Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ C, B1, B2, P, կարոտին (A-նախավիտամին): Օգտագործվում է թարմ, եփած, խորոված, թթու դրած, պահածոների արտադրության մեջ և այլն: Տ. ջերմա-, խոնավասեր է, հողի նկատմամբ՝ պահնջկոտ: ՀՀ-ում շրջանացված սորտերից են՝ Բուլղարական 70, Փղի կնճիթ, Կայենսկի, Մոլդավիայի նվեր, Անի, Նուշ, Հայկ. կլոր, Նորք և այլն:

ՏԱՖՐԻՆԱՅԻՆՆԵՐ (Taphrinales), պայուսակավոր սնկերի դասի ներկայացուցիչներ: Հայտնի են մոտ 100 տեսակ բարձրակարգ բույսերի օբլիգատ մակաբույծներ: Ունեն օրգանոտրոպ ազդեցություն․ ախտահարում են որոշակի օրգաններ՝ արտազատելով ֆիտոհորմոններ, առաջացնում ձևափոխություններ:

ՀՀ-ում տարածված են տաֆրինա սալորի (Taphrina pruni)՝ սալորի պտուղների «գրպանիկ», տաֆրինա ձևախախտող (Taphrina deformans)՝ դեղձենու տերևների գանգրություն հիվանդությունների հարուցիչները: Ուռենու ճյուղերի վրա Տ. առաջացնում են «կախարդի ավել» հիվանդությունը, որի ժամանակ առաջանում են կարճացած, առատ ճյուղավորված, մանր տերևներով ընձյուղների խիտ կուտակումներ: Վարակում են առավելապես վարդազգի, ուռազգի, կեչազգի, հաճարազգի, թեղազգի, թխկազգի բույսերին: Միամյա կամ բազմամյա միցելիումը զարգանում է բույսի հյուսվածքներում, ձմեռում է վարակված բույսի բողբոջներում, ընձյուղներում կամ կեղևի վնասվածքներում: Սեռ. սպորատվության ընթացքում առաջանում են պայուսակները՝ պայուսակասպորներով:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐ, արդ-յան տարբեր ճյուղերում որպես հումք (տարբեր մասեր) օգտագործվող բույսեր: Ստորաբաժանվում են մի քանի խմբերի, շաքարատու (շաքարի մակնդեղ, շաքարեղեգ), ձիթատու (արևածաղիկ, ձիթենի, տզկանեփ, գաթի ծաղիկ, քունջութ, սոյա, խաշխաշ, կտավատ, մանանեխ, սորուկ, սևուկ, գետնանուշ, հլածուկ, եղրիզենի և այլն), թելատու (բամբակենի, կանեփ, կենաֆ, թելատու կտավատ, շնամեռուկ և այլն), եթերայուղատու (անիսոն, գինձ, դաղձ, վարդենի, խորդենի, քեմոն, եղեսպակ, ռեհան, բրաբիոն, հասմիկ, նարդոս և այլն), նարկոտիկ (ծխախոտ, մախորկա, խաշխաշ և այլն), ներկատու (տորոն, քրքում, լրջուն, սոֆորա, սև փիփերթ և այլն), օսլայատու (կարտոֆիլ, բաթաթ), խցանատու (թավշածառ), կաուչուկատու (հևենի, կոկսագիզ, գվայուլա), գուտապերչատու (իլենի), աղաղող (դրախտածառ, կվենի, եղևնի, բադան), դեղատու (կատվախոտ, մատնոցուկ, մահամորմ, խնկենի, կյանքի արմատ և այլն), միջատասպան (երիցուկ): Որոշ Տ. բ-ից ստանում են տարբեր նյութեր, օրինակ՝ բամբակենուց, կանեփից, կտավատից, բացի թելից, ստանում են նաև ձեթ, քեմոնից, անիսոնից՝ եթերայուղ և ձեթ, տորոնը ներկատու և դեղաբույս է և այլն: Կան բույսեր, որոնք Տ. բ-ի խմբին չեն պատկանում, բայց դրանց բերքը հումք է արդ-յան շատ ճյուղերի համար (կարտոֆիլից ստանում են օսլա, սպիրտ, եգիպտացորենից՝ ձեթ, օսլա, սպիրտ, խաղողաշաքար, գարին օգտագործվում է գարեջրի արտադրության մեջ և այլն):

ՏԵՐԵՎԱՊՏԵՐ (Phyllitis), եղջերալեզու, արծվաճանկ, ձողկենի, բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա բույսեր (պտերներ): Հայտնի է 9, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Տ. ձասանդրային (P. scolopendrium): Տարածվածն Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Լոռու մարզերի միջին և ստորին լեռն․ գոտիների ստվերախիտ անտառներում և ստվերոտ ժայռաճեղքերում:

Արմատները կարճ են: Տերևները կաշեկերպ են, ամբողջական կամ թեթևակի բլթակավոր, կոթունները՝ թեփուկապատ: Բազմանում է ամռան երկրորդ կեսին՝ սորուսներով, որոնք գծաձև են և փոխզուգահեռ դասավորված տերևների ստորին երեսին:

Դեղաբույս է. օգտագործվում է ժող. բժշկությունում և հոմեոպաթիայում:

ՏԵՐԵՎԱՏ (Daphne), գայլահատ, դափնյակ, գոճմակ, գայլախոտ, գոճմակազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Տ. անդրկովկասյան (D.transcaucasica), Տ. լերկատերև կամ կնձիկավոր (D. glomerata), Տ. սովորական (անտառային) կամ մահացու (D.mezereum), Տ. կովկասյան (D. caucasica), Տ. նեղատերև (D. angustifolia): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին և վերին լեռն․ գոտիներում, ենթալպյան նոսրանտառներում: Աճում է խոնավ և ստվերոտ վայրերում, քարքարոտ թեքությունների վրա և այլ վայրերում:

Ցողունը գորշավուն կեղևով է, տերևակոթունների հետքերով ծածկված ճյուղերով, բարձր.՝ 50 սմ-ից մինչև 1,5 (2, երբեմն՝ 3) մ: Տերևները թույլ թավոտ են, հերթադիր կամ հակադիր, մանր, երկարավուն-էլիպսաձև, կաշեկերպ: Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն կամ դեղին, տհաճ հոտով: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը վառ կարմրավուն, թունավոր, հյութալի կորիզապտուղ («հատապտուղ») է: Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ, շաքար, սապոնիններ, դեղին ներկանյութ և այլն: Պատրաստուկները (պտղի և կեղևի) օգտագործում են խիթերի, ստամոքսաղիքային և մաշկ․ որոշ հիվանդությունների, հոդաբորբերի (ռևմատիզմ, պոդագրա), այտուցների ժամանակ: Գեղազարդիչ է և մեղրատու:

ՏԵՐԵՓՈՒԿ (Centaurea), բարդածաղկավորների (աստղածաղկազգիներ)