Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

75°, դեկտեմբերին՝ 27°: Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1600-2800 ժ է, արեգակնային ճառագայթումը՝ 1.35-1.7 կալ/սմ²: Առավելագույն արևոտ օրեր դիտվում են Սևանի ավազանում: Ջերմաստիճանների առավելագույն լայնույթը՝ 91°C, բացարձակ նվազագույնը՝ -42°C (Պաղակն գ., հաշվարկայինը՝ -46°C), առավելագույնը՝ 45°C (Թավրիզ):

Ցուրտ տարեշրջանին մթնոլորտի շրջանառությունը Հ. լ.-ում պայմանավորված է Ատլանտիկայի ցիկլոնային, արկտիկ սառը և Կենտրոնական Ասիայի բարձր ճնշման մարզերով: Ձմեռը միջնաշխարհում երկարատև, ձնառատ ու սառնամանիքային է: Լեռներում մոլեգնում են քամին (7-8 մ/վ) ու ձնախառն բուքը, փակվում են լեռնանցքները: Երբեմն արկտիկ սառը օդային հոսանքները շրջանցում են Կովկասյան լեռնաշղթան կամ լեռնանցքներով թափանցում Հ. լ., առաջացնում բարձր ճնշման դաշտ՝ խիստ սառնամանիքներ: Բարձրադիր գոգավորություններում՝ Կարնո, Կարսի, Աշոցքի և այլ վայրերում, ձևավորվում են անտիցիկլոնային օջախներ, և օդի նվազագույն ջերմաստիճանն իջնում է մինչև -46°C (Կարս):

Հ. լ.-ի կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի նաև ռելիեֆի տեղադիրքը: Եզրային լեռնաշղթաները խոչընդոտում են խոնավ օդային զանգվածների ներխուժումը, այդ պատճառով տեղումները հիմնականում թափվում են Հ. լ.-ի արտաքին լանջերին: Ձմռանը սառը օդը երկար ժամանակով կուտակվում է Արարատյան, Նախիջևանի, Ալաշկերտի, Շիրակի գոգավորություններում, որի հետևանքով նկատվում է ջերմային շրջադասություն:

Տաք տարեշրջանին Հ. լ. գտնվում է արևադարձային օդային զանգվածների ոլորտում: Ցածրադիր գոգավորություններում օդի առավելագույն ջերմաստիճանը 43-45°C է, հարաբերական խոնավությունը՝ 10-15 %, առաջանում են երաշտներ: Հաճախ վաղ գարնանն արևադարձային օդի ներխուժումն առաջացնում է ձնհալք, որն ուղեկցվում է ջրհեղեղներով: Ամռանը Հ. լ. գտնվում է Առաջավոր Ասիայի մթնոլորտային ցածր ճնշման դաշտում, թուլանում է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը, զարգանում են տեղային օդերևութաբանական երևույթները:

Գոգավորություններում լեռնահովտային քամիների արագությունը հասնում է 15-20 մ/վ: Առավել տեղումներ լինում են գարնանը, մասամբ՝ աշնանը: Տեղաբաշխման օրինաչափությունն է արմ-ից արլ., հս-ից հվ. քանակի նվազմամբ: Միջին բարձրությունների դեպքում՝ 400-600 մմ, եզրային լեռնաշղթաների արտաքին լանջերին՝ 1000-3000 մմ, Արարատյան, Նախիջևանի, Ուրմիայի գոգավորություններում՝ 200-300 մմ: Ձյան շերտի հաստությունը՝ 5 սմ-2 մ, հաստատուն ձնածածկը՝ 1300-1600 մ-ից, հավերժ ձյան սահմանը՝ 4200 մ-ից: Բնորոշ են ամպրոպները, որոնք ուղեկցվում են հորդառատ անձրևներով ու կարկուտներով: Հաճախակի են սելավները, սովորական՝ ցրտահարությունները:

Ներքին ջրերը: Հ. լ. ինքնատիպ ջրաբանական հանգույց է. այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր գետերը: Գետերը լեռնային բնույթի են՝ մեծ անկումով, սրընթաց, սահանքներով ու ջրվեժներով, ձկնառատ: Պատկանում են Սև (Գայլ, Ճորոխ), Կասպից (Արաքս, Կուր), Միջերկրականի (Կիլիկիայի գետերը) ծովերի, Պարսից ծոցի (Տիգրիս, Եփրատ), Վանա (Բերկրի, Արճեշ, Խոշաբ) և Ուրմիա լճերի ավազաններին: Սնումը խառն է:

Խոշոր գետերը սկիզբ են առնում Հայկական հրաբխային բարձրավանդակից, հոսում դեպի եզրամասեր, խոր կիրճերով ճեղքում լեռները, դուրս գալիս շրջակա հարթավայրեր, որտեղ համեմատաբար դանդաղահոս են՝ լայն ու գալարուն: Գետերի ռեժիմն անկայուն է՝ պայմանավորված սնման աղբյուրներով. վարարում են գարնանը՝ ապրիլ-հունիսին, մասամբ՝ աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին: Հ. լ.-ի հս. շրջաններում, տեղումների համեմատաբար առատության պայմաններում, գետերի սնման ռեժիմն ավելի կայուն է: Ըստ բարձրության և տեղումների ավելացման՝ մեծանում է գետերի հոսքի մոդուլը (մինչև 30-35 լ/վ կմ²): Տարածված են ժամանակավոր գործող հեղեղատները, որոնց և փոքր գետերին բնորոշ են սելավային երևույթները:

Հ. լ.-ի լճերը տեկտոնական (Ուրմիա, Ծովք), տեկտոնահրաբխային (Վանա, Սևանա, Ծովակ, Արփի, Գայլատու), հրաբխային (Նագիկ, Մադաթափա, Խանչալի, Խոգապին, Փարվանա), խառնարանային (Նեմրութ, Աժդահակ, Արմաղան), սառցադաշտային (Ալ, Սև, Քարի, Կապույտ), սողանքային (Պարզ) ծագման են: Տարածքում են Քեբանի, Ախուրյանի, «Արաքս» ջրահանգույցի, Սպանդարյանի, Տոլորսի, Ապարանի, Մանթաշի, Կեչուտի և այլ ջրամբարներ: Արտեզյան ջրերի հարուստ պաշարներ կան Միջինարաքսյան, Շիրակի, Լոռու, Վանի, Սևանի, Բայագետի գոգավորություններում, Թավրիզի, Ալաշկերտի, Մարանդի դաշտերում:

Վերընթաց լանդշաֆտային գոտիները: Հ. լ.-ի բնության փոփոխությունները՝ ըստ վերընթաց գոտիականության, դեռևս V դարում նշել է պատմահայր Մովսես Խորենացին: Լանդշաֆտը աշխարհագրական թաղանթի ինքնատիպ համալիր է, որտեղ միահյուսված են երկրաբանական հիմքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուսականությունը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը: