուղ է: Դեղաբույս է. կեղևը պարունակում է սրտային գլիկոզիդներ, աղաղանյութեր, ճարպեր, խեժ և այլն: Կեղևը հավաքում և չորացնում են վաղ գարնանը (հյութաշարժի ժամանակ): Թունավոր է, կաուչուկատու և գեղազարդիչ:

ՇՈՒՇԱՆ (Lilium), շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 90 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Շ. Շովիցի (Լ. szovitsianum) և Շ. հայկական (Լ. armenum): Տարածված է Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում:

Սոխուկը թեփուկավոր է Ցողունը չճյուղավորվող է, կանգուն, տերևապատ, բարձր.՝ 100-110 սմ: Տերևները հերթադիր են, նշտարաձև: Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ խոշոր, դեղին՝ շագանակագույն բծերով: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը բազմասերմ տուփիկ է: Մեղրատու է և գեղազարդիչ:

Շ-ի որոշ տե-սակներ (սպիտակ և չինական Շ-ներ, վագրաշուշան և այլն) ու սորտեր մշակվում են նաև ՀՀ-ում՝ որպես գեղազարդիչ բույսեր:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՇՈՒՇԱՆԲԱՆՋԱՐ (Chaerophyllum), ղմի, քեղակարոս, շնախոտ, եխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա կամ երկամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 40, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝Շ. ոսկեզօծ (C. aureum), Շ. վարդագույն (C. roseum), Շ. խոշորապտուղ (C. macrospermum), Շ. սոխուկավոր (C. bulbosum) և Շ. երկարամազ (C. crinitum): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և այլ մարզերում: Աճում է անտառներում, անտառեզրերին, բացատներում, թփուտներում, լեռների խոտածածկ լանջերին: