երկսեռ, խողովակավոր, հետագայում՝ դեղին: Զամբյուղը շրջապատված է անկանոն շարքերով դասավորված թաղանթաեզր թերթիկներով: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը գլանաձև, հիմքում սեղմված, երկարավուն կողերով սերմիկ է:
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, ֆլավոնիդներ, ալկալոիդներ, աղաղանյութեր և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, հակաբորբոքային, որոշները՝ միջատասպան (պարունակում են պիրեթրին, ցիներին և այլն) միջոց: Թունավոր է խոշոր եղջերավոր անասունների համար: Գեղազարդիչ է:
Կոչիի Տ. հազվագյուտ տեսակ է: Հանդիպում է միայն Վայոց ձորի (Խաչիկ և Գնիշիկ գ-երի միջև) և Սյունիքի (Խուստուփ և Կապուտջուղ լեռներ) մարզերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն հոդվածում:
ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ՍՊԻՏԱԿ ՍՈՒՆԿ (Pleurotus eryngii), կայսերական սունկ, բազիդիավոր սնկերի ականջասնկայինների ընտանիքի տեսակ: ՀՀ-ում հանդիպում է Երևանի շրջակայքում՝ հովանոցավոր բույսերի (երնջնակ, նարդես) արմատների կամ մահացած ցողունների վրա՝ գարնանը (1300-1800 մ բարձր-ներում):
Գլխարկը (տրամագիծը՝ 8-15 սմ) տափակ է կամ ուռուցիկ, թեթևակի կողքային, սպիտակ, դեղնամոխրագույն, հարթ կամ թեփուկավոր, մսալի: Պտղամիսը սպիտակ է, ամուր, հաճելի համով և հոտով: Թիթեղներն սպիտակ են՝ վարդագույն երանգով, նոսր և լայն իջնում են ոտիկի վրա: Ոտիկը (երկար.՝ 3-5 սմ, հաստ.՝ 1-2 սմ) ապակենտրոն է, երբեմն՝ կողքային, սպիտակավուն, ամուր:
Քիչ տարածված, ուտելի, համեղ սունկ է: Օգտագործվում է թարմ, աղ կամ թթու դրած: Մի շարք երկրներում աճեցվում է արհեստականորեն:
ՏԱՓՈԼՈՌ (Lathyrus), ճպռուկ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հիմնականում՝ թփերի ցեղ: Հայտնի է ավելի քան 100, ՀՀ-ում 16(18) տեսակ՝ Տ. պալարավոր (L. tuberosus), Տ. անտառային (L. sylvestris), Տ. մարգագետնային (L. pratensis), Տ. նեղատերև (L. leptophyllus) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է անտառներում և անտառեզրերին, թփուտներում, առվակների ափերին, այգիներում, աղբոտում ցանքերը և այլն:
Ցողունն ուղիղ է կամ ճյուղավորվող, կառչող, բարձր.՝ 25-100 սմ: Տերևները զույգփետրաձև են, բեղիկներով: Ծաղկաբույլը ողկույզ է (երբեմն ծաղիկները մեկական են՝ տերևանութերում), վարդագույն, բաց մանուշակագույն, կապտամանուշակագույն, դեղնավուն, կարմրավուն և այլն: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը մերկ կամ թույլ թավոտ ունդ է: Սերմերը սեպաձև են, հարթ կամ կնճռոտ, սպիտակ, գորշ, դարչնագույն: Միամյա տեսակներից մշակության մեջ տարածված են Տ. ցանովին կամ սովորականը (L. sativus), Տ. կարմիրը (L.cicera) և Տ. տանժերին (L.tingitanus): Սննդ. ու կերային հատկանիշներով առավել արժեքավոր է մշակովի Տ. (հայտնի է ճուլպան, մրտուկ, խոբու, խալար անուններով): Գարնանացան է, սերմերը ծլում են 2-3°C ջերմաստիճանի պայմաններում, ծիլերը կարող են դիմանալ -11°C-ից -13°C սառնամանիքներին: Չորադիմացկուն է: Սերմերն օգտագործում են սննդի մեջ, դրանցից կարելի է ստանալ բուս․ սոսինձ: Մշակում են կանաչ կեր, խոտ և սիլոս ստանալու համար: ՀՀ-ում կարելի է մշակել տափաստանային գոտում:
Կերային (կանաչ զանգվածը, խոտը, հատիկը, ծղոտը, խոտալյուրը), գեղազարդիչ և մեղրատու է: Սերմերից ստանում են սոսինձ, որն օգտագործում են նրբատախտակ պատրաստելիս, ավիացիոն, տեքստիլ և արդ-յան այլ ճյուղերում:
Տ. խաղողանմանը (L. vinealis) հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանի շրջակայքում, աճում է չոր, խճոտ լանջերին, գիհու նոսրանտառներում (ստորին և միջին լեռն․ գոտիների). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՏԱՔԴԵՂ (Capsicum), ծիծակ, պղպեղ, բիբար, պատիճապղպեղ, մորմազգիների ընտանիքի բազմամյա (մշակության մեջ՝ միամյա) բանջարաբույսերի ցեղ: Հայտնի է 4, ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝ Տ. պատիճավոր կամ դարապղպեղ (C. annum): Մշակվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում:
Ցողունը կանգուն է (կան նաև կիսականգուն ձևեր), ճյուղավորվող, բարձր.՝ 25-85 սմ: Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև, մուգ կանաչից մինչև բաց կանաչ: Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը 2-3-բնանի, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխ. հասունացման վիճակում՝ կանաչ, լրիվ հասունացման վիճակում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության: Սերմերը տափակ են, բաց դեղնավուն: Կան կծու և քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր: Կծվությունը պայմանավորված է կապսացին նյութի (բարձրացնում է արյան ճնշումը) առկայությամբ: Տ․